Քաղաքացիներն ուզում են փրկել «Վառեմ-մարեմի» պատշգամբը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Դեռ 2017 թվականին ՀՀ մշակույթի նախարարությունը մշակել էր ծրագիր՝ Գյումրի քաղաքի Աճեմյան փողոցում գտնվող 19-րդ դարի վերջերին կառուցված պատմամշակութային և ճարտարապետական արժեք ներկայացնող կառույցների վերականգնման համար: Դրանցից մեկը «Մեր մանկության տանգոն» ֆիլմի պատշգամբի շենքն է: Շենքի վերականգնման համար անհրաժեշտ է մոտ 1 միլիոն դոլար։
Ալբերտ Մկրտչյանի նկարահանած ֆիլմն իր պատշգամբով սիրված ու հայտնի է ոչ միայն հայերիս շրջանում, այլ հասել է նաև Վենետիկ՝ հեղինակավոր կինոփառատոն, Գալյա Նովենցն իր «վառեմ-մարեմի» և շատ այլ թևավոր դարձած խոսքերով ու անզուգական դերասանական խաղով արժանացել է մրցանակի՝ որպես լավագույն կնոջ դերակատար: Այսօր ֆիլմից շատերին ծանոթ տունը, բակն ու պատշգամբը ծածկված է աղբով, թեև դրա մոտ միայն նկարվելու համար այսօր շատերն են հասնում Գյումրի։
Նախարարության մշակած ծրագիրը մինչ օրս իրականություն չի դարձել, Սիրանույշի տան պատշգամբը գնալով քանդվում է։
«Այսպիսի մի միտք կա, որ օրերից մի օր նախաձեռնելու ենք ամբողջ ազգով փող հավաքենք, որ սա կարգի բերենք, որ դառնա Լենինականի ու մեր ազգի պարծանքն ու բաց թանգարանը։
Հիմի որ ժիլետով ու անժիլետ վարչապետը եկավ, մեզ խաբեց։ Իսկ բալկոնը գնալով քանդվում է։ Իմ հույսը մեր ժողովուրդն է, որ մարդա 100 դրամ կտրամադրի…»,- ֆեյսբուքյան «TUGANQ տուգանք» խմբում գրել է փաստաբան, նախաձեռնության հեղինակ Արտակ Խաչատրյանը։
Panorama.am-ի հետ զրույցում նա նշեց, որ դեռ դրամահավաք չեն սկսում, քանի որ մինչ դա պետք է մի քանի հարց լուծել։
«Այս միտքը մոտ երկու-երեք տարի էր առաջացել, սակայն ամեն կառավարություն խոստանում է, որ կսարքեն։ Մենք էլ ուրախացանք, որ կանեն, որոշեցինք հանգիստ նստել տեղներս։ Սակայն գնալով այն քանդվում է, իսկ այս կառավարության օրոք չենք լսել արձագանք»,- ասաց նա։
Ա. Խաչատրյանի խոսքով, մշակույթի նախարարությունը վերանում է և հիմա ամենաճիշտ ժամանակն է ականջի հետև չգցելու և շենքի սեփականատերերի հետ բանակցություններ սկսելու համար։
«Հստակ պատկերացում ունենք, թե ինչ պետք է անել։ Միայն պատշգամբը չէ, ամբողջ շենքը, բանկն ու արձանները պետք է վերանորոգել, որպեսզի դառնա թանգարան բաց երկնքի տակ»,- նշեց նախաձեռնության հեղինակը։
Նա ասաց, որ մասնագետների խոսքով, միայն պատշգամբի վերակառուցմամբ հնարավոր չէ, քանի որ ամբողջ շենքն ունի վերանորոգման կարիք։
Ա. Խաչատարյանի խոսքով, եթե սեփականատերերի հետ համաձայնության չգան, ստորագրահավաքով կամ հանրության պահանջով կդմեն կառավարությանը՝ շենքը հանրային գերակա շահ ճանաչելու համար։ Իսկ համաձայնության գալու դեպքում, նա ասաց, որ կսարքեն ու կփոխանցեն սեփականատերերին՝ պայմանով, որ ելումուտն անպայման ազատ լինի, մարդիկ հնարավորություն ունենան ազատ մտնել, լուսանկարվել։
«Դրամահավաք կսկսենք այն ժամանակ, երբ այս բոլոր հարցերը հստակեցվեն։ Նախ կսկսենք մեզանից, որպեսզի ժողովրդի մեջ վստահություն լինի, այնուհետև արդեն կտարածենք ողջ երկրով»,- ասաց Ա. Խաչատրյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում