Քրեակատարողական համակարգի օպտիմալացման արդյունքում կունենանք հաստիքների կրճատում. Հ. Թովմասյան
Նմանատիպ
Հայաստանում 2012թ-ին մեկ բանտարկյալի համար ամսական հատկացվում է 124 000 դրամից ավելի գումար: Ինչպես հայտնում է Armenpress.am-ը, այս մասին Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության 2012թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
«Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում 2500 աշխատակից կա, որոնց 25-30%-ը բանտարկյալների պահպանության համար են։ Նոր քրեակատարողական հիմնարկներում արդեն նրանց անհարժեշտությունը չկա, քանզի տեխնիկական շինարարական պատնեշները, փշալարերը, ձայնանշանային համակարգերը այդ խնդիրը լուծում են»,- ասաց Թովմասյանը: Այդ հարցում խնայված գումարները այլ նպատակաների վրա են օգտագործվում:
Անդրադառնալով տնտեսական հանցագործներին’ նախարարն ասաց, որ մշակված է քրեական օրենսգրքի նոր հայեցակարգ, որով մի շարք հարցեր կլուծվեն:
Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին, թե ինչու է այնպես դատապարտյալին հսկող աշխատակիցն ավելի ցածր է աշխատավարձ ստանում, քան հատկացվում է դատապարտյալի պահպանության համար, Թովմասյանն ասաց, որ եկող տարվա բյուջեով նախատեսված է աշխատավարձի բարձրացում տասը տոկոսով:
«Ծախսերի մեծ մասը հատկացվում է հենց աշխատավարձին: Մենք այստեղ դեռ բարձրացնելու խնդիր ունենք: Ես ասացի, որ քրեակատարողական համակարգի օպտիմալացման արդյունքում մենք կունենանք հաստիքների կրճատում, որը հնարավորություն կտա բարձրացնել աշխատավարձերը»,- ասաց Թովմասյանը:
Ինչպես հայտնում է Tert.am-ը, ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքոնյանի հարցը վերաբերում էր նրան, թե արդյոք տնտեսական հանցագործությունների համար այլ միջոցներ չե՞ն նախատեսվում կիրառել, մասնավորապես՝ համաներմամբ բեռնաթափել քրեակատարողական հիմնարկները։
Նախարարը նշեց, որ տնտեսական հանցագործությունների համար դատապարտվածների վիճակագրություն չունեն։ Նա տեղեկացրեց, որ դատական վիճակագրության նոր համակարգի ներդրումը ավարտական փուլում է, և մինչև տարվա վերջ կներդնեն այն։
«Ինչ վերաբերվում է տնտեսական հանցագործներին, ապա մշակված է նոր հայեցակարգը և հուսով եմ մի շարք հարցեր կլուծվեն»,- ասաց նա։
Նախարարը նշեց, որ ընդհանուր առմամբ, պատժողական քաղաքականությունը ոչ միշտ է, որ պատժի լավագույն միջոցն է։ Չնայած, որ խոստովանեց, որ այստեղ կա նաև համակարգի ոչ կատարյալ վիճակ։
«Կան մասնագիտական վերլուծություններ, որ պատիժն իր նպատակին ծառայում է առաջին 3-4 ամիսը, իսկ արդեն 3, 4, առավելագույնը 5 տարում կորցնում են իր ազդեցությունը»,- ասաց նա և նշեց, որ հայեցակարգը մշակված է և չի բացառվում, որ տնտեսական հանցագործությունների հարցերը լուծում ստանան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում