Վահրամ Աթանեսյան. «Ադրբեջանի ղեկավարությունը շատ վտանգավոր գործելաոճ է որդեգրել»

«Հայոց Աշխարհ»-ը զրուցել է ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի հետ: Վերջինիս կարծիքով. «վերջին շրջանում Ադրբեջանի ղեկավարությունը շատ վտանգավոր գործելաոճ է որդեգրել՝ փորձում է գործընթացը տեղափոխել համաշխարհային ուժային բևեռների հակասությունների հարթություն։ Այսինքն, ինչպես ի սկզբանե՝ 1921թ. Ղարաբաղյան հիմնախնդիրը լուծվեց երրորդ երկրների «վերդիկտով», այսօր էլ պաշտոնական Բաքուն փորձ է անում գտնել մի ատյան, երկիր կամ երկրների դաշինք, որտեղ կարող է իր տեսակետը գերակա լինել, և որը կարող է պարտադրել լուծումներ։ Իսկ սա շատ վտանգավոր է տարածաշրջանի համար»:

Դիտարկմանը, թե Հայաստանում ընտրական փուլն ավարտվել է, մինչև հաջորդ ընտրաշրջան 4 տարի կա։ Հնարավո՞ր է, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո համանախագահները «նոր եռանդով» լծվեն ստատուս քվոյի փոփոխությանը՝ գործընթացը տեղափոխեն ակտիվ բանակցությունների փուլ, Վ. Աթանեսյանը պատասխանել է. «Նախ, հիշեցնեմ արտգործնախարար Է.Նալբանդյանի վերջին հայտարարությունը, որ Հայաստանը պատրաստ է ընդունել հիմնարար սկզբունքները որպես բանակցությունների հիմք։ Պաշտոնական Բաքվի համար դա, պատկերավոր ասած, պարզ երկնքում ամպրոպ էր, որովհետև մինչ այդ Բաքուն գոնե քարոզչական մակարդակով շահարկում էր, թե Ադրբեջանն ընդունում է Մադրիդյան սկզբունքները, Հայաստանը՝ մերժում։ Հիմա ադրբեջանական կողմը փորձում է քարոզչական ֆոն ստեղծել, թե դա այնքան էլ այդպես չէ՝ Հայաստանը միայն խոսքով է ընդունում այդ սկզբունքները, գործնականում՝ ոչ։ Զուգահեռաբար Ադրբեջանը գործի է դրել քարոզչական բոլոր հնարավորությունները, որպեսզի հերթական անգամ խեղաթյուրված ներկայացվեն այդ սկզբունքները»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում