Երևանից Ստեփանակերտ հնարավոր կլինի հասնել 3 ժամում.Արա Վարդանյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանն այսօր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 22–րդ նիստին 2012թ.–ին կատարած աշխատանքների մասին գործադիր վարչության հաշվետվությունը ներկայացնելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ հիմնադրամն այս տարի նախատեսում է սկսել Վարդենիս–Մարտակերտ Ճանապարհի կառուցումը, որի առկայության դեպքում Երևանից Ստեփանակերտ հնարավոր կլինի հասնել 3 ժամում։ Այս մասին հայտնում է Tert.am-ը:

«Ճանապարհի հողային մասի աշխատանքներն արդեն մեծ մասամբ ՀՀ և ԼՂՀ կառավարությունների կողմից իրականացվել են, մնում են ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքները։ Ընդհանուր երկարությունը 114 կմ է, և արժեքը՝ մոտավորապես 30 մլն ԱՄՆ դոլար»,– ասաց Արա Վարդանյանը։

Թե ինչու է որոշվել հենց այդ ճանապարհի կառուցման ծրագիրն իրականացնել, հիմնադրամի գործադիր տնօրենը պատասխանեց, որ այդ ճանապարհը Հայաստանը Ղարաբաղին միացնող երկրորդ ճանապարհն է, և արդեն ժամանակն է արդիականացնելու այն, քանի որ Գորիս–Ստեփանակերտ ճանապարհը շատ դժվար է անցնել, մարդիկ հոգնում են, դրա համար էլ որոշում կայացվեց կառուցել այդ ճանապարհը, որը և՛ ռազմավարական իմաստով, և՛ Մարտունու շրջանի զարգացման տեսանկյունից կարևոր է, ինչպես նաև կհեշտացնի, կզարգացնի տուրիզմը։

Ծրագրի ավարտի մասին նա ասաց, որ այն նույնիսկ մինչև տարվա վերջ դժվար իրականացվի, քանի որ այս տարի նոր դրամահավաք են իրականացնելու հեռուստամարաթոնների միջոցով, դրամահավաքները կավարտվեն տարվա վերջում և հունվարին արդեն մոտավորապես կհայտարարեն, թե որքան գումար է հավաքագրվել։ Այդ ժամանակ արդեն կհայտարարվեն շինարարական մրցույթներ և կսկսվեն շինարարությունները։

Խոսելով 2012թ. հիմնադրամի կատարած աշխատանքներին տրված գնահատականների և արդյունքների մասին, Արա Վարդանյանն ասաց, որ դրանք գնահատվել են գոհացուցիչ, հանձնաժողովն ընդունեց բոլոր հաշվետվությունները, որևէ խնդիր չառաջացավ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում