Վարչապետը ներկայացրել է 2012-ի բյուջեի կատարողականը

Ազգային Ժողովում այսօրվանից մեկնարկում են 2012թ-ի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները, ըստ ոլորտների, ԱԺ գլխադասային հանձնաժողովներում: Ավանդույթի համաձայն քննարկումների մեկնարկը տվել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով իր ելույթում ուրվագծել է անցած տարված պետբյուջեի կատարման հիմնական մեխերը:

Ինչպես հայտնում է Panorama.am-ը’ 2012 -ն գրանցվել է 7.2 տոկոս տնտեսական աճ: Արձանագրվել է նաև 7.4 տոկոս բյուջեի եկամուտների անվանական աճ, իսկ ծախսերի գծով անվանական աճը կազմել է 2 տոկոս: Իսկ ահա 12 ամսյա գնաճը կազմել է 3.2 տոկոս:

Վարչապետի խոսքով’ տնտեսության չորս հիմնական ճյուղերում գրանցվել են աճի ցուցանիշներ’ արդյունաբերության իրական աճը կազմել է 5.7 տոկոս, գյուղատնտեսական աճը՝ 9.3 տոկոս, շինարարության աճը միայն 0.5 տոկոս և ծառայությունները աճել են 8 տոկոսով:

2012թ-ը աչքի է ընկել մի շար բարեփոխումներով.

«Հարկերի ստացման գործընթացի պարզեցում, ներդրողների պաշտպանվածություն, կազմակերպությունների լուծարման , իսկ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառումից հանելու գործընթացի պարզեցում և այլն: 2012թ-ին սկսվել է Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում էլեկտրոնային կառավարման «մեկ կանգառ, մեկ պատուհան» ծրագրի ներդրում և այսօր կադաստրի համակարգում գործարքը գրանցվում է առավելագույնը մեկ օրում’ նախկինում նվազագույնը յոթ օրվա փոխարեն»,- թվարկել է վարչապետը:
Տ.Սարգսյանը ներկայացրել է նաև պետական բյուջեի պակասուրդը: 2012թ-ի պետբյուջեն կատարվել է 59.9 մլրդ դրամ պակասուրդով՝ շեղումը հիմնականում պայմանավորված է ծախսերի կատարողականով:

Մեկ այլ աղբյուրի’ Tert.am-ի փոխանցմամբ, ՀՀ վարչապետը նշել է, որ 2012թ.-ի տնտեսության զարգացման միտումը ցույց է տվել, որ տնտեսության վերականգնման նախորդ տարիների միտումը շարունակվել է՝ հանգեցնելով մակրոտնտեսական իրավիճակի զգալի բարելավման:

Միաժամանակ, վարչապետը նշել է, որ 2012թ. արտաքին միջավայրն, այնուամենայնիվ, եթե համեմատենք 2011թ. հետ, որոշակի վատթարացում է ապրել։ «Քանի որ գործընկեր երկրներում գրանցվեց ավելի ցածր տնտեսական աճ, իսկ մետաղի գները միջազգային շուկաներում նվազման միտում ունեցան»,- ասել է նա։

«Իր հերթին արդյունաբերության աճի վրա դրական ազդեցություն է ունեցել մշակող արդյունաբերությունը, որին բաժին է ընկել արդյունաբերության բարձր աճի 1,9%-ը։ Հանքագործական արդյունաբերությունը ևս շարունակել է աճի բարձր տեմպեր ապահովել և այդ տեմպերը կազմել են 16,7%, թեև մետաղների գները այդքան էլ նպաստավոր չեն եղել, հանքագործական արդյունաբերության աճին նպաստել է 2,7%-ով»,- ասել է նա։

Վարչապետի խոսքով՝ 2012թ. արդյունքներով արդյունաբերության աճի վրա էական նպաստում է ունեցել արդյունաբերության ներսում էլեկտրականության և ջրամատակարարման ավելացված արժեքի բարձր ցուցանիշները։

«Էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման ավելացված արժեքի բարձր մակրոցուցանիշները նախորդ տարվա հետ համեմատած աճել են 9,4 և 21, 7%-ով։ Արդյունքում 2012թ. տարեվերջին արդյունաբերության կշիռը ՀՆԱ-ի ներսում կազմել է 17,2%՝ մինչճգնաժամային 2008թ. 11,3%-ի դիմաց։ Այդ ցուցանիշը ակնհայտորեն վկայում է այն մասին, որ Հայաստանում տեղի է ունենում տնտեսության դիվերսիֆիկացիա, հօգուտ ավելի արտադրողական ճյուղերի»,- ներկայացրել է վարչապետը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում