Վահագն Դավթյան․ Կարոտ

Վահագն Դավթյան․ Կարոտ

Ամեն ինչից ավելի դու տրվեցիր ինձ կյանքում,
Դու արյան հետ տրվեցիր ու արվեցիր արյան պես…
Դու տրվեցիր որպես ձայն ու տրվեցիր որպես գույն,
Որպես կապույտ տրվեցիր, որ անկումներն իմ չափես:

Դու կանչ եղար մորմոքի, ղողանջ եղար հեռավոր,
Հասկի ոսկե սոսափյուն, աստղի շշուկ եղար դու,
Եղար քարի մեջ նիրհող այն մրմունջը դարավոր,
Որ արթնանում է հանկարծ ու զնգում է Գեղարդում:

Եվ այն ծաղիկը եղար, որ գույն ունի կրակի
Եվ հուրհրում է հանկարծ հրաբուխի շուրթերին…
Մերթ կնոջ տեսք առար դու, մերթ հեռավոր տնակի,
Մերթ օրհնության թևերով ելար ոլորտը վերին…

Եվ այնտեղից ասացիր, որ ինչ-որ տեղ, ներքևում
Ինձ վայրկյանն է սպասում ու գաղտնիքը մերկացող,
Որ ուզածս կգտնեմ արշալույսի ձեռքերում
Ցորենի պես գեղեցիկ ու գեղեցիկ, որպես ցող…

Հիմա աշուն է արդեն, հովերը ցուրտ են ու ջինջ,
Խոտն է մրսում մանկան պես, սարսռում են սեզ ու ցող…
Դու էլ ո՞ւր ես ինձ տանում, դու էլ ո՞ւր ես կանչում ինձ՝
Ցորենի պես գեղեցիկ, գաղտնիքի պես մերկացող…

1977թ.

Հետևեք մեզ նաև Telegram-ում