Տեղի է ունեցել Հանրապետության Նախագահի 2012 թվականի մրցանակների հանձնման արարողությունը

ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել տարբեր բնագավառներում Հանրապետության Նախագահի 2012 թվականի մրցանակների հանձնման արարողությունը:

Մրցանակները՝ համանուն վկայագիրը և դրամական պարգևը, հանձնել են Նախագահ Սերժ Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամ Ալբերտ Պողոսյանը: Սերժ Սարգսյանը շնորհավորել է մրցանակակիրներին՝ ձեռքբերումների և մրցանակի արժանանալու կապակցությամբ, մաղթել նոր հաջողություններ:

Հանրապետության Նախագահն իր շնորհավորական խոսքում նշել է, որ մրցանակի թեկնածուների ընտրության և առաջադրման համար մասնագիտական հանձնախմբերը կանխավ շատ լուրջ աշխատանք են կատարում, որի շնորհիվ լավագույններից լավագույնների հետ հանդիպումն արդեն տեղի է ունենում Նախագահի նստավայրում:

Անդրադառնալով այդ ամբողջ գործընթացին՝ Սերժ Սարգսյանը նշել է, թե միամտություն կլիներ կարծել, որ բոլոր ստեղծագործողները միանշանակորեն համաձայնվում են հանձնախմբերի կարծիքների հետ, և հավանաբար, այդպես էլ պետք է լիներ: Հանրապետության ղեկավարը կոչ է արել նրանց՝ լինել համբերատար, հանդուրժող և համոզվածություն է հայտնել, որ լավագույն ստեղծագործություններն անպայման կարժանանան հանձնախմբերի գնահատականին:

«Ուրախ եմ նաև, որ այս դահլիճում ներկա են ինչպես մեր արվեստի և գիտության նահապետները՝ ավագ սերնդի ներկայացուցիչները, այնպես էլ երիտասարդները, ովքեր աչքի են ընկել իրենց առաջին աշխատանքով: Իսկ դա նշանակում է, որ ամուր են մեր ժողովրդի լավագույն ավանդույթները՝ արժեքները սերնդեսերունդ փոխանցելու կամքը:

Այս համատեքստում պետք է անդրադառնամ մրցանակակիրներից մեկին, ով, ցավոք սրտի, այժմ մեզ հետ չէ: Խոսքս նշանավոր գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի մասին է, ում այսօր մենք մրցանակ ենք շնորհում հետմահու: Մեծ նկարչի տաղանդը և խորը, ոչ ցուցադրական հայրենասիրությունը նրան բերեցին «վարպետի» կոչում: Մի կոչում, որ շնորհում է ինքը՝ ժողովուրդը:

Եվ թող Աստված լուսավորի վարպետի հոգին: Մենք նրան ջերմությամբ ու սիրով ենք հիշում: Եվ, իհարկե, նրա պակասը մշտապես զգում ենք:

Առանձնահատուկ խորհուրդ կա Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդնելու անվանակարգով մրցանակ շնորհելու փաստի մեջ: Այսօր մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում գերմանացի նշանավոր հայագետ, ցեղասպանագետ, իրավապաշտպան Թեսսա Հոֆմանին և սփյուռքի կարևոր հաստատություններից մեկին՝ Զորյան ինստիտուտին: Այսօր, ի դեմս տիկին Հոֆմանի, մենք ճանաչում ենք եվրոպական ու գերմանական հումանիստական ավանդույթը, որն իր ձայնն էր բարձրացնում տառապանքի ուղիներ անցնող հայ ժողովրդի համար: Իսկ Զորյան հաստատության աշխատանքում արտացոլվել է հայոց սփյուռքի բյուրեղացած ոգին, որը թույլ տվեց մեր ժողովրդի շառավիղներին ոչ միայն վերապրել արհավիրքը, այլև կրկին վերահաստատել ապրելու իր վճռականությունը:

Սիրելի՛ բարեկամներ,

Այս արարողությունը ամբողջությամբ ողողված է դրական լիցքերով: Այն թույլ է տալիս ամբողջ հայոց ազգի անունից ճանաչել մեր երախտավոր մրցանակակիրների աշխատանքն ու վաստակը: Սակայն մրցանակը ոչ միայն գնահատական է ձեր անցած ուղուն, այլև ապագային միտված ուղերձ է: Այս մրցանակների նպատակներից մեկն է խրախուսել ձեզ կանգ չառնելու ձեռք բերված հաջողությունների վրա: Այս մրցանակների միջոցով մենք ոչ միայն երախտագիտություն ենք հայտնում ձեզ, այլև հորդորում ենք անել ավելին՝ ի փառս հայ ժողովրդի: Այստեղ չեմ կարող հատուկ գնահատանքի խոսք չուղել հարգարժան Պողոսյան ընտանիքին, որն իր ուժերի չափով մասնակցում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին՝ այդ թվում նաև այս մրցանակին աջակցելու ձևով:

Կրկին շնորհավորում եմ բոլորիդ: Ցանկանում եմ քաջառողջություն, որպեսզի ձեր հետագա գործունեությունը նշանավորվի նոր ձեռքբերումներով: Մաղթում եմ խաղաղություն ձեր օջախներին, ինչպես նաև նոր նշանակալի գործեր՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում