Մեջբերումներ Թումանյանի մասին
Նմանատիպ
Հովհաննես Թումանյանը ամենահայկական, ամենազգային գրողն է, խտացումը հայ ժողովրդի աշխարհայացքի, աշխարհզգացման. նրան կարդում են Հայաստանում ծերերն ու մանուկները, մեծերն ու դպրոցականները։ Օտար երկրներում հայ մարդը երկյուղածությամբ կարդում է նրան՝ հաղորդվելու համար հեռավոր, քաղցր հայրենիքի հետ, …հայրենիքի կարոտն առնելու։
Ազգերի եղբայրացման ոսկե օղակն էր նա կովկասյան ժողովուրդների միջև…
* * *
Օհաննեսը կենտրոնաձիգ անձնավորություն էր՝ հյուրասեր, մարդամոտ։ Զրույցի համար հոգի էր տալիս։ Օրվա որ ժամին գնայիր նրա մոտ, ձեռքի գործը կթողներ և, ժպիտը դեմքին, կնստեր զրույցի… Ավետիք Իսահակյան
* * *
Վերնատան անդամները 1903 թվականին՝ Ավետիք Իսահակյան, Ղազարոս Աղայան, Հովհաննես Թումանյան (նստած) և Լևոն Շանթ, Դերենիկ Դեմիրճյան (կանգնած)։
Թումանյանի պոեզիան Հայաստանն ինքն է՝ հնադարյան և նոր, հարություն առած և բանաստեղծությամբ արտահայտված՝ մեծ վարպետի ձեռքով։
Վալերի Բրյուսով
* * *
Կա Մեծարենց, կա Տերյան, – և բազում ուրիշ պոետներ կան,
Բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության:
* * *
Նա մեծ էր հողով, արյունով։ -Արմատներ ուներ նա հողում։
Իր երգերը գեղջուկ նաիրցու քրտինքով էր նա ողողում:
Հանճարեղ երգերում նրա – իր երկրի արևն է շողում:-
Նա մեծ էր հողով, արյունով: – Արմատներ ուներ նա հողում:
* * *
Ես կարդում եմ նրան ու ասում. – Այս հմո՛ւտ, հանճարեղ Լոռեցին
Հոմերի, Գյոթեի հետ մի օր՝ Հավասար՝ նստել է քեֆի,
Եվ թաս է բռնել նրանց հետ, Մեծարանք տվել ու առել,
Ինչպես իր պապերն են արել՝ Իրար հետ խնջույքի նստելիս։
Եղիշե Չարենց
* * *
Նրա կախարդական գրիչը ուր որ դիպավ, կատարվեց իսկական արվեստի հրաշքը՝ լինի առակ թե քառյակ, հեքիաթ թե պատմվածք, հովվերգություն թե վիպագրություն։
…. Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը լեհերի համար»։
Ավետիք Իսահակյա
* * *
Հովհաննես Թումանյանի գրեթե բոլոր գրվածքները կարելի է այս կամ այն ձևով երաժշտության վերածել, այնքան տրամադրող ու հնչուն են դրանք։ Մեր բանաստեղծներից և ոչ մեկը այնքան չի օգտագործվել կոմպոզիտորների կողմից, որքան Հովհաննես Թումանյանը։
Արմեն Տիգրանյան
* * *
Թումանյանը ժողովրդական հանճարի փայլատակում է։ Ծնվելով հողից, ունենալով լեռնցու մեծ սիրտ ու պայծառ երևակայություն՝ նա իր ստեղծագործության մեջ խտացրեց իր ժողովրդի ազգային նկարագիրը, նրա ճակատագիրն ու պատմական գոյատևման վիթխարի ուժը։ Նա ի տես աշխարհի բարձրացրեց մեր ժողովրդի համամարդկային ոգին, բարի սիրտը, անմար, հեթանոս հավատը բնության նկատմամբ։
Մարտիրոս Սարյան
* * *
Թումանյանի պոեմներից առաջացած հիացմունքից չեմ կարողանում ազատվել. փափագում եմ ինչքան կարելի է շուտ սկսել Թմկաբերդի իշխանուհու մասին օպերան։
Ալեքսանդր Սպենդիարյան
* * *
Ընթերցելով Թումանյանի երկերը՝ մեր ժողովուրդը նրանց մեջ գտավ իր սեփական հույզերի և մտքերի ամենահարազատ վերարտադրումը։ Նրա ստեղծագործության միջոցով ժողովուրդը ինքը ճանաչեց իրեն և սիրեց Թումանյանին անմահական սիրով։
Վիկտոր Համբարձումյան
* * *
Հովհաննես Թումանյանը ստեղծել է իր սեփական երկերը մե պոեզիայի մեջ։ Նա արդեն վարպետ է ամեն կողմից, մեծ գեղարվեստագետ և ժոովրդական հոգու իմաստուն ու վսեմ թարգման։ Նա կանգնած է իր հստակ ճանապարհի վրա, որ լի է գեղարվեստական հրաշալիքներով։
* * *
Այսօր Թումանյանը իր լեզուն հասցրել է այն բյուրեղանման պարզության, որը մոտեցնում է նրան Պուշկինին, և որը նրա գերագույն արժանիքներից մեկը պիտի համավի։
Վահան Տերյան
* * *
Հովհաննես Թումանյանը դարագլուխ է մեր գրական կուլտուրաի պատմության մեջ։ Նա բարձրացնում է մեր կուլտուրայի արժեքը, բարձրացնում է նրա տեսակարար կշիռը։ Նա պատկանում է իր ժողովրդին, որին ծառայեց նա իր գրչով ու խոսքով…
Դերենիկ Դեմիրճյան
* * *
Հեղեղի պես իջավ նա առասպելական Լոռու վայրենի լեռներից՝ բերելով իր հետ մի ամբողջ բնություն՝ հուռթի ու բազմատարր, մի ամբողջ հինավուրց ժողովուրդ՝ իր տոհմիկ երգերով ու խոսքով, հույզերով ու երևակայությամբ։ Եվ ինչպես ստեղծող բնությունը՝ փռեց նա մեր հոգու առջև իսկական, անկեղծ բանաստեղծությունը։
Ավետիք Իսահակյան
* * *
…Թումանյանը հայության կյանքի բազմակողմանի ընդգրկումով, նրա հուզական աշխարհի և ոգու նկարագիրներով, հարազատ, պարզ ու վսեմ արվեստով հանդիսանում է մեր ազգային մեծ երգիչը, մեր մեծ բանաստեղծը։
Ստեփան Զորյան
* * *
Հովհաննես Թումանյանը այն կախարդն է, այն Այվազովսկին, որ վրձինը ձեռքին գոչում է տարերքին և հնազանդեցնում իրեն։
* * *
Ուրիշ ժողովուրդների ընթերցողներին Թումանյանի պոեմները (օրինակ՝ «Անուշը») ավելի շատ բան են տալիս Հայաստանի և նրա կյանքի մասին, քան կարող են տալ հատուկ հետազոտությունների ստվար հատորները։
* * *
Թումանյանի պոեզիան իր ամբողջության մեջ հենց ինքը Հայաստանն է, հնադարյան ու նոր, մեծ վարպետի հարություն առած ու տպավորված ոտանավորի մեջ։
Վալերի Բրյուսով
* * *
Թումանյանի բոլոր երկերը տոգորված են իսկական դեմոկրատիզմով, ջերմ համակրանքով դեպի աշխատավորները։ Նրա պոեզիան գեղեցիկ է, պարզ, հանրամատչելի ու մտերիմ:
Վալերի Կիրպոտին
* * *
Նրան, ով գրել է «Մի կաթիլ մեղրը», «Շունն ու կատուն», «Մուկիկի մահը», իրոք որ չի կարելի համաշխարհային արվեստի առաջնակարգ վարպետների կարգը չդասել։
Կոռնեյ Չուկովսկի
* * *
Ի՜նչ երջանիկ է Հայաստանը, որ ծնել է այդպիսի իսկական հումանիստ։ Ի՜նչ երջանիկ ժողովուրդ է, որ դաստիարակել է այդպիսի մեծ սիրտ։ Ե՛վ սիրտ, և՛ կամք, և՛ միտք։
* * *
Ինչպես բարձր են Հայաստանի լեռները, այնպես էլ բարձր է Հովհաննես Թումանյանի բարոյական դեմքը։ Ինչպես խորն են Հայաստանի լճերը, այնպես էլ խորն են Թումանյանի մտքերը։
Պավլո Տիչինա
* * *
Նրան կկարդան երկար տարիներ։ Ապագա սերունդները նրան կսիրեն շատ ժամանակ։
Ալեքսանդր Մյասնիկյան
* * *
Ես չեմ կասկածում, որ հայ բանաստեղծության կաճառի ամենաբարձր դեմքը Հովհաննեսն է, որ այնպես լավ ճանաչում էր հայ գյուղը, իր գեղեցիկ քնարի մեջ նոր հնչյուններ կգտներ երգելու համար այն բոլոր նորը, որ առաջ է եկել… հայ աշխատավորության կյանքում։
Հովհաննես Հովհաննիսյան
* * *
Հովհաննես Թումանյանը մեկն էր այն երջանիկներից, որոնց հոգեկան հմայքը, տաղանդի պարզությունը այնքան էր զորավոր, որ ճեղքում էր ամեն մի արգելք ու պատնեշ, հասնում էր ուրիշ սրտերի խորքը, դառնում էր հանուր ու մարդկային:
Եղիշե Չարենց
* * *
Թումանյանը հենց նա է, ում հետ ենք մենք ամենքս՝ կամա թե ակամա, գիտությամբ թե անգիտությամբ։ Հետն ենք ամբողջ կյանքներումս՝ տակավին գրաճանաչ չդարձած և մինչև մահվան մահիճ։ Հետն ենք առավել, քան որևէ մեկ այլ գրողի։
* * *
Թումանյանը մեր այն միակ բանաստեղծն է, որ գրել է համարյա թե գրական բոլոր ժանրերով ու տեսակներով, ըստ որում ոչ թե սոսկ գրելու փաստով, այլ այն իրողությամբ, որ ամենուրեք հանդես է եկել իբրև դասական, իբրև օրինակելի, իբրև չափանիշ։
Թումանյանի ճակատին էր գրված՝ լինել հայ ժողովրդի ետմիջնադարյան պատմության կենսագիրը։
Պարույր Սևակ
* * *
Մեր նորահաս բանաստեղծների մեջ Հովհաննես Թումանյանը միշտ բարձր է ամենքից էլ և ունի փայլուն ապագա․․․ նա ունի բարձրաթռիչք երևակայություն, ճոխ և սահուն լեզու, խորաթափանց զննողություն և այն բոլոր հոգեբանական առանձնահատկությունները, որոնք պետք են մի ապագա ինքնուրույն բանաստեղծի տաղանդն ու հանճարը բնորոշելու համար։
Ղազարոս Աղայան
* * *
Թումանյանը մեր մշակույթի, մեր մտավոր խոյանքների, մեր սլացումների ու թռիչքների ամենաբարձր, ամենաերկնամերձ կատարն է:
Հրաչյա Քոչար
* * *
Մեր էությունը լի է Թումանյանով, նրա ոգով ու շնչով, թումանյանական խոր թախիծով ու պայծառ ծիծաղով։
Հրաչյա Քոչար
Հետևեք մեզ նաև Telegram-ում