Եթե միայն այս կյանքի համար ենք հույս դրել ի Քրիստոս, ողորմելի ենք, քան բոլոր մարդիկ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, Irates.am: Շատերն են դիտել սարսափ ֆիլմեր` հատուկ էֆեկտներով, վախենալու կերպարներով և հսկայական բյուջեով:
Այդ ֆիլմերը հասարակության մեջ ավելացրել են հանցագործների կամ պարզապես սառնասիրտ մարդկանց թիվը, խաթարել անմեղ մանուկների քունը և անգամ զրկել նրանց այս աշխարհում հայտնվելու երբեմնի հնարավորությունից: Այնուհանդերձ, այդ ֆիլմերը սարսափելի են որոշակի տարիքային խմբի համար և ենթագիտակցության համար շատ ավելի քիչ վտանգներ են պարունակում, քան անմեղ թվացող շատ ֆիլմեր:
Ընտանեկան ու հասարակական իդիլիա պատկերող այդ ֆիլմերն արդեն իրականում սարսափելի ուղերձ ունեն, որը ենթագիտակցության մեջ տպավորվում է որպես երջանիկ ու ինքնաբավ կյանք… առանց Կյանքի: Հիմնականում կատակերգական ժանրի բոլոր ֆիլմերում ճչում է կյանքի, ընտանիքի, բարոյականության հանդեպ անլուրջ ու անպատասխանատու մոտեցումը, ծաղրվում են առաքինությունները, խրախուսվում արատները, խեղկատակությունը, շեշտադրվում են մարմնական հաճույքներն ու մարմնավոր, անկառավարելի զգացմունքները: Ողջ ընտանիքի դիտման համար նախատեսված, աչք շոյող, քնքուշ ժպիտից մինչև հոմերական քրքիջ հարուցող կամ թեկուզ աչքերից ցավակցական արցունքներ կորզող տեսարաններով հարուստ այդ ֆիլմերը նախ, ինչպես ցանկացած հեռուստատեսային նախագիծ, մեզնից խլում են մեր ժամանակը և մեր սեփական կյանքը, բայց առավել սարսափելին այդ ֆիլմերում Աստծո աննկատելի բացակայությունն է, անգամ անարգումը: Սկզբում այդ ֆիլմերը ցույց են տալիս Աստծո մասին որոշակի գաղափարով, հետո` թյուր, աղանդավորական մեկնաբանությամբ, այնուհետև` ժխտող կամ անարգող, և վերջում Աստծո գաղափարը իսպառ բացակայում է: Մարդիկ երջանիկ են, հաջողակ, բախտավոր, առողջ ու ինքնաբավ… առանց Աստծո: Եթե սարսափ ֆիլմերից բոլորը խուսափում են, և ծնողները պաշտպանում են իրենց երեխաներին նման դիտումներից, ապա թվացյալ անվտանգ ֆիլմերի դիտումը խրախուսվում է, և սերունդների երակներով հոսում է երկրի վրա դրախտ կառուցելու թունավոր պատրանքը: Այդ ֆիլմերը ցուցադրվում են անգամ այնպիսի հեռուստաալիքներով, որոնցով պետք է որ քարոզեին համբերություն, հավատի ու առաքինությունների պայքար մոլությունների և մոլորությունների դեմ: Փոխարենը ցուցադրում են, ասենք, Սուրբ Զատկի մասին ֆիլմ, որտեղ Աստծո, Քրիստոսի, փրկության մասին ոչ մի խոսք չենք լսում:
Պետությունների զանազան միությունները յուրօրինակ գաղափարախոսական փորձասենյակներ են, որտեղ մշակվում և «քաղաքացիների» վրա փորձարկվում են զանազան աստվածամերժ և աստվածանարգ գաղափարախոսական պատվաստուկներ, երկրային դրախտ կառուցելու մոդելներ և ճանապարհային քարտեզներ, մարդկային հոգիների ուծացման բաղադրատոմսեր: Որ մոդելը առավել արդյունավետ գտնվի, այն էլ կներդրվի համայն աշխարհում: Այդ ամենին նպաստում է նաև նախաքրիստոնեական աշխարհի խաղաղության և միջազգային համերաշխության երաշխավոր օլիմպիական խաղերի վերարծարծումը:
Թե՛ իրենց քրիստոնյա համարող, և թե՛ ոչ քրիստոնյա հռչակող մարդիկ նույն տեսլականն ունեն, և կյանքն այս աշխարհում վերածվում է համատարած սարսափ ֆիլմի։
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ (Երեցկին Գորիս)
Հետևեք մեզ նաև Telegram-ում