Խաչիկ Ասրյանը՝ Սյունիքի մարզպե՞տ

Իշխանական կուլիսներում քննարկվում է մի քանի մարզպետների պաշտոնանկության հարցը։ Այս մասին գրում է«Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում.

«Ըստ Հանրապետական կուսակցության մեր աղբյուրների՝ այդ հարցը կլուծվի մինչեւ հունիսի վերջ։ Ավելին, իշխանական կուլիսներում արդեն փոխարինողների անուններ են նշվում։ Դեռ ԱԺ անցած քառօրյայի ընթցքում խոսվում էր, որ Տավուշի ՀՀԿ-ական մարզպետ Արմեն Ղուլարյանի փոխարեն նշանակվելու է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Գագիկ Մելիքյանը։ Ու թեեւ Մելիքյանի կուսակից ընկերները ոչ պաշտոնապես նշում են, որ հենց նա է Տավուշի մարզպետ նշանակվելու, սակայն վերջինս մեզ հետ զրույցում խուսափում էր հաստատել տեղեկությունը։

Իշխանական շրջանակներում խոսվում է նաեւ, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին փոխարինելու հավակնություններ ունի սպորտի փոխնախարար Խաչիկ Ասրյանը։ Վերջինիս հետ արդեն մի քանի օր է մեզ չի հաջողվում կապ հաստատել…

Առայժմ հստակ որոշված չէ, թե ով է փոխարինելու Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին։ Ըստ մեր աղբյուրների՝ շրջանառվում են մի քանի անուններ, բայց որոշումը թերեւս կկայացվի այս կամ հաջորդ շաբաթ կայանալիք ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ…»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Հետևեք մեզ նաև Telegram-ում