Հանրային մեղադրանքի դեպքում տուժողի բողոքը պարտադիր չէ

Հանրային մեղադրանքի դեպքերում քրեական վարույթ կարող է իրականացվել առանց տուժողի բողոքի առկայության։ Նման դիրքորոշում է հայտնել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը՝ Ջանկովիչն ընդդեմ Խորվաթիայի գործով։ Այդ մասին հայտնում է Pastinfo.am-ը:

Դիտարկվող գործով Եվրոդատարանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ներքո քննարկել է երկու մասնավոր սուբյեկտների փոխհարաբերություններին նախաքննական մարմնի միջամտության, բողոքի բացակայության պարագայում քրեական հետապնդման իրականացման իրավաչափությանը վերաբերող հարցեր։

Մասնավորապես, դատարանն անդրադառնալով Խորվաթիայի օրենսդրությամբ նախատեսված հանրային և մասնավոր մեղադրանքի գործերի քննության տարբերակված մոտեցմանն, այն ամբողջովին ընդունելի է համարել: Իրավաչափ են համարվել այն իրավիճակները, երբ կատարված հանցագործությունը քննվում է հանրային մեղադրանքի կարգով: Ջանկովիչն ընդդեմ Խորվաթիայի գործով Դիմումատուն փաստարկ էր ներկայացրել, որ իր’ Կոնվենցիայով երաշխավորված իրավունքները կարող էին երաշխավորվել, եթե պետությունն իր դեմ կատարված արարքը դիտարկեր որպես հանրային մեղադրանքի գործ, մինչդեռ դիտարկել էր որպես մասնավոր մեղադրանքի գործ: Դատարանը գտել էր, որ Կոնվենցիան չի նախատեսում բոլոր տիպի հանցագործություններով հանրային մեղադրանքի հիման վրա քրեական վարույթ իրականացնելու հնարավորություն, և հանրային կամ մասնավոր մեղադրանքի կարգով քննվող գործերի շրջանականի հստակեցումը պետության գնահատման հայեցողության շրջանակներում է: Հետևաբար, հանրային մեղադրանքի հիման վրա, առանց տուժողի բողոքի առկայության վարույթ իրականացնելը լիովին համապատասխանում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթներին:

Ավելին, Կոնվենցիայի 1-ին հոդվածն ամրագում է պետության պոզիտիվ պարտականությունը’ հարգելու, պաշտպանելու և ապահովելու մարդու իրավունքները: Պոզիտիվ պարտականությունների տեսությունը ընդլայնել է կոնվենցիայի դրույթների կիրառությունը’ ներառելով մասնավոր սուբյեկտների միջև առաջացող հարաբերությունները, որն այլ կերպ կոչվում է Կոնվեցիայի գործողության հորիզոնական ազդեցություն: Այն դեպքում, երբ պետությունն ունակ չէ կանխելու անհատների կողմից այլ անձանց իրավունքների խախտումները կամ պատժելու կատարողներին, պետությունը կարող է պատասխանատվության կանչվել պոզիտիվ պարտավորությունները խախտելու համար:

Թեև Կոնվենցիայի հիմնական դրույթների նպատակը անձի պաշտպանությունն է պետական իշխանության մարմինների կամայական միջամտությունից, Կոնվենցիան նաև պարունակում է դրական պարտավորություններ անձի իրավունքների նկատմամբ հարգանքն ապահովելու համար:

Եվրոպական դատարանը բազմիցս կարևորել է սեփականության իրավունքի նշանակությունը և նշել, որ այդ իրավունքի իրական և արդյունավետ իրականացումը պայմանավորված է ոչ միայն պետության միջամտության բացակայությամբ, այլ նաև պահանջում է պաշտպանության դրական միջոցառումներ: Սեփականության պաշտպանության դրական պարտավորության առաջացումն անխուսափելի է բոլոր այն դեպքերում, երբ կա ուղիղ կապ իրավունքի իրականացման և այն միջոցների ձեռնարկման միջև, որոնք անձը կարող է ողջամտորեն սպասել իշխանության մարմիններից: Հետևաբար, սեփականությանը սպառնացող ռիսկերի վերացման ուղղությամբ միջոցառումների չիրականացումը այդ իրավունքի պաշտպանությունը դարձնում է առերևույթ և խախտում է գույքից անարգել օգտվելու իրավունքը:

Կոնվենցիայի 1-ին հոդվածն առանձին կամ Կոնվենցիայի 13-րդ հոդվածի հետ համատեղ մեկնաբանելիս Եվրոպական դատարանը դուրս է բերում պետության արդյունավետ քննություն իրականացնելու պարտականությունը, որը չի կարող կախվածության մեջ դրվել այնպիսի գործոններից, ինչպիսին է տուժողի բողոքի առկայությունը: Օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելու փաստի ուժով (ipso facto) առաջ է գալիս արդյունավետ քննություն իրականացնելու և հանցանք կատարած անձանց բացահայտելու պետության դատավարական պարտականությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում