Սեյրան Օհանյանը կարևորել է ռազմական հոգեբանության գործոնը զինված ուժերում

ՀՀ պաշտպանության նախարարությունում մայիսի 30-ին ամփոփվեց «Ռազմական հոգեբանության հիմնախնդիրները» թեմայով երկօրյա գիտաժողովը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Գիտաժողովի ավարտին մասնակիցների կողմից մի շարք առաջարկներ արվեցին’ միտված սպա-հոգեբանների համակարգի զարգացմանը, ինչպես նաև ռազմական հոգեբանների գիտելիքների և հմտությունների, մասնագետական ունակությունների բարձրացմանը: Ներկայացվեցին նաև զինվորականների շրջանում կոնֆլիկտների առաջացման հոգեբանական գործոնները, նշվեցին դրանց վերացման ուղիները, այդ համատեքստում ընդգծվեց սպայական անձնակազմի վերապատրաստման կարևորությունը:

Ողջունելով մասնակիցներին և իր գոհունակությունը հայտնելով գիտաժողովի անցկացման կապակցությամբ’ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորեց ռազմական հոգեբանության գործոնը զինված ուժերում’ նշելով, որ այն կարող է վեր հանել և՛ բացասական, և՛ դրական երևույթները’ լուծում տալով ծառացած խնդիրներին: Պաշտպանության նախարարը հավելեց, որ հոգեբանական պատրաստության աշխատանքների արդյունքները տեսանելի կլինեն զինծառայողի բարձր պատրաստվածության, առաջադրված խնդիրներն արդյունավետ կատարելու դեպքում: Այս առումով Սեյրան Օհանյանը կարևորեց վարժանքների անցկացումը զինծառայողների հոգեբանական զարգացման և մարտական ոգու կոփման գոծում: Նա հատուկ ուշադրություն հրավիրեց մայրենի լեզվի ուսուցման և ընդհանրապես կրթական պրոցեսի վրա:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքերով’ կարևորագույն խնդիրներից է հաղթողի կերպարի ձևավորումը հասարակության շրջանում, հատկապես’ բանակում. «Բանակը բոլոր երկրներում, առավել ևս մեր իրականությունում, ընկալվում է որպես սրբություն: Մեր բանակը կռվել, հաղթել է և այսօր էլ հայրենիքի սահմաններն է պաշտպանում: Հաղթողի գործոնը, հաղթողի կերպարը հարկավոր է խորապես ներկայացնել հասարակությանը’ ընդգծելով այն ամբողջ դրականը, որ կա բանակում, նաև’ բանակի քրտնաջան աշխատանքն ու այն քննությունը, որ բանակն ամեն օր հանձնում է սահմանները պաշտպանելիս»,- եզրահանգեց պաշտպանության նախարարը:

Ավարտին Սեյրան Օհանյանը նախանշեց հետագա անելիքները’ աշխատանքները գործնական փուլ տեղափոխելու համար, ինչպես նաև գիտաժողովի անդամներին հանձնարարեց կազմել միջոցառումների ծրագիր’ ճիշտ ընտրելով գործողությունների հաջորդականությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում