Արեգ Սարգսյան.«Մի՞թե Հայաստանի քաղաքացին հիմն փոխելու պահանջ է դրել ձեր առջև»

Արեգ Սարգսյան.«Մի՞թե Հայաստանի քաղաքացին հիմն փոխելու պահանջ է դրել ձեր առջև»

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, Facebook:  Տիկնա՛յք ու պարոնա՛յք նախարարներ, պատգամավորներ,

Հետո ի՞նչ, որ ձեզ չի «ոգևորում» Հայաստանի հիմնը: Մի՞թե լուծել եք առաջնահերթություն հանդիսացող խնդիրները, որ ԱԺ փոխնախագահի ու խմբակցության ղեկավարի մակարդակով ամբողջ օրը հիմնի փոփոխության մասին եք խոսում: Մի՞թե վերացրել եք աղքատությունն ու գործազրկությունը, մի՞թե բարելավել եք սոցիալ տնտեսական ցուցանիշներն ու ներդրումներ բերել երկիր, որ հիմա էլ պետության «գեղարվեստական փաթեթավորմամբ եք» զբաղվում:

Մի՞թե Հայաստանի քաղաքացին հիմն փոխելու պահանջ է դրել ձեր առջև: Բնավ ոչ… հաստատպես՝ ոչ: Հայաստանի քաղաքացին նշածս առաջնահերթությունները լուծելու խնդիրն է դրել, որովհետ դուք հեղափոխության հարթակներից խոստացել եք, որ քաղաքացին ԼԱՎ է ապրելու, մինչդեռ փորձը ցույց տվեց, որ լավ ապրել սկսել եք դուք՝ երբեմնի հեղափոխականներդ, և միլիոնավոր դրամների պարգևավճարներ ստացող ձեր մերձավորները:

Պարո՛ն Փաշինյան, ուզում եմ ձեզ շատ պատասխանատու ձևով հորդորել՝ մարդա երեք հազար դրամ հավաքեք, խաշի հրավիրեք ձեր ենթականերին: Հավաքվեք, գլուխ գլխի տվեք, առանձացրեք այդ գլուխներից գոնե մեկը կամ երկուսը, որոնք կկարողանան բացատրել, որ հիմնի փոփոխությունը կեղծ օրակարգ է: Գուցե այդ հավաքույթի ընթացքում գտնվեն մարդիկ, ովքեր կամավոր համաձայնեն ոգևորել տիկին Մակունցին ու Ալեն Սիմոնյանին, և նրանք կհրաժարվեն անիմաստ ու ժամանակավրեպ հարցերով զբաղվելու նախաձեռնողականությունից:

Հակառակ դեպքում եթե ալեններն ու մակունցները ոգևորության պակասը լրացնելու համար այսօր հիմն են փոխում, ապա առաջիկայում խաբված քաղաքացիները Ձեզ են փոխելու: Այո՛, հենց Ձեզ:

Արեգ ՍԱՐԳՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում