«Հայաստան» համահայկական հիմնադրամն արտացոլում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը

Երեւանում իր աշխատանքները մեկնարկեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 22-րդ նիստը, որը գլխավորում է Հայաստանի Հանրապետության Նախագահ, համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նիստին ներկա են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, արտաքին գործերի նախարար Էդբվարդ Նալբանդյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, խորհրդի անդամներ:

Ինչպես հայտնում է Armenpress.am-ը’ Սերժ Սարգսյանը ողջունել է մասնակիցներին եւ նշել, որ հոգաբարձուների խորհրդի 22-րդ նիստն, ինչպես նախորդ նիստերը, կրելու են խիստ աշխատանքային բնույթ, իսկ որոշումները կկայացվեն ոչ միայն հիմնադրամի գործունեության սահուն ընթացքը ապահովելու, այլեւ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի առջեւ ծառացած խնդիրներին արդյունավետ արձագանքելու նպատակադրմամբ:
ՀՀ Նախագահը նշել է, որ վերջին մեկ տարին Հայաստանում հագեցած եւ ընտրական է ստացվել:

«Խորհրդարանական, նախագահական, Երեւանի ավագանու ընտրությունները հրաշալի առիթ դարձան առկա բոլոր խնդիրները վերհանելու, հրապարակայնորեն, հանրայնորեն քննարկելու եւ լուծումների հնարավոր ողջ բազմազանությունը դիտարկելու համար:

Թերեւս չկա որեւէ ծանրակշիռ հարց’ ազգային, հասարակական, սոցիալ-տնտեսական կամ այլ ոլորտի, որի վերաբերյալ առկա դիրքորոշումները այդ ընթացքում հնչեցված ու քննության առնված չլինեն:

Դրանք մեր հասարակության մեջ ձեւավորել են նաեւ մեծ սպասումներ, որոնք մենք պարտավոր ենք արդարացնել: Կարծում եմ, որ առաջիկա տարիները ոչ միայն ՀՀ իշխանությունների, այլեւ ողջ հայության համար պետք է լինեն տքնաջան եւ արդյունավետ աշխատանքի տարիներ: Կարծում եմ, որ լուրջ արդյունքներ արձանագրելու համար ունենք բոլոր անհրաժեշտ հիմքերը, իսկ առաջիկայում ընտրությունների բացակայությունը կծառայի որպես շատ լավ առիթ քիչ խոսելու եւ շատ աշխատելու համար»,- ասել է ՀՀ Նախագահը:

Ինչպես հայտնում է Aysor.am-ը’ Նախագահը նշել է, որ առջիկա տարիները ոչ միայն իշխանությունների, այլև՝ ողջ հայության համար պետք է լինեն արդյունավետ աշխատանքի տարիներ. «Կարծում եմ՝ լուրջ արդյունքներ արձանագրելու համար ունենք բոլոր հիմքերը, իսկ ընտրությունների բացակայությունը կծառայի որպես լավ առիթ՝ քիչ խոսելու և լավ աշխատելու համար: Մենք շատ գործ ունենք անելու»:

Ս. Սարգսյանը նկատել է նաև, որ այս օրերին բոլորի համար շարունակում է մտահոգիչ մնալ Սիրիայի և սիրիահայերի վիճակը. «Մենք՝ որպես պետություն և հայ ժողովուրդ, աջակցել և աջակցելու ենք մեր քույրերին և եղբայրներին՝ անկախ նրանից նրանք եկել են Հայաստան, թե մնացել են Սիրիայում»:

Համահայկական ոչ մի կառույց, Նախագահի խոսքով, այնքան ամբողջական չի արտացոլում աշխարհի հայության ողջ հնարավորւոթյունները, ինչպես նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, որքան «Հայաստան» համահայկական հիմանդրամը, հետևաբար, ինչպես ասաց Ս. Սարգսյանը, շատ գործ կա անելու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում