ՀՀ- ՌԴ հարաբերություններում ոչ մի խնդիր չկա, չի եղել և չի լինելու. Շ. Քոչարյան

Հայաստան-Ռուսաստան ռազմավարական հարաբերությունները շատ բազմաշերտ են,
բազմաբովանդակ և շարունակվելու են նույն կերպ: Այս մասին Armenpress.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

«Հայաստան- Ռուսաստան հարաբերություններում ոչ մի խնդիր չկա, չի եղել և չի լինելու»,-ասաց Շավարշ Քոչարյանը’ պատասխանելով հարցին, թե ինչպիսին են Ռուսաստանի հետ ներկայիս հարաբերությունները’ հաշվի առնելով Հայաստան ներմուծվող գազի սակագնի վերանայման հանգամանքը, որը լայն արձագանք գտավ հանրության կողմից:

ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ ձեւավորվել է բազմակողմ համագործակցության հսկայական իրավապայմանագրային դաշտ, ինչը վստահելի հիմք է հանդիսանում ռազմավարական նշանակության բազմաթիվ ծրագրեր կյանքի կոչելու համար: Վերջին 17 տարիների ընթացքում ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ կնքվել են քաղաքական, ռազմա-քաղաքական, տնտեսական եւ հումանիտար ոլորտների հարաբերությունները կարգավորող ավելի քան 170 միջպետական, միջկառավարական եւ միջգերատեսչական պայմանագրեր ու համաձայնագրեր:

Ռուսական կողմը նախատեսվում է Հայաստանին 1000 ԽՄ գազը մատակարարել 270 դոլարով 180 դոլարի փոխարեն: Այդ կապակցությամբ «ՀայՌուսգազարդ» ընկերությունը դիմել էր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին’ առաջարկելով գազի սակագինը 132 000 դրամից բարձրացնել 221 000 դրամի:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը երեսուն տոկոսով սուբսիդավորելու է գազի սակագինը: Արդյունքում, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախնական դիտարկում է արել 1 խորանարդ մետր գազի դիմաց որպես նոր գին սահմանել 156 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում