«Եվ երբ պրոֆեսիոնալ երաժիշտ դարձա, կոնսերվատորիա ավարտեցի, նոր հասկացա, թե Կոմիտաս կատարելն ինչ բան է»
Նմանատիպ
Լրացավ հայ դիրիժորական դպրոցի լավագույն ներկայացուցիչներից մեկի` ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԵՔԻՋՅԱՆԻ, 90-ամյակը։
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, Irates.am: Երբ նշվում էր դիրիժորի 75-ամյակը, իմ «Օթյակ» հեռուստաշարքում հաղորդում պատրաստեցի նշանավոր արվեստագետի մասին։ Հաղորդումը սկսվեց Չեքիջյանի մայրիկի ողջույնի խոսքով. այդ տեսաերիզը ցուցադրվել էր նաև օպերային թատրոնում, որտեղ մեծ հանդիսավորությամբ նշվեց հոբելյանը։ Ահա այդ խոսքը. «Սիրելի տղաս` Հովհաննես Չեքիջյան, ծննդյանդ 75-ամյակի առթիվ կուզեմ իմ սրտագին շնորհավորությունները ըսել։ Անշուշտ, կփափագեի անձամբ ներկա ըլլալ ու կարոտով ողջունել այդ ուրախ օրը, բայց առաջացած տարիքիս պատճառով չեմ կարող գալ խոսել։
ՈՒրեմն այս հեռավոր ափերեն կուղարկեմ քեզ առողջության ու հաջողության ջերմ մաղթանքներս։ Ես, անշուշտ, ինքզինքս ուրախ ու երանելի կզգամ ու կխորհեմ, որ այն մանուկը, որ աշխարհ եկավ 75 տարի առաջ, ունեցավ բեղուն կյանք, արդյունավետ կյանք աշխարհի և հայաստանյան սփյուռքի արվեստի մեջ։ Ես մայրական հպարտություն կզգամ այն բոլոր գովեստի արտահայտությունների ու խոսքերի համար, որ ասվել ու գրվել են քո մասին աշխարհի տարբեր երկրներում մեծ արվեստագետների կողմից։ Ինձ հարգված կզգամ։ Հայաստանի ակադեմիական երգչախմբի ձայնագրությունները, մասնավորապես «Սուրբ պատարագը», ինձ համար հոգևոր սնունդ եղան։
Երգիչներուդ ձայնը պայծառ մնա միշտ։ Քեզ կմաղթեմ ուժ ու կարողություն։
Բարևներս ու սիրալիր համբույրներս քեզ կուղարկեմ։
Առայժմ։
Մայրդ` Պերճուհի Չեքիջյան»։
Այնուհետև Հովհաննես Չեքիջյանը պատմեց իր կյանքի ու գործունեության մասին.
– Այո, մայրիկս կա։ 1903 թվի ծնունդ է։ Եվ ոչ միայն կա, շատ աշխույժ է իր բնավորությամբ, շատ արագաշարժ է, լրիվ առողջ տրամաբանությամբ։ Երբեք չես ասի, որ այդ տարիքին է։ Իհարկե, շատ հեռու է մայրիկս, Կանադայում է ապրում, այնտեղից գալ-գնալը այդ տարիքում հեշտ չէ, չնայած եկել է մի անգամ։ Ես գնացել եմ չորս անգամ։
Տարօրինակ բան է, մայրիկիս մասին ես կարող եմ ասել հետևյալը. երբ միասին էինք ապրում, մի օր չեղավ, որ ասի` գլուխս ցավում է, կամ հարբուխ եմ, նման բան չի եղել, թու, թու… Շատ առողջ կին է, իսկ հայրս` չէ։
Քույրս որ ծնվեց, ես 13 տարեկան էի։ Խառը ժամանակ էր, պատերազմ էր, կարելի է ասել, քույրս իմ ձեռքին մեծացավ։
Հայրս Կոմիտասի սանն է եղել։ Ես Կոմիտասին չեմ տեսել, բայց մեր տան պատին մի նկար էր կախված` Կոմիտասի երգչախումբն էր, ձախից չորրորդը հայրս էր, ամենակրտսերը երգչախմբում։ Իմ մեծ հայրիկը, այսինքն պապիկս, կլառնետիստ է եղել, շուտ է մահացել։
Կոմիտասը եղել է մեր տանը 15 օրով։ Հայրս ասում էր, որ շատ առողջ մարդ էր, չոր թախտի վրա էր քնում, վրան մի սավան։ Շատ են խնդրել, որ երգի, չի երգել։ Բայց վերջին գիշերը երգել է, չի մերժել։ Մի կիտրոն է խնդրել, կիսել է, մզել ու խմել։ Ձայնը կարծես սառնիչի միջից գար։ Հին տներում բետոնե քառակուսի հոր կար, ուր լցվում էր անձրևաջուրը։ Տնային տնտեսուհիները օգտվում էին այդ ջրից, լվանում էին հատակը և այլն, և քանի որ սառնարան չկար, մթերքը կախում էին այդ հորում, այսինքն սառն էր պահում։ Դրա համար ասում էին սառնիչ։
Եվ ձայնը, որ հորի միջից դուրս գա, ո՞նց կլինի։ Այդպիսի տպավորություն է։
Հորս ընկերները, որ հավաքվում էին մեր տանը, երգում էին բազմաձայն, այնպես, ինչպես Վարդապետն էր իրենց սովորեցրել։
Ես շատ փոքրիկ էի, սեղանի տակ էի ման գալիս։ Բայց այդ հնչյունները, որ ականջ-ականջ լսեցի, ինձ վրա մեծ տպավորություն թողեցին։ Փոքր հասակում որ մի բան սովորում ես, լսում ես, մնում է։ Եվ երբ պրոֆեսիոնալ երաժիշտ, կոնսերվատորիա ավարտեցի, նոր հասկացա, թե Կոմիտաս կատարելն ինչ բան է. այսինքն նոտաները շատ քիչ են։
Կոմիտասի հայկական, իսկական հայկական էմոցիաները հաղորդելու համար պետք է լսենք Կոմիտասի ձայնից մնացած փշրանքները։ Եթե մենք համեմատում ենք նրա գրած նոտաների հետ, տարբերություն ենք տեսնում։ Համեմատենք մեր ճարտարապետության հետ, կարծես շինությունների սյուները նույնն են, բայց տարբեր, մեկը մյուսին նման չէ։ Երաժշտության մեջ էլ նոտաները չեն կրկնվում. կամ մի քիչ բարձր են, կամ մի քիչ ցածր։ Եթե որևէ եվրոպացի Կոմիտաս կատարի, նա նոտաները կկատարի, իսկ իսկական հայկական արմատները ամուր են և արժեքավոր։ Դա հայկական է միայն։
Ես հրավեր ստացա Մոսկվայում աշխատելու։ Էնտեղ չուզեցի մնալ։ Եկա Երևան, մեծ դժվարություններ հաղթահարեցի, նույնիսկ վիզա չունեի։ Եկա 1961 թվականի սեպտեմբերին և նոյեմբերի 27-ին տեղի ունեցավ իմ առաջին համերգը Արամ Խաչատրյանի անվան մեծ դահլիճում, էն ժամանակ կոչվում էր ֆիլհարմոնիայի մեծ դահլիճ։
Ոչ մեկն ինձ չգիտեր։ Համերգի առաջին մասը եղավ ակապելա, երկրորդ մասը` սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Դահլիճը լեփ-լեցուն էր, ոտքի վրա էլ շատ ունկնդիր կար։ Արտակարգ ընդունելություն եղավ, արտակարգ ծաղկեփնջեր։ Դա իմ առաջին քայլն էր։ Հետո մեծ պատասխանատվություն` առաջին համերգը Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում, հետո Լենինգրադում Շոստակովիչի անվան դահլիճում, որտեղ գոյություն ունի աշխարհի հինգ լավագույն սիմֆոնիկ նվագախմբերից մեկը` Մռավինսկու նվագախումբը։
Հիմա Մռավինսկին չկա, էն ժամանակ կար։ Եվ այդ նվագախմբի հետ Շոստակովիչի դահլիճում մենք տվել ենք 77 համերգ։
Կարևոր էին և արտասահմանյան համերգների առաջին տպավորությունները։ Ելույթ ենք ունեցել Փարիզի ամենամեծ համերգային դահլիճներում։ Այդ համերգներն ունկնդրել են ոչ միայն հայերը, այլև օտար ունկնդիրները։ Կոնգրեսների 3600-տեղանոց դահլիճը բերնեբերան լիքն էր, այնքան լիքը, որ կինս աթոռ չունեցավ, համերգը լսեց կուլիսներից։
Ելույթ ենք ունեցել նաև Շանզ Էլիզե թատրոնի դահլիճում։ Ֆրանսիայում հյուսիսից հարավ մենք 50 համերգ ենք տվել։
Տարի է եղել, որ 8 անգամ շրջագայությունների ենք գնացել։ Մեր արտիստները բողոքում էին` տուն-տեղ թողած համերգներ ենք տալիս, հիմա էլ ասում են` ե՞րբ պիտի արտասահման գնանք։ Դժվարություններ իմ կյանքում միշտ եղել են, ես հաղթահարել եմ դրանք։ Ես այս խմբով արել եմ գրեթե անհնարինը։ Հիմա այս պայմաններում, շուկայական հարաբերությունների պայմաններում այսպիսի կոլեկտիվ պահելը շատ դժվար է և ընդհանրապես, 43 տարի լինել այսպիսի կոլեկտիվի ղեկավար շատ բարդ է։
Իհարկե, այս ընթացքում ես խոշոր հաջողությունների հասա, հատկապես արտասահմանում։ Նյու Յորքի հայտնի դահլիճներից մեկում նույնիսկ կային սևամորթներ, որոնք լաց եղան։ Բոստոնում հրաշալի համերգ ունեցանք հրաշալի ակուստիկայով դահլիճում։ Ֆիլադելֆիայում` 3 համերգ, Լոս Անջելեսում` 6, ապա Սան Ֆրանցիսկո, Լոնդոն…
ՈՒնեցել ենք համերգ Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում, Մոսկվայի ամենածանրակշիռ ունկնդիրն այնտեղ է։ Ինչ պրեմիերա ասես չենք արել, Խորհրդային Միությունում չկատարված գործերն առաջինը մենք ենք կատարել։ Այսքան հաջողություններից հետո մի կարծեք, թե դժվար օրեր չենք ունեցել։ Դժվար օրեր շատ ունեցանք, հիմա էլ հեշտ չէ, աշխատավարձերը շատ ցածր են։ Չգիտեմ, որ օրենքով են վարձատրում այսքան քիչ։ Հիմա իմ պայքարը դա է. ասում եմ, օրենքը բերեք, ես բերանս փակեմ։ Չկա այդպիսի օրենք, խորհրդարանը պետք է ընդունի «Օրենք թատրոնների մասին», որից մենք պետք է օգտվենք։ Սրտատրոփ սպասում ենք, բայց երբ կլինի, չգիտեմ։
Համենայն դեպս, հիմա աշխատում ենք առանց օրենքի, առանց հիմք ունենալու, ով ինչքան փող է ստանում, քմահաճույքով է, դժբախտաբար։ Իսկ սա ակադեմիական կոլեկտիվ է։ Մենք երեք ակադեմիական կոլեկտիվ ունենք. մեկը` օպերային թատրոնը Թավրիզյանի ժամանակ, Սունդուկյանի թատրոնը և մենք։ ՈՒրիշ ակադեմիական խումբ չկա Հայաստանում։
Գոնե այս երեքի համար արեք մի ժեստ, գոնե մի բանով ուրախացրեք մեզ, որովհետև մենք արժանի ենք, մենք վաստակել ենք այդ կոչումը։ Ինչ որ է, իմ 43 տարվա աշխատանքը միշտ եղել է պայքարով։ Առանց պայքարի ոչ մի բան չենք անում։
Դժբախտաբար, քո առօրյա ստեղծագործական գործը թողնում ես ու ընկնում ադմինիստրատիվ պրոզայի հետևից, որպեսզի կարողանաս մի բան հաջողացնել։
Տարիներ առաջ, երբ առաջին դեմքը Քոչինյանն էր, նա մի հեռագիր էր ստացել Ֆրանսիայից, էնտեղի դեսպանությունից։ Իր ասելով նման հեռագիր երբեք չէր ստացել և շատ էր ուրախացել։ Հատուկ հանձնաժողով ստեղծվեց մեզ խրախուսելու համար, եկավ Կենտկոմի կուլտուրայի բաժնի վարիչ Գուրգեն Առաքելյանը։ Ես իմ պատասխան խոսքում ասացի. «Երբ ես բեմ եմ բարձրանում, չնայած ամենաբարդ արվեստն է, բայց իմ գործը ավարտված է։ Ես գիտեմ, ինչ պետք է անեմ։ Բայց մինչև բեմ բարձրանալն այնքան կազմակերպական դժվարություններ կան, և դրանք հաղթահարելն էնքան էլ հեշտ չէ»։
Օրինակ, մի համերգ ունեցա Բուդապեշտի սիմֆոնիկ նվագախմբի, Սվեշնիկովի կապելայի, հունգարական մի ուրիշ երգչախմբի և մեր կապելայի մասնակցությամբ, միացյալ համերգ։ Կատարեցինք Բեռլիոզի «Ռեքվիեմը»։ Ասելը հեշտ է, բայց դրանք կողք կողքի բերելը, փորձերը, ֆինանսները դժվար բան է։ Ասածս այն է, որ ամենադժվարը մեզ համար արվեստն է։ Չկա ինձ համար որևէ երևույթ, որ բարձր լինի արվեստից։ Ես հարգում եմ բոլոր կուսակցությունները, բայց իմ կատարողական արվեստը համարում եմ բոլորից բարձր։ Ես ոչ մի կուսակցության անդամ կյանքում չեմ եղել ու չեմ էլ լինի, չնայած բոլորին հարգում եմ։
Հաջողություններ ունեցող մարդը իհարկե պետք է ունենա նաև չկամեցողներ։ Դրանք կան։ Էդ փշոտ ճանապարհներով անցել եմ։ Իհարկե, չհանդուրժողներ կլինեն, իհարկե, քո գլխին կեղտաջուր լցնելու փորձեր կանեն։ Կյանք է… ՈՒմ կյանքը էդպես չի եղել։ Օրինակ, Շոստակովիչը, Արամ Խաչատրյանը… Ինչ ասես չեն տեսել այդ մարդիկ, կամ Մարտիրոս Սարյանը… Վերադառնալով մեր շրջագայություններին, ասեմ, որ մենք իրոք խոշոր հաջողությունների ենք հասել միջազգային ասպարեզում։ Իմ նպատակը դա է եղել, ոտքից գլուխ դրա համար եմ զինվորագրվել այդ գործին, որպեսզի մեր խմբի միջոցով ցույց տամ, թե Հայաստանն ինչի է ընդունակ, այսինքն մեր արվեստով լավ տպավորություն ստեղծենք մեր հանրապետության մասին։ Սա է եղել իմ ամբողջ իղձը։ Ինձ հաջողվել է այդ բանը, չնայած կատարողական արվեստը սահմաններ չունի, լավից լավը կա, բայց նույնիսկ այդ սահմաններից դուրս էլ պետք է ապացուցես, որ հայերը մեծ խմբով, հավաքաբար կարող են լավ գործ անել։
Վերջերս 4 անգամ եղել ենք Եվրոպայում։ Հունաստանից երկու հրավեր ստացանք, խոշոր հաջողություն ունեցանք։ Մի անգամ եղանք Մոսկվայում, մի անգամ էլ Փարիզում։
ՈՒնեցանք նշանավոր համերգ Նոտր Դամում։ Համերգին ներկա էր Ժակ Շիրակը։ Իր հատուկ շարմով եկավ ինձ կուլիսներից բերեց առաջ, հետը բավականին խոսեցի ֆրանսերեն։ Համերգին ներկա էր և մեր նախագահը տիկնոջ հետ։ Դա պատմական օր էր, քանի որ երկու նախագահ կար։
Չեխոսլովակիայում ունեցանք պրեմիերա Սմետանայի անվան դահլիճում։ Դա Բեռլիոզի «Թեդեոն» էր։ Ինձ համար, ամբողջ կապելայի համար դա պատմական օր էր։ Արտասահման գնալը հիմա ավելի հեշտ է, որովհետև Մոսկվայում մի ձեռքով կառավարող «թՏրՍՏվՓպՐՑ»-ը չկա, որին պետք է շահագրգռեիր անպայման։ Մի ձեռքով էր ղեկավարվում` կուզենային կանեին, չէին ուզենա, չէին անի։ Հիմա մենք իրավունք ունենք ուղղակի պայմանագիր կնքելու այն կազմակերպության հետ, որն ուզում է մեզ հրավիրել։ Բայց և այնպես ճանապարհածախսը, որպես օրենք, մեզ վրա է ընկնում, և այսքան մարդ տեղափոխելը մի երկրից մյուսը բավականին դժվար է։ Օրինակ, ֆինանսական առումով այսօր Լենինգրադ գնալն ավելի դժվար է, քան եվրոպական որևէ երկիր։ Ի դեպ, Լենինգրադի ունկնդիրը շատ բծախնդիր է ու շատ պատրաստված։ Նրանք գալիս են համերգի պարտիտուրան ուսումնասիրած, պարտիտուրան ձեռքներին։ Այդ դահլիճի կոնտինգենտը հատուկ է, և նրանց համար կատարողական արվեստը սուրբ բան է։ Եթե ինձ հարցնեն` ո՞ր դահլիճն է հուզիչ` Փարիզի, թե Լենինգրադի, ես կասեմ Լենինգրադի։ Լենինգրադում մեծ պատասխանատվություն կա, շատ լավ ունկնդիր կա, Փարիզի դահլիճներում կարելի է պատահական մարդկանց տեսնել։ Եթե այսօր էլ իմ ազգանունը կարդան լենինգրադցիները ազդագրերում, կես ժամ հետո տոմս չի մնա։ Դա հաստատ կարող եմ ասել։ Էդ աստիճանի մեզ սիրում են այնտեղ։
Մաեստրոյին այդ երեկո անակնկալ էր սպասում. իր ղեկավարած կոլեկտիվը նրան նվիրեց դիրիժողական ոսկե փայտիկ։
– Դա տասնյակ տարիների քրտինքի արդյունք է։ Իմ ստեղնաշարը կենդանի մարդիկ են, ու կենդանի մարդկանց հոգեբանության մեջ մտնելու արվեստը շատ կարևոր է։
Այնպես չէ, որ խփես, ու մարդն անմիջապես պատասխանի քեզ։ Որպեսզի մարդը քեզ պատասխանի, դու ոչ միայն պիտի խփես, այլ նաև տրամադրես։ Տրամադրություն չունեցողը չի կարող երգել։ Դու նախ տրամադրություն պիտի ստեղծես, նոր նրանից պահանջես` երգի։ Կան անտեսանելի թելեր իրենց շուրթերի հետ կապված, ավելի ճիշտ, ուղեղի ու իմ միջև։
Իմ կոլեկտիվից շատ գոհ եմ, որովհետև նրանք ունեն ոչ միայն երաժշտական դաստիարակություն, այլ նաև մեծ հայրենասիրություն։ Իմ շուրջը հավաքված մարդիկ ինձ համար են աշխատում, փողի համար չեն աշխատում։ Տարբերությունը մեծ է։
Եվ եթե այդ խումբը մինչև օրս կանգուն է մնացել, հավատացեք, որ այդ մարդկանց զոհաբերության գնով է։ Իմ շուրջը հավաքված մարդիկ կատարողական արվեստի համար են գալիս, ուրիշ հաշիվ չկա էստեղ…
Հրապարակման պատրաստեց՝ Գարիկ ՂԱԶԱՐՅԱՆԸ
Հետևեք մեզ նաև Telegram-ում