Նախկին վարչապետը նշանակվել է «ԱրմենՏել»-ի տնօրենների խորհրդի անդամ

«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, ՀՀ նախկին վարչապետ, Հայ-ոուսական (սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը մոտ մեկ շաբաթ առաջ նշանակվել է «ԱրմենՏել» բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի անդամ:

Այս մասին գրում է«Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Արմեն Դարբինյանի, որպես «ԱրմենՏելի» տնօրենների խորհրդի անդամի ընտրությունը տեղի է ունեցել մոտ երկու շաբաթ առաջ, սակայն պաշտոնական տեսք է ստացել երեք օր առաջ: «ԱրմենՏելի» տնօրենների խորհրդի անդամները նշանակվում են ընկերության սեփականատեր «Վիմպելկոմ» ընկերության կողմից: Ներկայումս «ԱրմենՏելի» տնօրենների խորհուրդն ունի հինգ անդամ, որոնցից միայն Արմեն Դարբինյանն է ազգությամբ հայ, մնացած անդամները ռուսներ են: Արմեն Դարբինյանի նշանակումը՝ վերջին մեկ ամսում «ԱրմենՏելում» արդեն թվով երրորդ առանցքային կադրային փոփոխությունն է: Մայիսի սկզբին «ԱրմենՏելի» նոր գլխավոր տնօրեն նշանակվեց Անդրեյ Պյատախինը: Նա մինչ այս զբաղեցրել է «Վիմպելկոմ» ընկերության փոխնախագահի պաշտոնը: Տասը օր առաջ էլ Ֆիքսված կապի բլոկի նոր տնօրեն նշանակվեց Անդրեյ Պոնոմարյովը»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Հետևեք մեզ նաև Telegram-ում