Ինքնախոստովանություն

Ինքնախոստովանություն

Դուք միշտ խոսում եք ինքներդ Ձեզ հետ: Դուք Ձեզ պատմում եք օրվա անցուդարձի, անելիքների, տպավորությունների մասին: Լինում է, որ մտքում վիճաբանում եք Ձեզ վիրավորած մեկի հետ՝ նրա երևակայական հակադարձումները հորինելով և դրանց վրդովված պատասխանելով և կամ քննադատում եք ինքներդ Ձեզ այս հանգամանքում, այն մարդու հետ ոչ ճիշտ պահվածքի կամ կատարած մի քայլի, արարքի համար, որը գուցե այլ կերպ պետք է դրսևորվեր:

Չե՞ք հոգնել այդ շատախոսությունից: Չե՞ք ձանձրացել ինքնախոսակցության աղմուկից և մտքերի խառնաշփոթից: Լռություն ու հանգիստ չե՞ք ուզում: Բազմաթիվ նախադասություններով ծանրաբեռնված մտածմունքների գերլարված վիճակն անդորրի ու դադարի անհրաժեշտությունն ունի: Երբ մտքում խոսում եք, բացակայում եք տվյալ պահի իրողությունից՝ կա՛մ կատարված մի իրադարձության մտային պատկերի մեջ եք, կա՛մ եկող դեպքերի ենթադրական զարգացումների մեջ, կա՛մ վերացական մի մտային տարածության, որը ժամանակային ոչ մի ձևին չի վերաբերում, ներկայի մեջ չլինելու ընդդարմացած վիճակ է:

Այդ ներքին խոսակցությունը միայն նախադասություններով չի սամանափակվում, այլ ուղեկցվում է բազմաթիվ պատկերներով ու մտացածին տեսարաններով: Անընդհատ խոսակցության, խոսքերի հեղեղի մեջ Ձեր գլխի ներսը նման է չանջատվող հեռուստացույցի, որը մշտապես բարձրաձայն խոսում է: Այս ամենի մեջ արտասովորն այն է, որ իրար հաջորդող ինքնախոսակցությունները, մենախոսությունները, նախադասությունների հորձանքը Դուք չեք ղեկավարում: Դրանք ծագում են մեկը մյուսի հետևից առանց կարգ ու կանոնի, առանց Ձեր կամքը հաշվի առնելու, և դրանց վնասը կյանքի տվյալի պահի ապրումը խաթարելն է:

«Ներկա» բառը «բացակա» բառի հականիշն է: Եվ ժամանակային առումով նույնպես ներկան նշանակում է լինել տվյալ տեղում հենց այս պահին: Մինչդեռ մտքերի անվերահսկելի հոսքը մարդուն անջատում է ներկայից, նրա կյանքի իրական պահի ապրումները վերացնում: Մարդու վիճակը պայմանավորված է իր ներքին խոսակցությամբ, որ կողմն այն ուղղվում է, այնտեղ էլ և գտնվում է մարդու գիտակցությունը: Ուրեմն, մարդը կարող է սենյակում նստած, մի տեղում կանգնած լինել, մի խմբի, շրջապատի մեջ գտնվել երևութականորեն, բայց իրականում ամբողջովին անջատված լինել ներկայից և գիտակցությամբ գտնվել մի այլ, մտային աշխարհում:

Երբեմն մտքում պատկերը կարող է գալ նախադասությունից, խոսակցությունից առաջ, և այդ պատկերով սկսվի մարդու մենախոսությունն ինքն իր հետ: Սովորաբար, մեղքերը նույնպես մեղավոր պատկերների և դրանց շուրջ ինքնախոսակցության, այդ պատկերներին խոսքով հավանություն տալու հետևանք են: Այսպիսով, մի կողմից ինքնախոսակցության մաքրությունից է նաև կախված մարդու բարոյական մաքրությունն ու վեհությունը, մյուս կողմից՝ այդ ինքնախոսակցությունը հաճախ խանգարում է մարդուն իրականության մեջ լինել և ներաշխարհի հանգստությունն է խախտում:

Ինչի՞ց է առաջանում այս իրադրությունը: Կարելի է բացատրել հետևյալ կերպ: Մեր աչքերով մենք կարծես նայում ենք դեպի արտաքին աշխարհ և դեպի ներքին աշխարհ: Դրա համար էլ մեր տեսողությունն այլաբանական ձևով կարող ենք բնութագրել «ներքին և արտաքին աչքեր» արտահայտությամբ: Ինքնախոսակցության պարագայում մարդը ներքին աչքերով ինչ-որ պատկեր, շարժանկար, մտքում էկրանավորված մի սցենարի գործողություն է տեսնում ու սկսում դրա շուրջը դատողություններ անել: Այսպիսով, վերոնշյալի ամփոփումն է՝ Ձեր մտավոր հայացքի առջև հառնում են նկարներ ու պատկերներ, դրանց շուրջը հյուսվում ինքնախոսակցություններ, որոնք հաճախ լինում են առանց Ձեր կամքի: Սակայն մտային խառնաշփոթ անցուդարձը Դուք կարող եք կարգավորել և Ձեր օգտին ծառայեցնել ու ոչ թե ինքներդ գտնվել դրանց ազդեցության ու ճնշումների տակ:

Քրիստոս ասում է. «Մարմնի ճրագը աչքն է. եթե քո աչքը պարզ է, քո ամբողջ մարմինը լուսավոր կլինի: Իսկ եթե քո աչքը պղտոր է, քո ամբողջ մարմինը խավար կլինի: Եվ արդ, եթե քո մեջ եղած լույսը խավար է, ապա խավարը` որչա՜փ ևս ավելի» (Մատթ. 6.22-23): Այս խոսքերը նախ նշանակում են, որ երբ մարդ կորցնում է տեսողությունը, իր համար և՛ աշխարհը, և՛ իր մարմինը ընկղմվում են խավարի թագավորություն: Եվ եթե այդպես է մարմնավոր տեսանկյունից, ուրեմն առավել ևս երբ հոգևոր աչքը կուրանում է, երբ հոգու լույսը հանգչում է, խավարի իշխանն է դառնում մարդու ներաշխարհի տիրակալը: Ավետարանական այս ասույթից կարող ենք նաև հետևյալ խրատն ունենալ: Ճրագը լուսավորում է այնտեղ, որտեղ ուղղում ենք դրա լույսը, և ցույց է տալիս այդ կողմում գտնվող ճանապարհը, իրերը, առարկաները, շրջապատը: Այսպես էլ մենք, որ կողմն ուղղում ենք մեր ներքին աչքերի տեսողության լույսը, մտքերի ուղղվածությունը, այնտեղ էլ և բևեռվում է մեր ուշադրությունը:

Դուք կարող եք ղեկավարել Ձեր ներքին տեսողությունը, ուղղորդել ըստ կամքի, հարկավոր ուղղությամբ, ինչպես որ ճրագն են շարժում ու լուսավորում այն կողմը, որն ուզում են տեսնել: Երբ մտավոր պատկերներում ու ներքին խոսակցություններում խառն իրավիճակ է տիրում, կարող եք անմիջապես դադարեցնել դա՝ Ձեզ հարկավոր պատկերը առաջ քաշելով և դրան նայելով: Մյուս անցանկալի պատկերներն անմիջապես կանհետանան, կլռեն նաև դրանց վերաբերյալ մենախոսությունները: Այս կերպ Դուք Ձեր միտքն աշխատեցնում եք Ձեզ համար կարևոր ուղղությամբ: Կամքի համաձայն բերված պատկերն օգտակար կլինի, եթե վերաբերի Ձեր նպատակին, դրա վերջնական իրագործված վիճակին: Նպատակի կամ ծրագրի ավարտուն ու ցանկալի պատկերումը արթուն է պահում գործելու վճռականությունը, դառնում խթան համապատասխան կարևոր քայլեր կատարելու, մտային ոլորտում գծագրվածն իրականություն դարձնելու:

Նույն կերպ կարելի է նաև աղոթքի տրամադրել միտքը, ցանկալին պատկերացնել և դրա համար Աստծո օգնությունը խնդրել: Այս առումով աղոթքի պարագայում մեկ բացառություն կա: Եթե խնդրանքները, ցանկություններն աղոթքի մեջ կարելի է մտավոր հայացքով տեսնել, ապա եկեղեցական Հայրերը ճիշտ չեն համարում Աստծուն պատկերացնելը, երևակայական դիմանկարներ ստեղծելը, որովհետև աստիճանաբար կստացվի, որ աղոթում ես ոչ թե Աստծուն, այլ քո ստեղծած պատկերին: Դրա համար աղոթքի ժամին Աստծուն պետք չէ պատկերացնել, այլ՝ հոգևոր հայեցողությամբ Աստծո հետ հաղորդակցությունը զգալ:

Մտքի շփոթ վիճակը կարելի է նաև կարգավորել ներկայի վրա կենտրոնանալով՝ առարկաները, մարդկանց, ձայները, սեփական շունչը, եղածները դիտարկելով, ներկան ապրելով: Ըստ կամքի միտքն ուղղորդելու արդյունքում դադարում են ավելորդ ինքնախոսակցությունները, անցանկալի պատկերները, հնարավոր է դառնում ներաշխարհի լռությունն ու անդորրը, ներկայի վայելքը, աղոթքի կենտրոնացումը, նպատակի իրագործման ուղղությամբ մտորումն ու արդյունավոր գործելը: Կարգավորեք Ձեր մտավոր աշխարհի անցուդարձերը, կառավարեք Ձեր մտքերը, ղեկավարեք ներքին տեսողությունը, և առավել հանգիստ վիճակ, նոր հաջողություններ և ուրախալի ձեռքբերումներ կունենաք Ձեր կյանքում:

Աղբյուր՝ Christianity4all.com։

Հետևեք մեզ նաև Telegram-ում