Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն այսօր նշում է տարեդարձը
Նմանատիպ
Այսօր լրանում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 13-ամյակը։ Գործունեության 13 տարիների ընթացքում նվագախումբը՝ իր հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հանդես է եկել աշխարհի ամենահեղինակավոր բեմերում, ելույթ ունեցել մեծանուն մենակատարների հետ, Հայաստանում նպաստել դասական երաժշտության հանրայնացմանը, մեծ աշխատանք ծավալել հայկական երաժշտական ժառանգության պահպանման ու աշխարհում տարածման ուղղությամբ։
Նվագախմբի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ 2019 թվականին նույնպես սպասվում է հագեցած աշխատանք ու համերգային գործունեություն։ 2019-ին նվագախումբը իր աշխատանքներում ներգրավելու է ականավոր արտիստների, երաժշտական աշխարհում հեղինակություն վայելող հոդվածագիրների։ Սերտացվելու է համագործակցությունը դասական երաժշտության ոլորտում հայտնի առցանց և տպագիր միջազգային մեդիա ռեսուրսների հետ՝ Mezzo TV, Medici TV և այլն։
2019թ. ընթացքում կանցկացվի նաև «Մերօրյա լեգենդներ» կոմպոզիտորական փառատոնը, որն այս տարի նվիրվելու է հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին։ Ներկայացվելու է Մանսուրյանի սիմֆոնիկ երաժշտությունը, որը Հայաստանում քիչ է հնչում, բայց մեծ համբավ ունի աշխարհում։ Մաեստրո Մանսուրյանի Թավջութակի կոնցերտը Երևանում կկատարի իտալացի աշխարհահռչակ թավջութակահար Մարիո Բրունելոն։ Հատուկ համերգային ծրագիր կնվիրվի Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությանը. այն ներկայացվելու է սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Առաջին անգամ կկատարվեն բնօրինակ, կոմպոզիտորի կողմից հաստատված տարբերակները և ոչ թե փոխադրումները։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը շարունակում է որպես պաշտոնական նվագախումբ հանդես գալ Խաչատրյանի միջազգային մրցույթի ընթացքում, որն այս տարի նույնպես հոբելյանական է. նշվելու է մրցույթի 15-ամյակը։
Իսկ տարին կամփոփվի հետաքրքիր անակնկալով, որը որպես Ամանորի նվեր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կմատուցի իր սիրելի ու հավատարիմ ունկնդիրներին։
2019 աշխատանքների մասին մանրամասն՝ այստեղ։
Աղբյուր՝ Panorama.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում