Կյանքի ծառը․ Կոմիտաս
Նմանատիպ
ՍԱՐ ՈՒ ՔԱՐ
Ահա´ սարը` ձորը բացել`
Ե´վ ահավոր, և´ կանաչ.
Ահա´ քարը` օրը գացել`
Ե´վ մահավոր, և´ անաչ:
ՁՄԵՌՆԱՄՈՒՏ
Երբ երկիրը պատեց
Վերմակ-վերմակ ու թեթևիկ-թեթևիկ,Շ
Ճերմակ-ճերմակ ու թիթեռնիկ –թիթեռնիկ,
Ձյունիկն իջավ արծաթ երկնքով,
Եվ երկիրը պատեց:
Վերմակ-վերմակ ու թեթևիկ-թեթևիկ,
Հողիկը շիջավ ոսկի երկունքով,
Եվ աչուկները փակեց:
Արգանդ-արգանդ ու դարավանդ-դարավանդ,
Ջըրիկը պառկեց հողի գրկին,
Եվ ըստինքը սառեց:
Մարմանդ-մարմանդ ու ադամանդ-ադամանդ
Արևը զարկեց պաղի սրտին,
Եվ աստղուկները շարեց:
ԻՄ ԵՐԱԶՈՒՄ
Եվ ա´յս գիշեր, իմ երազում, քեզ հետ մեկտեղ պարեցինք,
Սեր-ոգիներ սուրբ սեղանում մեղրամոմեր շարեցին:
Ոսկի-արծաթ ամպի ծալեն նուրբ ու բարակ
քող ճարեցինք,
Ինծի- քեզի կարմիր-կանաչ սիրո շապիկ կարեցին:
ՃԱՆԱՊԱՐՀ
Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով:
Ի՜նչ լայն սիրրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի…
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի:
ԵՌ ՈՒ ՍԵՐ
Երկիրը եռում է` կողիկը գոցելով` ծաղիկ-ծաղիկ,
Առվակը սիրում է` հողիկը խոցելով մաղիկ-մաղիկ.
Վարդիկը ջեռում է շողիկը բոցերով` լռիկ-լռիկ
Հովիկը ծիրում է` լողիկը ծոցելով` ջրիկ-ջրիկ:
ԿՈՒՅՐԸ
Տե՜ր իմ.
Սե՜ր իմ.
Զարկին Քաջքեր`
Կուրացուցի´ն իմ աչքեր.
Լույս տուր.
Հույս տուր.
Ասա´ ` նայե´`
Իմ աչերուն խնայե:
ՀՈՎ-ՍԵՐ
Նուրբ հովի պես լարերով`
Սուրբ ծովի պես պարելով,
Սերըդ սրտում պահեցիր,
Սրտիս խորքում գահեցիր:
Աշունն եկավ ծառին, սարին հևելով`
Անձրև թելեր փոշի-փոշի թևելով.
Պտուկը ճոխ` առին տարին
Տերևները կանաչ-ճանաչ պեղելով:
ՊԱՏՐԱՆՔ
Հոգիս թիթեռ
Մի վայր, մի վեր
Հույս ծովերով թևելով`
Հոգիս մի բուռ
Անմայր անսեր,
Լույս հովերով հևելով…:
Աղբյուր՝ Անդին
Հետևեք մեզ նաև Telegram-ում