Արա Հուսիկ․ Սաղմոսներ
Նմանատիպ
Սաղմոս 5
Տրորված լաթ եմ, Տեր,
օրվա բոլոր ժամերին օգտագործված,
որ շպրտվել եմ քո մոռացված անկյունը:
Վստահ էի, թե ճանապարհը բերում է ճիշտ.
քայլը քայլին գալիս եմ քեզ
ու տեղ չեմ հասնում:
Քեզ սիրում եմ երբեմն ինձնից էլ շատ,
բայց մարմնիս ցանկությունը չեմ զսպել հանուն քեզ
գոնե մի անգամ.
իմ թուլությունը մեծ է քոուժից,
և փրկվելու դիպվածը վաղուց է շրջանցել ինձ:
Քեզ վկայելով՝ չարին եմ վստահել
խոսքը և լռությունը.
ու մեղքս ծանր է քո ներումից երկու անգամ,
որ միտք է կշռում և չափում է հոգի:
Ես դժոխքն ընտրեցի ու ավելորդ եմ քո դրախտի համար
և շնչում եմ դառնությունը, որ զգում ես իմ կորստով:
Լույսը իմ ձեռքերում մութ կլինի,
երբ գաս երկրորդ անգամ.
աչքերս բաց ու չեն ճանաչի քեզ՝
քո ամենահայտնի նշանների մատնությամբ անգամ:
Ես կմնամ իմ մութի հետ տարտամ ու թաց,
դու կսահես քո լույսի մեջ՝ առեղծված:
Չեն հանդիպի իրար եկող քայլերը մեր,
որ փրկվելու մի վերջին հնար՝
կարողանամ սանդալներիդ փոշին համբուրել:
Մոռացված լաթ եմ, Տեր,
դռանդ առաջ ինձ փռիր:
Սաղմոս 6
Բառի մեջ քնած լույսը չի բացվում.
անկարող եմ, Տեր, խոսք ասել շիտակ:
Արդեն վստահ չեմ, որ երկնքում տեսնելու եմ քեզ,
ոչ էլ հույս ունեմ, թե երկրի վրա ենք հանդիպելու մի տեղ:
Սկիզբը դու էիր, վերջն էլ ես դու.
հիմա ոչ մեկը կա, ոչ էլ մյուսը:
Եվ մատնում է լույսի մի պաղ հետագիծ,
որ հրեշտակների քո շքախմբով
արտագաղթել ես երկինք ու երկրից:
Տանուլ է տված
օտար ճանապարհի պես բարակ ու երկար խաղը
դեռ չհասած ավարտին:
Օրերը դատարկ են հատ-հատ՝
ինչպես չի լինում քարտին կուտակված ստույգ գումար,
և արդեն իզուր է բաց պահել հաշվեհամարը,
թե վաղվա հույսի պահուստ՝ ինձ կփոխանցես ինձնից:
Ժամանակի որ կանոնը խախտեցի,
որ ինձ կորցրած օրերի եզրով չեմ դառնում ետ:
Հաշտ եմ հսկում հիմա ճանապարհը հեռացող լույսի,
մինչդեռ քեզ պիտի գայի, Տեր,
բոլոր նրանց նման,
ովքեր հոգնած են ու բեռնավորված,
որ հանգիստ տայիր ու անդորր:
Միաշունչ ճառ է կյանքը,
նախաբան՝ դրված մահվան դիմաց,
և մենությունս կլանչում է լքված գայլաձագի նման.
խնդրարկու եմ, Տեր,
դուռդ մի փակիր վրաս:
Սաղմոս 7
Հիշողությունդ հոգնած
ու մոռացումների դանդաղ շարան,
որ ամենատես էիր,
հայացքդ մեզ շրջիր լսողությանդ հետ:
Ահա, Տեր,
միջօրեի հասակը առած
և արևների հալոցքը ամփոփած իմ մեջ՝
մտնում եմ աշնան օրեր.
հասուն միրգ եմ, պտուղը,
որ կախվել է երկինք ու երկրի միջև՝
ամեն վայրկյան կաթելու պատրաստ:
Ինձ քամիր ինչպես կարմրախայտ խաղողի ողկույզ,
որ խտանամ այ ու հիշողությամբ շնչող ինի,
և ճաշակիր վերջին ընթրիքից
երկար ու խորը ժամանակ հետո տրվող
նոր ընթրիքիդ խորհրդին:
Ցորեն եմ, պսպղուն հատիկ ու ոսկեդեղին.
հացդ թխիր ինձնից
և մեզ երկրորդ անգամ սկսելու քո սեղանին բաժանիր:
Քո հայացքով է լցվել դեմքիս շրջանակը ամբողջովին.
առավոտ եմ, տոն եմ նորից
ու գույների ներբաց շքերթ,
և լույսը չունի իրիկնանալու վտանգ իր մեջ:
Հացդ լինեմ ու գինի քո նոր սեղանին,
կաթիլ-կաթիլ ու բաժանվեմ փշուր-փշուր.
ինձնից սկսիր քո վերադարձը.
հարությունը լինեմ ու կյանքը երկրորդ անգամ:
Սաղմոս 8
Դու միշտ երկնքում ես, Տեր,
իսկ ես ցմահ այստեղ եմ՝ ցածում,
որ քեզ ու իմ նմաններին երկիր անունով է հայտնի:
Հիմա և վաղուց
դժվարանում եմ ժամերը փոխել օրերի մեջ
և ակնթարթը բռնել, որ իմն է միայն:
Դեռ զգում եմ մանուկ հոտը այն փոքրիկի,
որ առաջին անգամ խաղալիքը ցույց տվեց մարդկանց,
իր ուրախությունն էր՝ հազիվ 3-4 տարեկան.
խլեցին ձեռքից, ու էլ երբեք ետ չստացավ:
Այն պատանին է երբեմն ետ նայում,
որ հասունության շեմին թռցնում էր երազները՝
փոքրիկ ու ձեռնասուն թռչուններ,
և չհասցրեցին իջնել տանիքներին.
կրակեցին հաճույքի համար
կամ ուղղակի որսամիս:
Դեռ քայլում է ինձ հետ երիտասարդ իմ հասակը,
որ հավատում էր, թե ճանապարհն է ընտրել իրեն
և լուսավոր նշանների միջով տանելու է երկար,
բայց փակուղի էր հենց առաջին խաչմերուկում՝
անակնկալ ու «Ելք չկա» նշանով:
Հիմա ամբողջովին ավերակ՝
մոխիրներիս շեղջին եմ թառել բվի նման.
դժվարանում եմ ապրել մարդկանց աշխարհում,
որ ես եմ ու իմ տեսակն է:
Օրերս հատ-հատ և իմ հոգին սատանային եմ ծախել,
բայց դեռ մի անգամ փրկագնված ետ չեմ առել Աստծուց:
Եթե սա է քո գծած երկիրը
և կյանքը՝ քեզանով մանրամասնած,
ուրեմն դո՛ւ էլ մեզանից մեկն ես, Տեր:
Սաղմոս 9
Դու մեղքից ես սկսվում, Տեր,
քեզ ճանաչելու գիտակցումը հիմա ունեմ ամբողջական,
երբ հոգուս ամեն թել և մարմնիս յուրաքանչյուր բջիջ
մեղանչել են վարժ ու կատարյալ:
Ես հիշողություն եմ բանական ու մարդկային՝
բեռնավորված ժամանակով վկայողի,
և միջոց եմ, իրացնողը
Աստծու կողմից նախատեսված աշխարհի:
Իմ այս հասուն ժամին,
որ ենթադրում է առատ ու լիքը տարաներ,
երբ խոնարհվում են՝ հատակը չափելու հայացք,
մինչդեռ թերմացքին եմ կախել գլուխս
ինձնից փախուստ տված օրերիս:
Ամայության մեջ դատարկ ու առանց ինձ եմ.
այն, որ ես էի, ափսոսներս անիվ սարքեմ՝
չեմ հասնի անդարձ իմ հետևից:
Հիմա՝ բաց ու անամոթ, քամիներին մնացել եմ մերկ,
կորուստներս կարկատան առ կարկատան
ծածկոց դարձնեմ մարմնիս
քո առջև ցինիկ ու մինչև վերջ լկտի չկանգնելու համար:
Դու չկայիր իմ սկզբում.
իմ վերջում էլ չես լինելու.
իմ գտածը չունի քեզնից մաս,
կորցրածիս մեջ էիր բացակա:
Մեղքի վերջը քո սկիզբն է, Տեր,
և Աստված կատարյալ գիտակցումն է չարի.
երբ անցել եմ սահման ու գիծ և մեղքից եմ այն կողմ,
նորից դատարկ եմ՝ քեզնից ամայի ու մենավոր:
Սաղմոս 10
Առանձնացված ժամերը օր չեն դառնում, Տեր,
ինչպես քո ձեռքն է սահմանել,
երբ լույսը զատում էիր խավարից.
քաոսը չի լքել տիեզերքը թերևս
քո այդ ակնթարթից մինչև վրիպումն իմ այս:
Քո խոսքի լռությունն եմ լսում՝
առանց ինձ.
մենությունն է, Տեր:
Դառը բուրում են աչքերը կամկար,
հայացքը՝ցուրտ ասեղ,
շունչը մրսում է թոքերիս մեջ:
Ինչն անցնում է՝ անդարձ իմ դուրսն է,
ամեն հեռացող իմ միջով է:
Երբեմն թևերիդ վրա ինձ տար,
որքան էլ մեղքս ծանր լինի իմ մարմնից.
քո մենակն եմ, Տեր,
ազնիվ չէ, որ գթությունդ շրջանցի ինձ:
Եզր հրված օտար եմ այս ցածում.
ստիպված ես անձս պահպանել քո երկնքից:
Ձեռքս պարզեցի՝ոչ մի մոտիկս չբռնեց,
կանչեցի՝ հարազատը չարձագանքեց,
վանեց մերձավորը, երբ սպասում էի սեր.
քո լռությունն ունեմ, որ դեռ պիտի խոսի,
սփոփանքն ու դեղահաբը իմ մենության:
Մարդու ժամերի մեջ ապրեիր մեկ օր՝
երկնքին աներևույթ,
երկրի վրա մենակ ու անհարկավոր.
կեցությունս շոշափեիր՝ անձս դարձրած քեզ մարմին:
Իմ կողքին՝ անզորությունս ինձ հետ կիսեիր, Տեր,
քեզ տեսնեիր իմ մեջ:
Սաղմոս 11
Ոչինչ եմ, Տեր,
ոչ ոք կանչիր,
եթե հայացքդ շրջես ինձ:
Չես զիջել հնար ետդարձի,
որ ճանապարհը քայլեմ նորից,
գուցե ուրիշ լինեն նշանները ուղեկցող.
իսկ առջևում կանոններ չկան:
Բախեցի՝ չբացվեց,
խնդրեցի՝ չտրվեց,
փնտրեցի՝ չունեցա.
հոգնած եկա ու բեռնավորված,
չտվեցիր հանգիստ.
կորած էի, չգտար առակիդ համաձայն:
Ամեն օր եմ լցրել սափորները կաթիլ-կաթիլ,
բայց ինչո՞ւ են հիմա դատարկ.
արթուն եմ մնացել քանի գիշեր
ու վառ պահել ճրագները,
վստահ էի՝ տուն եմ հասնում,
և դուռը կլինի բաց:
Ինչ գրել էիր ինձ համար՝
բառեր չէին,
անընթեռ խզբզոց էր օտարի:
Քո լուսանցքում մնացի,
և հայացքիդ ստվերը չխնայեց ինձ.
ձախողում էր մի ամբողջ ընթացք՝
իմ հավատից հույսը քո տված:
Քո ամենահաս խոսքը վրիպեց ինձ, Տեր,
և շրջանցեց հայացքդ ամենատես:
Սաղմոս 12
Ամենամենակն եմ վստահել քեզ, Տեր,
որ չի լսելու էլ ուրիշ մեկը.
դու ես, և քո աչքն է
ինձ խորքից քննող ու բջիջս թափանցողը:
Սահուն, ինքնահոսի պես դյուրին է
քեզ խնդրելը,
այդպես բառը բացվում է անստվեր
քո հայացքի տակ միայն.
քո երկու սահմանն էլ մուտք է,
և սկիզբը, և վերջն է ընդունարան:
Գոհաբանեմ ինձ վիճակվածը,
որ սերը քո բովանդակությունն ունի,
լույսը քո հայացքով եմ տեսնում
և հույսը սպասում եմ քեզանից:
Ետ չառնես հանկարծ իրավունքը,
որ քեզ ունենալու խաղաղությունն է.
ձայնը պահպանիր իմ մեջ դեռ չմոլորված,
որ քեզ հետ խոսելու մաքրությունն է ուղղահայաց:
Թույլ տուր աջիդ մոտենամ,
կշռեմ ուժը չերևացող ձախակողմիդ.
քեզ հասկանամ ամբողջովին:
Ոչ միայն միտք, մարմին դառնաս անձիս.
բառը քննելով հասնեմ քեզ,
և չմնա ոչ մի թերև խոսքիդ մեջ:
Խարիսխ դառնամ առանցքիդ շուրջը,
ամբողջանամ,
ինձ տեսնեմ քո մեջ:
Աղբյուր՝ Անդին
Հետևեք մեզ նաև Telegram-ում