Վարդան Հակոբյան․ Կապույտը
Նմանատիպ
Գետից պոկված բեկոր էր կապույտը՝ մի տաշտակ ջուր, որի մեջ իրենց դեսուդեն էին գցում ձկները եւ նրանց մեջ հատկապես մեկը, որն էլ դուր եկավ Տիգրանին: Ձկան շերեփուկներում մի գույն կար, որ արեւի շողը ձգում, առնում էր իր մեջ, դառնում ուրիշ, բոլորովին ուրիշ մի կապույտ: Տիգրանը մտքում ձկանը անուն տվեց՝ Կապույտ, թեպետ այդպիսին երբեւէ չէր տեսել: Միտք ծագեց՝ ազատել ձկանը: Զգաց, որ այդ մտածումի մեջ Աստված կա:
– Այս ձուկը, խնդրում եմ, տուր ինձ:
– Վճարեցեք՝ վերցրեք:
– Ձկան դիմաց ես քեզ համար բանաստեղծություն կարտասանեմ, ասենք՝ «Ճպուռն ու մրջյունը»: Թռի-վռի մի ճպուռ… Փող չունեմ, մի քոռ գրոշ անգամ, և տղան պրտուտուսեց («պորտ» եւ «դուրս» բառերից) գրպանները:
– Այդքա՞նը միայն:
– Ոչ:
– Հապա՞…
Տղայի շեշտակի հայացքը դանակի շեղբի պես սրվել էր.
– Դրան գումարած՝ խոստանում եմ, որ ծեծ չես ուտի հենց հիմա:
Վաճառականը փորձեց ընդդիմանալ, սակայն ուրիշ տղաներ եկան այդ պահին ու իրար ետեւից հերթ կանգնեցին Տիգրանի թիկունքին: Տիգրանի հետ կապ չունեին, բայց ձուկ վաճառողը մի պահ վախեցավ, կարծելով, թե մի խումբ են բոլորը եւ գերադասեց լուռ ենթարկվել.
– Վերցրեք, հաշվեցեք մուծումը կատարել եք:
Տիգրանը վերցնելով ձուկը, վայրկենապես նետեց մոտիկ գետի մեջ: Այդքանը անասելի արագ կատարվեց:
Հեքիաթում լիներ, ձուկը գլուխը կհաներ ջրից, երեւի գոհունակություն կարտահայտեր:
Բայց Կապույտը գնաց ու գնաց: Իսկ Տիգրանին ոչինչ պետք չէր: Հետո ամեն օր գալիս էր գետափ՝ ապրելու-վերապրելու համար այն գեղեցիկ պահը, երբ ինքը ձկանը փրկեց: Այդ զգացումն իրեն բավականություն էր պատճառում՝ երակով հոսող տաքի նման:
Արդեն իր երազի մեջ, որպես ձուկը ջրում, մեծացավ տղան: Եվ երբեք էլ չի իմանա, որ այն աղջիկը, որին սիրեց ու ամուսնացավ, ոչ թե ձկնավաճառի դուստրն էր, այլ իր փրկած Կապույտ ձուկը: Ճիշտ է, այդպես միայն հեքիաթում է լինում, բայց ով է ասել, թե ճշմարիտը կարող է լինել հեքիաթից դուրս: Մանավանդ, որ այդ տղան, որ ես էի, հետո դարձավ Տիգրան Մեծ:
Կապույտ ձուկն էլ էր փոքր, բայց մեծ է, չէ՞:
Աղբյուր՝ Գիշեր