Արման Թաթոյան. «Բրյուսելում ձեռք բերեցինք համատեղ աշխատանքի լրացուցիչ պայմանավորվածություններ»
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, Facebook: Բրյուսելում մասնակցեցի կոնֆլիկտային ու հետկոնֆլիկտային գոտիներում մարդու իրավունքների հաստատությունների գործունեությանը վերաբերող չլուսաբանվող խորհրդակցությունների։ Այլ հարցերի թվում քննարկվեցին նաև Արցախին առնչվող մարդու իրավունքներին, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ու մեդիայի դերին վերաբերող հարցեր։
Միջոցառման ժամանակ ունեցա առանձին հանդիպում Ուկրաինայի Գերագույն Ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովայի հետ:
Գործընկերոջս ներկայացրի Ուկրաինայում մեր համաքաղաքացիներ Սերգեյ Կարապետյանին և Խաչատուր Հովհաննիսյանին ազատությունից զրկման վայրում վատ վերաբերմունքի, այդ թվում՝ խոշտանգման ենթարկելու վերաբերյալ առկա՝ հրապարակային քննարկվող մտահոգությունները:
Ուկրաինայի իմ գործընկերը խոստացավ վերադառնալուն պես անմիջապես զբաղվել խնդրով և ևս մեկ այց կատարել ազատությունից զրկման վայր՝ ներկայացված հանգամանքները տեղում ստուգելու նպատակով:
Նշեմ, որ Ուկրաինայի մարդու իրավունքների հանձնակատարը, իմ խնդրանքով, ավելի վաղ արդեն մեկ անգամ այցելել էր հայ երիտասարդներին և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել։
Ունեցա այլ հանդիպումներ ու քննարկումներ ևս միջազգային կառույցների ներկայացուցիչների և մի շարք երկրների (Վրաստան, Կիպրոս, Խորվաթիա և այլն) իմ գործընկերների հետ։ Ձեռք բերեցինք համատեղ աշխատանքի լրացուցիչ պայմանավորվածություններ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում