Ռուբեն Ասատրյան. «Սիմֆոնիկ նվագախումբը պրոֆեսիոնալ մեծ աշխատանք է կատարում՝ մոռացությունից փրկելով մեր կոմպոզիտորների գործերը»

Ռուբեն Ասատրյան. «Սիմֆոնիկ նվագախումբը պրոֆեսիոնալ մեծ աշխատանք է կատարում՝ մոռացությունից փրկելով մեր կոմպոզիտորների գործերը»

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, Irates.am: Տիգրան Չուհաճյանի Անդադար շարժում դաշնամուրի և նվագախմբի համար ստեղծագործությունը Հայաստանում առաջին անգամ հնչեց Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի շրջանակներում։ Այն կատարեցին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և դաշնակահարուհի Լիլիթ Արտեմյանը։ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի առաքելությունն է հանրությանը ներկայացնել հայ կոմպոզիտորական դպրոցի երախտավորների ստեղծագործությունները, որոնք, ցավոք, հաճախ չեն հնչում։ Այդպիսին է նաև Գրիգոր Եղիազարյանի «Հրազդան» սիմֆոնիան, որը հնչել է մոտ 60 տարի առաջ։ Փետրվարի 23-ին փառատոնային համերգի ընթացքում կատարվեց նաև այս մեծակտավ ստեղծագործությունը։ Երեկոյի ընթացքում Չայկովսկու անվան միջազգային մրցույթի հաղթող, թավջութակահար Դենիս Շապովալովը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ և դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ կատարեց նաև Առնո Բաբաջանյանի Թավջութակի կոնցերտը։

Թավջութակահար, կոմպոզիտոր և դիրիժոր Դենիս Շապովալովը խոստովանեց, որ շատ է սիրում հայ կոմպոզիտորներին։ Ուրախ է նաև, որ երաժշտասերներին կարող է ծանոթացնել Առնո Բաբաջանյանի արվեստին այլ կողմից՝ նրա սիմֆոնիկ ստեղծագործության միջոցով։ Բաբաջանյանի Թավջութակի կոնցերտը Շապովալովը կատարում էր առաջին անգամ և պատրաստել էր հենց Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի համար։ Երաժիշտը նշում է, որ իր երկացանկում ընդգրկված է նաև Արամ Խաչատրյանի Թավջութակի կոնցերտը, որը նա նվագել է Մոսկվայում՝ հայ մեծ կոմպոզիտորի 100-ամյակին նվիրված համերգին։ Ըստ թավջութակահարի՝ շատ հետաքրքիր կոլորիտ ունի հայկական երաժշտությունը։

Դաշնակահարուհի Լիլիթ Արտեմյանը նկատեց, որ Չուհաճյանի Անդադար շարժում գեղեցիկ ստեղծագործության հետ իրեն ծանոթացրել է չուհաջյանագետ, արվեստագիտության դոկտոր-պրոֆեսոր Աննա Ասատրյանը։ Ստեղծագործությունը, տասնամյակներ մնալով արխիվում, Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի շրջանակներում նոր կյանք ստացավ։

Դիրիժոր Ռուբեն Ասատրյանը, ներկայացնելով Գրիգոր Եղիազարյանի «Հրազդան» սիմֆոնիան, նկատեց, որ այն գրվել է 20-րդ դարի կեսերին՝ Հովհաննես Շիրազի «Հրազդան» պոեմի մոտիվներով։ Սիմֆոնիան ձայնագրվել է «Մելոդիա» ստուդիայի կողմից Ռաֆայել Մանգասարյանի ղեկավարությամբ և մոտ 60 տարի չի հնչել։ «Այսօր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ երկարատև դադարից հետո կրկին հանդիսատեսին ենք ներկայացնում մեր արժանավոր հեղինակի՝ Գրիգոր Եղիազարյանի սիմֆոնիան։ Ես հաճույքով պետք է հնչեցնեմ այն, քանի որ «Հրազդանը» հայ սիմֆոնիկ արվեստի լավագույն նմուշներից է։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը պրոֆեսիոնալ մեծ աշխատանք է կատարում՝ մոռացությունից փրկելով, խմբագրելով, հնչեցնելով և թվայնացնելով մեր կոմպոզիտորների գործերը»,- նշեց Ռուբեն Ասատրյանը։

Հիշեցնենք, որ Ավետ Տերտերյանի 90-ամյակին նվիրված Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում