Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Կանադայի Զիված ուժերի հոգևոր առաջնորդին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, Ter-hambardzum.net: Փետրվարի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ճանաչողական այցով Հայաստան ժամանած Կանադայի ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գիյ վարդապետ Չափտլեյնիին՝ ուղեկցությամբ Կանադայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի և ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի:
Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ողջունեց երկու երկրների Զինված ուժերի հոգևոր առաջնորդների փոխգործակցությունը՝ այն կարևոր և օգտակար նկատելով փորձի փոխանակման և բանակում հոգևորականների ծառայությունն առավել արդյունավետ դարձնելու տեսանկյունից:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև անդրադարձ կատարեց Հայոց բանակի հոգևոր առաջնորդության գործունեությանը և եկեղեցականների ծառայությանը` ընդգծելով, որ այն կարևոր դերակատարություն ունի: Նորին Սրբությունը փաստեց, որ հայ ժողովրդի պատմության ընթացքում Հայ Եկեղեցին ու նրա սպասավորները մշտապես կանգնած են եղել հայ զինվորականի կողքին՝ միասնաբար պայքարելով հայ ժողովրդի ազատության և հայոց անկախ պետականության կերտման ու պաշտպանության համար:
Կանադայի ԶՈՒ առաջնորդը ևս իր այցը Հայաստան լավագույն առիթ նկատեց Հայոց բանակի հոգևոր առաջնորդության հետ կիսվելու զորամասերում հոգևոր ծառայության իրականացման փորձով և ոլորտին առնչվող համապատասխան գիտելիքներով:
Վարդապետ Չափտլեյնին ևս կարևորեց հոգևորականի՝ զինվարականի կողքին լինելը, հատկապես դժվարին պայմաններում:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, օրհնելով Կանադայի ԶՈՒ հոգևոր առաջնորդին, նրան մաղթեց Աստծո օգնականությունը սրբազան և պատասխանատու առաքելության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում