Ռեժիսորը դեռ հացադուլ է անում, իսկ Մակունցը՝ ֆռռիկներ

Ռեժիսորը դեռ հացադուլ է անում, իսկ Մակունցը՝ ֆռռիկներ

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: «13 օր է հացադուլի մեջ եմ և իրենց ամբողջ կեղտոտ ստերը մեկնաբանելու ոչ ցանկություն, ոչ առողջություն ունեմ։ Ծայրից ծայր սուտ է։ Մենք ամբողջ փաթեթը ներկայացրել ենք Ազգային կինոկենտրոն»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք մշակույթի նախարարության հայտարարությունը «Տատիկիս վարսերը» ֆիլմի շուրջ ծագած խնդիրների վերաբերյալ, մասնավորապես, որ հայտադիմումի փաթեթում ոչ բոլոր փաստաթղթերին էին առկա։

Նրա խոսքով, դիտավորալ ամեն ինչ խճճում են, Նազենի Ղարիբյանի ղեկավարությամբ հանձնաժողովն ապօրինի կերպով կասեցրել է ֆիլմը և հիմա որպեսզի դրա տակից դուրս գան, ինչ-որ հիմար պատճառաբանություններ են բերում։

«Եթե հայտ եմ ներկայացրել, ինչպե՞ս կարող էի փաստաթղթերի ամբողջական փաթեթը չներկայացնեի։ Եթե Ազգային կինոկենտրոնն իր մոտ չուներ իմ փաստաթղթերը, Կինոկենտրոնի պահոցների պահակը չեմ, որ գնամ, տեսնեմ ինչ ունեն, ինչ չունեն։ Ես իմ բոլոր փաստաթղթերը ներկայացրել եմ, 25 փաստաթուղթ ուղարկվել է Ազգային կինոկենտրոն։ Հիմա իրենք ունեն, չունեն, ինչ ֆռռիկներ են անում, ինձ հետաքրքիր չէ, ինձ հետաքրքիր է այն, որ այսօր Մատենադարանի մոտ իմ կողքին ավելացել է երկրորդ վրանը։ Ինձ միացել է ազատամարտիկ Մհեր Մազմանյանը։ Դա է ինձ հետաքրքրում, ոչ թե Կիոնկենտրոնի հորինած բլեֆները»,- ասաց ռեժիսորը։

Ինչ վերաբերում է հայտարարության մեջ նշված այն հատվածին, որ 2010-2014 թթ. «Պարալլելս պրոդաքշընը», նույն ինքը՝ Հովհաննես Գալստյանը, պետությունից ստացել է 93,4 միլիոն դրամ՝ «Թողություն» (Մետամորֆոզներ, Լուսավոր շրջան, Ռեմիսիա, Սրբագրողը, Գաբրիել և Մարի) ֆիլմի արտադրության համար, սակայն ֆիլմը չկա, կա միայն 10-15 րոպե տևողությամբ տեսանյութ, «պետական գումարը անպատիժ վատնվել է», Հ. Գալստյանն ասաց. «Մենք ունեցել ենք գլխավոր դերակատարի՝ Կարեն Ջանիբեկյանի մահվան դեպք, համարտադրողի մահվան դեպք, այդ պատճառով չի ավարտվել, նկարահանումները հետաձգել ենք։ Ֆիլմը ոչ թե չավարատված է, այլ արտադրության մեջ է։ 97 րոպե նյութ կա նկարահանված, դրանից ես ցանկացած պահի կարող եմ հավաքել ֆիլմ ու համարել, որ ավարտված է ինչպես Կինոկենտրոնի բազմաթիվ ֆիլմերը, որոնք ավարտվում են, բայց ոչ մեկն էկրաններին չի նայում։ Երբ որ ավարտենք «Տատիկիս վարսերը», պետությունն անի իր պարտավորությունները, դրանից մեկ տարի հետ «Թողություն» ֆիլմը կբարաձրանա էկրան»։

Նա նշեց, որ «Տատիկիս վարսերը» ֆիլմի հանդեպ պետությունն իր պարտավորությունն անելուց հետո այլևս չի աշխատի Ազգային կինոկենտրոնի հետ, քանի այս կառույցն այսպես է աշխատում։

Հ. Գալստյանն ասաց, որ նոր հայտ չեն ներկայացնի, ինչպես առաջարկվում էր մշակույթի նախարարության հայտարարություն մեջ՝ «բացառության կարգով հնարավոր ենք համարում նախագծի մասնակցությունը 2019 թ. մրցությում՝ մյուս բոլոր մասնակիցների հետ հավասար պայմաններում»։

«Մենք մեր հայտը ներկայացրել ենք 2015 թվականին և հաստատվել է։ Իսկ սա ձուղակ է, որովհետև 2018-ին էլ էին ասում ներկայացրեք հայտը, պրոեկտը լավն է, մենք կֆինանսավորենք։ Մենք ներկայացրեցինք, սխալ արեցինք, որովհետև արդեն օրինականորեն հաստատված հայտ է։ Պետք է անեն իրենց պարտավորությունն և վերջ։

Միայն պատրաստ եմ մի բանի՝ ստեղծեն հանձնաժողով, ու մենք քննարկենք նոր պայմանագիրը, ինչը Լիլիթ Մակունցը հանձնարարել էր»,- ասաց ռեժիսոր Հ. Գալստյանը։

Նա ֆեյսբուքյան իր էջում ևս մեկ անգամ ներկայացրել է ֆիլմի հետ կապված պատմությանն ու մանրամասնել.

«Ա․ 2015թ-ի հուլիսի 21-ին Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերությունը կինոկենտրոն է ներկայացրել «Տատիկիս վարսերը» միջազգային կինոնախագծի Հայտը, որն առկա է կինոկենտրոնի պահոցում, և որում ամրագրված Է ֆիլմի բյուջեն՝ 312 մլն ՀՀ դրամ և կինոկենտրոնից ակնկալվող գումարի չափը` 88 մլն ՀՀ դրամ։

Բ․ 2016թ-ին ազգային կինոկենտրոնը հավաստիացրել է, որ գեղարվեստական խորհուրդը հաստատել է ֆիլմի Հայտը և կինոկենտրոնը կտրամադրի ֆինանսական աջակցություն արտադրության բոլոր փուլերի համար, ամբողջ բյուջեի 30%-ի չափով՝ անգլերեն փաստաթղթում և ամբողջ բյուջեի մինչև 30%-ի չափով՝ հայերեն փաստաթղթում (հայերեն փաստաթղթում նշվել է մինչև 30%, այն պարզ պատճառով, որ հայտում նշված 88 մլն դրամը կազմում է ոչ թե 30, այլ 28,2%)։

Գ․ 2018թ-ին ՀՀ մշակույթի փոխնախարար Ն․ Ղարիբյանի ղեկավարած Ֆիլմերի ֆինանասավորման պետական հանձնաժողովը մերժել է ֆիլմի ֆինանսավորումը, հղում անելով իր իսկ կողմից գրված կանոնակարգին, ինչը հետո իր իսկ նախարարությունում հրավիրված միջգերատսչական հանձնաժողովի կողմից համարվել է անօրինական։

Սա է իրականությունը։ Պետական կառույցը չի կատարել իր ստանձնած պարտավորությունը միջազգային կինոնախագծի հանդեպ։ Մնացածը փաստերի միակողմանի շարադրում է։ Մեր ընկերության «անհաջողությունների» մասին կարող է բարբաջել անկախության շրջանի հայկական կինոյին անծանոթ մեկը, …»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում