Մենք մեղանչում ենք մեծամտությամբ
Նմանատիպ
Երբևիցէ մտածե՞լ եք, թե ինչու չենք ապրում առաքինի և սուրբ կյանքով: Ինչի՞ց է, որ մենք հաճախ գործում ենք ընդդեմ Տիրոջ կամքի:
Հարաժամ մեղանչում ենք, զղջում ենք, ապաշխարում ու … նորից մեղանչում:
Արթնությունը` լուսավոր ու զվարթ, տևում է ակնթարթներ, որ գալիս են ու անցնում… և նորից պատում է մեղքի խավարը, նորից ծառայություն չարին: Ո՞րն է պատճառը: Մի՞թե մենք չենք մտահոգվում դրա մասին: Կամ այստեղ մի գաղտնի՞ք կա: Ի՞նչ պիտի անենք:
Հաճախ ենք լսում այս հարցը, բայց չենք փնտրում պատասխան, որը անշու՛շտ կա: Մենք լսել ենք, որ պիտի բարեպաշտ կյանքով ապրենք, ինչի համար պետք են ոչ քիչ ջանքեր, կարդում ենք դրա մասին, գիտենք տերունական պատվիրանները, լսում ենք քահանային, որը հորդորում է մեզ պահել դրանք, խոստանում ենք անկեղծորեն, որ այս պահից սկսած պիտի փոխվենք, բայց… ոչինչ չի ստացվում: Նորից ենք մեղք գործում և վշտացնում Տիրոջը: Սրտանց ավելի լավը լինելու ճիգեր ենք գործադրում, որ ընթանանք Աստծո Արքայության ուղիով, բայց իրականում ոչ մի առաջընթաց: Կա՛ այստեղ գաղտնիք, որ մենք անպայման պիտի իմանանք: Եվ այդ գաղտնիքի՝ մեզ վաղուց տրված բանալին Մեր Տիրոջ և Փրկչի` Հիսուս Քրիստոսի այս խոսքերն են. «Առանց Ինձ ոչինչ չեք կարող անել» (Հովհ. 15;5): Ահա, թե ինչու չի ստացվում…, որովհետև մենք` կուրացած ինքնահավանությամբ, մոռանում ենք, որ բոլոր առաքինությունների առաջին աստիճանը խոնարհությունն է:
«Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է Աստծո Արքայությունը». սրանից են սկսվում մեր Ճշմարիտ երջանկության պատվիրանները: Ի՞նչ ասել է` լինել հոգով աղքատ:
Դա ուղղակի նշանակում է սեփական հոգևոր որակների մասին ունենալ շատ համեստ ու խոնարհ կարծիք, սեփական անձը համարել ոչնչություն՝ որպես ամենահետին մեղավոր, նշանակում է ունենալ հպարտությանն ու եսասիրությանը հակառակ հատկանիշներ:
Ինչու՞ նրանցը` «հոգով աղքատներինն է» Աստծո Արքայությունը: Քանզի հոգով խոնարհը, գիտակցելով իր մեղավոր անձի անարժանությունը, ամբողջապես հանձնվում է Շնորհի առաջնորդությանը` չվստահելով սեփական հոգևոր ներուժին, իսկ Աստծո Շնորհը հասցնում է նրան Արքայություն:
Ինչու՞ ենք, ուրեմն, արհամարհում դեպի իրական և կատարյալ երջանկությունը տանող այս ուղին: Ամեն մարդ օժտված է իր կարողությունները բացահայտելու և կատարելագործելու ձգտումով: Այն օգտակար է, երբ մղում է մեզ հոգևոր-բարոյական կատարելագործման: Բայց մեր մեղսահակ բնությունն ու եսասիրությունը չարաշահում են այդ ձգտումը, և սեփական անձի գերազանցության նկատմամբ անկարգ սիրուց առաջանում է զանազան կերպերով արտահայտվող հպարտությունը: Ինքնախաբեություն է, երբ մենք, մեզ մեղավոր համարելով, կարծում ենք, թե չենք հպարտանում: Իրականում մենք մեղանչում ենք մեծամտությամբ, երբ չենք ընդունում Աստծուն՝ որպես Ամենակալ Տիրոջ և բոլոր բարիքների Աղբյուրի: Չենք մտածում, որ ամբողջությամբ կախված ենք Նրանից, և չենք վստահում մեր կյանքը Նրան: Առաջնահերթ չենք դիմում Տիրոջը` հայցելու Նրա Շնորհը և օգնականությունը, այլ հենվելով միայն սեփական ուժերին, օգնություն ենք փնտրում ուրիշներից և, անհուսությունից խելագարված, դիմում ենք գուշակներին:
ՈՒղղակի դիմել սատանայի օգնությանը. դա արդեն սարսափելի մեղք է, անարգանք Աստծո մեծության հանդեպ:
«Հոգով աղքատը,- երանելի Մակար Եգիպտացու խոսքերով,- մշտապես խոնարհամիտ է և, փշրված սրտով գիտակցելով սեփական ոչնչությունը, միշտ իր աչքի առաջ տեսնում է իր` մեղքերից խոցված հոգու վերքերը»: Եթե մենք մեզ մեղավոր ենք կոչում, հնարավո՛ր է, որ համարում ենք մեղավոր, սակայն այդ զգացումը դեռ շատ հեռու է ճշմարիտ խոնարհությունից, քանզի «սիրտը փորձվում է, երբ ուրիշները անպատվում են»: Մեզնից ո՞վ կպարծենա, որ կարող է համբերել որևէ հանդիմանության կամ վիրավորանքի, ինչի պատճառով կորցնում ենք ինքնատիրապետումը, ընկնում հուսահատության գիրկը և հասնում այնպիսի վիճակի, որ կորցնում ենք առողջությունը: Սրանից է, որ մենք շատ խռովկան ենք: Իսկ եթե ուշադիր քննենք, կտեսնենք, որ մեր խռովկանությունը առաջանում է հիմնականում եսասիրությունից: Ահա թե չարիքը որն է: Մենք շատ փառասեր ենք, սիրում ենք գովասանքներ, իսկ լավագույն դեպքում՝ մեր կարծեցյալ արժանիքների լռելյայն ճանաչում՝ առանց որևէ մեկի կողմից դույզն-ինչ նկատողության, փոխանակ գոհանանք Տիրոջից, որ այլոց միջոցով մեր աչքերն է բացում` տեսնելու մեր թերությունները:
Ակնկալելով հավանություն ու գովասանք և չստանալով դրանք՝ մենք սրտնեղում ենք, կորցնում հանգիստը և, տարված լինելով ինքնամեծարմամբ, լցվում ենք նախանձով այլոց արժանիքների նկատմամբ: Մենք ուղղակի տանել չենք կարող նրանց` գովասանքի արժանի ընդունակությունները և ամեն կերպ փորձում ենք նվաստացնել ու սևացնել, ամեն կերպ արժեզրկել ու վատ իմաստով մեկնաբանել դրանք: Իսկ նրանց թերի կողմերը, ընդհակառակը, մանրադիտակով ենք դիտարկում և սաստիկ անհանդուրժողությամբ ենք վերաբերվում դրանց: Այստեղից էլ սկիզբ է առնում մի ծանր մեղք՝ ուրիշներին դատելը՝ մեր հոգու չար բորոտությունը:
Ռուսերենից թարգմանեց՝ Տեր Ընծա քահանա ՄԻՐԶՈՅԱՆԸ
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում