Թևան Պողոսյան. Սոցիալական բունտի նախադրյալներ չեմ տեսնում

«Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը պատասխանելով «Հայոց աշխարհ»-ի թղթակցի դիտարկմանը, թե նախորդ քառօրյայում քաղաքական մեծամասնության կողմից բավական կոշտ գնահատականներ հնչեցին ընդդիմության հասցեին, հռետորական հարցադրում արվեց, համաձայն չե՞ք, որ ընդդիմությունն էլ վստահության խնդիր ունի, Թ. Պողոսյանը պատասխանել է. «Խոսքի ազատություն է՝ յուրաքանչյուր քաղաքական ուժ ազատ է քննադատելու մյուսներին, ներկայացնելու իր տեսակետները և նկատառումները։ Բնականաբար ընդդիմությունը պետք է պատրաստ լինի լսել իր հասցեին հնչող քննադատությունը և համապատասխան ձևով արձագանքի»։

Հարցին, թե տպավորությունն այնպիսին է, թե Րաֆֆի Հովհաննիսյանը համակերպվել է իր պարտության հետ, հրաժարվել ակտիվ պայքարից։ Ըստ Ձեզ, «Ժառանգության» առաջնորդին ինչո՞ւ չհաջողվեց պահել ընդդիմության առաջատարի իր դիրքերը, Թ.Պողոսյանը պատասխանել է. «Ինձ չի թվում, թե Ր.Հովհաննիսյանը համակերպվել է կամ զիջել իր դիրքերը։ Ո՛չ, պայքարը շարունակվում է, ուղղակի անհրաժեշտ է որդեգրել նոր մեխանիզմներ, նոր մոտեցումներ, միգուցե՝ ձևավորել նոր կառույցներ։ Այնպես չէ, թե «Ժառանգությունը» «հանձնվել» է և մի կողմ կանգնել ակտիվ պայքարից. ուղղակի մեկի համար դա տեսանելի է, մյուսի համար՝ ոչ»։

Թերթի դիտարկմանը, թե կառավարությունը որոշակի միջոցառումներ է ձեռնարկել թե՛ կարկտահարության, թե՛ գազի սակագնի բարձրացման բացասական հետևանքները մեղմելու ուղղությամբ։ Այսքանից հետո որքանո՞վ իրատեսական են խոսակցությունները մեզ սպասվող «սոցիալական բունտի» մասին, Թ.Պողոսյանը նշել է. «Այսօր սոցիալական բունտի նախադրյալներ չեմ տեսնում, և բունտը ինքնին որևէ լավ բանի չի հանգեցնի։ Պետք է քննարկել, հասկանալ՝ ինչ է կատարվում, ինչ զարգացումներ կարող են լինել, և լուծում տալ խնդիրներին. եթե սոցիալական բունտ լինի՝ ժողովրդի վիճակը բարելավվելո՞ւ է»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում