Ռումինիայի հայ համայնքում նշվել է Հանրապետության օրը
Նմանատիպ
Մայիսի 26-ին Բուխարեստում տեղի ունեցան Հանրապետության տոնին նվիրված միջոցառումներ, որոնք համատեղ կազմակերպել էին Ռումինիայում Հայաստանի դեսպանությունը, Ռումինիայի Հայոց թեմը եւ Ռումինիայի Հայոց միությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում մատուցված պատարագից եւ Սարդարապատի հերոսամարտի ոգեկոչումից հետո ծաղկեպսակներ զետեղվեցին Զորավար Անդրանիկի հուշարձանին:
Տոնական միջոցառումները շարունակվեցին «Դուդյան» մշակութային կենտրոնում բացված ցուցադրությամբ, որում ներկայացված էր Հայաստանի առաջին Հանրապետության եւ Ռումինիայի միջեւ դիվանագիտական գրագրության, Բուխարեստում Հայաստանի հյուպատոսության կողմից տրամադրված անձնագրերի, կացության քարտերի, շրջակա երկրներում հայկական դիվանագիտական հիմնարկների արխիվային փաստաղթերի եզակի հավաքածու:
Ցուցադրությանը հաջորդեց հանդիսավոր միջոցառում, ուր ելույթներով հանդես եկան Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայի էկոնոմիկայի նախարար, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը եւ Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ Տ.Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանը: Օրվա հիմնական բանախոս, ճանաչված գրող եւ լրագրող Վարդան Առաքելյանն արխիվային հետազոտությունների հիման վրա, որ նա ամփոփել է այս տարի լույս տեսած իր «Պատմությունը եւ իր ուրվականները. Հայկական հարցը ռումինական դիվանագիտական արխիվներում» աշխատության մեջ, մանրամասներ ներկայացրեց 1920թ. Ռումինիայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ Բուխարեստում Հայաստանի Գլխավոր/պատվավոր հյուպատոսության գործունեության վերաբերյալ:
Միջոցառումն ուղեկցվեց գեղարվեստական ծրագրով. ելույթ ունեցան երգչուհի Վիկտորյա Պետրոսյանը եւ Ռումինահայոց միության «Վարդավառ» պարախումբը: Օրվա խորհրդին ընդառաջ Բուխարեստի «Արարատ» հրատարակչության կողմից տպագրվել էր «Հայաստանի առաջին հանրապետություն, 28 մայիս 1918» վերտառությամբ գրքույկ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում