Հասարակ ձևականություն

Հասարակ ձևականություն

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, Facebook: Ուրախ եմ, որ նախորդ գրառումս  որոշակի հետաքրքրություն առաջացրեց հատկապես իրավաբանների մոտ։ Ուրեմն ճիշտ էր իրավիճակի գնահատականս և իրոք առկա է պահանջարկ՝ խթանելու «արժեքային» իրավաբանությունը։

Բայց այդ մասին՝ ավելի ուշ։ Հիմա կուզեի խոսել մեկ այլ հարցի մասին, որը շոշափելի ձևով ի ցույց է դնում «հոդվածային» և «արժեքային» իրավաբանության հակադրությունը։

Խոսքը վերաբերում է քրեական դատավարությանը, ավելի ստույգ՝ քրեական վարույթ սկսելու ընթացակարգին։ Արդեն կարծեք թե «բարի ավանդույթ» է դառնում քննադատական բնույթի քաղաքական խոսք արտահայտող մարդկանց դեմ, ինչ-որ մտքեր հայտնելու համար, հանցագործության մասին հաղորդում ներկայացնելը և այդ հիմքով այդ մարդկանց իրավապահ մարմիններ կանչելը, նրանցից բացատրություններ վերցնելը, վարչական քաշքշուկի մեջ ներքաշելը։ Դա իհարկե միջամտություն է անձի ազատությանը, քանի որ դժվար թե այդ մարդիկ մեծ հաճույք ստանան իրենց ժամանակը ոստիկանություններում անցկացնելու համար (Օրինակ՝ վերջերս Narek Samsonyan-ը հրավիրվել էր ոստիկանություն առաջնեկի ծննդյան օրը)։

Ո՞րն է կապը հայտարարածս խնդրի՝ «հոդվածային»/«արժեքային» իրավաբանության հակադրության հետ։ Հետևյալն է. երբ ստացվում է հանցագործության մասին հաղորդում ինչ-որ անձի դեմ, միանգամից միանում է «հոդվածային» մտածելակերպը և այդ անձը «ավտոմատ» հրավիրվում է բացատրություն գրելու՝ անկախ հաղորդման փաստական և իրավաբանական «կենսունակությունից»։ Հիմա, փորձի համար, մեկն ու մեկդ կարող եք հաղորդում ներկայացնել առ այն, որ իմ այս գրառումը ձեր մոտ ծանր հոգեկան ապրումներ է առաջացրել կամ, չգիտեմ, Էկոցիդի լուրջ վտանգ է ստեղծել, և, վստահեցնում եմ ձեզ, մի քանի օրից ինձ շատ քաղաքավարի կհրավիրեն բացատրություն գրելու։

Սա նորմա՞լ է։ Շատերը գուցե որևէ խնդիր չտեսնեն։ Բայց արժեքային իրավաբանությունը կքննարկեր քաղաքացու արտահայտման ազատությանը միջամտելու հիմքը – համաչա՞փ էր արդյոք այդ հիմքը միջամտության առարկա արժեքին՝ խոսքի ազատությանը և առհասարակ ազատությանը։ Եթե՝ ոչ, ապա ի՞նչ իմաստ ունի մարդուց ժամանակ խլել՝ իրավապահ մարմին գալու և բացատրություն ներկայացնելու համար։

ՀԳ. Երևի ուղիղ կապ չունի բուն խնդրի հետ, բայց խորհուրդ կտայի դիտել «Հասարակ Ձևականություն» (Простая формальность) ֆիլմը՝ Ժերար Դեպարդյեի ու Ռոման Պոլանսկու փայլուն դերակատարմամբ։ Հետագայում կբացահայտեմ նկատի ունեցածս առնչությունը։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում