Լոռու մարզում հաշվում են կարկտահարության վնասները, իսկ Արմավիրում` փոխհատուցումներ կատարում
Նմանատիպ
Լոռու մարզում հաշվում են կարկուտի վնասները: Մայիսի 25-ին Ստեփանավանի Ամրակից, Ագարակ և Լեջան համայնքներում ավելի քան 30 րոպե տեղացած կարկուտի հետևանքով տուժել են հացահատիկի, կարտոֆիլի ցանքատարածությունները, տնամերձ հողամասերը և պտղատու ծառերը:
Մարզպետարանի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, կարկուտից անմիջապես հետո Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը նշված համայնքներում էին՝ վնասի չափերը գնահատելու նպատակով:
Ինչպես հայտնում է Panorama.am-ը’ համայնքների բնակիչների պնդում են, որ յուրաքանչյուր տարի այս տարածաշրջանում կարկուտը զգալի վնասներ է հասցնում բերքին:
Ամրակից համայնքում գարնանացանը նոր-նոր է ավարտվել, սակայն բնակիչների նախնական գնահատմամբ՝ արդեն իսկ վնասվել են շուրջ 110 հեկտար ցորենի, 45 հեկտար կարտոֆիլի և 10-12 հեկտար բանջարեղենի ցանքատարածություններ:
Ամենից շատ տուժել է, սակայն, Ագարակ համայնքը: Այստեղ կարկուտի հետևանքով շուրջ 7 սմ սառցաշերտ է գոյացել: Ագարակցիները վստահաբար նշել են, որ ցանքատարծությունները վերականգնման ենթակա չեն:
Լեջան համայնքում հիմնականում տուժել են հացահատիկի, կարտոֆիլի ցանքատարածությունները, գյուղապետի ներկայացմամբ, լրացուցիչ մշակման դեպքում հնարավոր է որորշ չափով վերականգնել:
Արդեն մայիսի 26-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ նշված համայնքներում էր գյուղնախարար Սերգո Կարապետյանը: Նախարարի դիտարկմամբ՝ ցանքատարածություններին պատճառված վնասի չափերը 50 տոկոսից ավելի չեն լինի, քանի որ որոշ մշակաբույսեր ենթակա են վերականգնման:
Ըստ նրա, վերջնական արդյունքը պարզ կլինի մի քանի օրից, երբ կկատարվեն լիարժեք ուսումնասիրություններ և արդյունքները կներկայացվեն ՀՀ կառավարությանը:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը կարկուտից տուժած համայնքներին օգնելու այլ տարբերակներ ևս դիտարկում է: Մարզի ղեկավարը դիմել է ԱԺ պատգամավոր, «Տաշիր» հիմնադրամի հիմնադիր Կարեն Կարապետյանին՝ համայնքների բնակիչներին օգնելու նպատակով:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել հիմնադրամի միջոցներով աջակցություն ցուցաբերել տուժած համայնքների բնակիչներին: Աջակցությունը կլինի տարբերակված, հաշվի կառնվի նաև գյուղաբնակների սոցիալական վիճակը»,- ասել է Ա. Նալբանդյանը:
Կառավարության կողմից ակնկալվող օգնությունը կարող է լինել սերմացուի, պարարտանյութի, հողահարկի, գյուղատնտեսական վարձավճարների արտոնությունների տրամադրաման տեսքով, իսկ մինչ այդ հարցը կքննարկվի կառավարությունում:
Մեկ այլ աղբյուր’ Lurer.com-ը անդրադարձել է կարկտահարված մեկ այլ մարզի’ Արմավիրին:
Աղբյուրը գրում է, որ 2013 թվականի մայիսի 12-ի կարկտահարության հետևանքները մեղմելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն Արմավիրի մարզպետարանին հատկացրել է 87 մլն դրամ արժողությամբ 24028 կգ տարբեր մշակաբույսերի սերմացու, որից 22 000 կգ-ը ներկրվել է ՌԴ-ից’ 3795 հեկտար ցանքս կատարելու նպատակով:
Սերմնացուն անհատույց տրամադրվել է հողօգտագործողներին, ըստ ներկայացված պահանջարկի: Իսկ Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնը պատրաստել և կարկտահարությունից տուժածներին բաժանել է խորհրդատվական թերթիկներ, հետևյալ բովանդակությամբ.
1. Խաղողի, պտղատու այգիների վերականգնման համար անհրաժեշտ ագրոտեխնիկական միջոցառումներ
2. Բանջարաբոստանային մշակաբույսերի կրկնացանք
3. Լոլիկի մշակության բնային ցանք:
Հանրապետության փորձառու գիտնականների մասնակցությամբ համայնքներում կազմակերպել են դաշտային սեմինարներ կարկտահարությունից տուժած խաղողի և պտղատու այգիների էտի, ձևավորման, ինչպես նաև անհրաժեշտ ագրոտեխնիկական միջոցառումների մասին:
Արմավիրի մարզին, Հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի և դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերի շրջանակներում առաջնահերթության կարգով, հատկացվել է նաև ազոտական պարարտանյութի և դիզելային վառելանյութի նախատեսված խմբաքանակը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի հաշվեհամարին փոխանցվել է շուրջ 32 մլն դրամ, որը կտրամադրվի կարկտահարությունից տուժած համայնքների ամենակարիքավոր ընտանիքներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում