Պաշտոնական «մտահոգություններ»

Արամ Աբրահամյանն «Առավոտի» այսօրվա խմբագրականում գրել է. ««Ցավոք սրտի, ընդդիմությունը Հայաստանում շատ թույլ է: Այնինչ դա ցանկացած ժողովրդավարական պետության հիմքն է, և մենք մեծապես շահագրգռված ենք, որ ընդդիմությունը մեր երկրում կայանա»: Այս տեսակի խոսակցությունները մենք լսում ենք 1995 թվականից ի վեր, և նման «խիստ ժողովրդավարական» մտքերի հեղինակները, բնականաբար, օրվա իշխանություններն են: Փոքր-ինչ վերաձևակերպելով հայտնի ասույթը’կարելի է ասել, որ երբեք իշխանավորները այնքան երեսպաշտ չեն լինում, որքան ընտրություններից հետո: Բառիս բուն իմաստով ամեն գնով [վերջերս առավելապես «նյութական միջոցներով»] ընտրություններում սեփական հաղթանակը ապահովելով’ նրանք այնուհետև կոկորդիլոսի արցունքներ են թափում, թե՜ ախ, ինչ վատ է, որ Հայաստանում ընդդիմություն չկա: Ընդդիմություն չունենալու այս պաշտոնական «ափսոսանքը» հակասության մեջ է մտնում այն խոստովանությունների հետ, որոնք off the record վարում են իշխանության ներկայացուցիչները: Ստորին’ «թաղային» մակարդակով. «Բա մենք կթողԱնք, որ սրանք իմ թաղում ինչ-որ դվիժենիներ անեն’ ստեղ մենք ենք ռուլիտ անում»: Ավելի բարձր’ հանրապետական մակարդակով. «Աստված չանի, որ այսինչը դառնա գյուղապետ, քաղաքապետ կամ նախագահ’ նա խոսացող է, իսկ մենք’ գործ անող»: Դրանք, իհարկե, արդարացումներ են, որոնցով փորձում են քողարկել տնտեսական կամ քաղաքական լծակները կորցնելու տարրական վախը: Թերևս չարժե էլ լրջորեն բանավիճել նման «ոչ պաշտոնական» մտահոգությունների հետ, որովհետև մենք հնարավորություն չենք ունեցել էմպիրիկ ձևով ստուգելու այս պնդումների հավաստիությունը: Իշխանությունը Հայաստանում իբր փոխվել է միայն մի անգամ’ 1998 թվականին, բայց ղեկը անցել է ոչ թե ընդդիմադիրներին, այլ հենց իշխանության մի մասին’ վարչապետին և ուժային նախարարներին: Ճիշտ է, այդ «իշխանափոխության» արդյունքում պաշտոններ ստացան որոշ նախկին ընդդիմադիրներ’ ԱԺՄ-ականներ և դաշնակցականներ, բայց ասել, թե դրա հետևանքով ինչ-որ բան տապալվեց կամ հակառակը’ ինչ-որ բան ծաղկեց, հնարավոր չէ. մնաց պետական ինստիտուտների միևնույն’ «գաղջ» կարգավիճակը: «Ռուլիտ անելու» ոճը չի փոխվել:18 տարի հնչող «պաշտոնական ափսոսանքների» շարքից է նաև հետևյալ պնդումը. «Ընդդիմությունը չհաղթեց, որովհետև չկարողացավ միավորվել»: Թեև այստեղ կա որոշակի ռացիոնալ հատիկ’ ամբիցիաներն իրոք խանգարում են մեր բազմաթիվ ընդդիմադիր խմբերին, բայց, մեծ հաշվով, «միավորման» խնդիրը դնելը և այդ նպատակին չհասնելու դեպքում հիասթափվելը իշխանության խայծն է: Միավորվեն ընդդիմադիրները, թե չմիավորվեն, քննադատեն իրար, թե չքննադատեն’այդ ամենը որոշ երանգներ մտցնում է, բայց վերջնական արդյունքի վրա չի ազդում’այն պարագայում, երբ իշխանությունն ունի չոր’ չթողԱլու տրամադրություն: Ընդդիմադիրների թերությունները, իհարկե, շատ են, բայց դրանք համեմատելի չեն իշխանությունների արատների հետ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում