Միշտ այդպես չի լինի
Նմանատիպ
Մի օր մի մարդ հանդիպեց փողոցում նստած մի ծերունու: Մոտեցավ նրան ու ասաց.
– Հայրիկ, դու հասակ ես առել, կյանքի երկար ճանապարհ անցել, փորձություններ տեսել, հավանաբար շատ իմաստուն ես: Մի խորհուրդ տուր ինձ. ահա երիտասարդ և առողջ տղամարդ եմ, բայց չեմ կարողանում աշխատանք գտնել, ընտանիքս պահել: Ընտանիքս էլ հաջող չէ. որդիս թմրամոլ է, դուստրս՝ թեթևաբարո, կինս էլ գրեթե ամբողջ օրը խմում է, տանը ոչինչ չի անում: Դե ասա, ինչպե՞ս վարվեմ, ինչպե՞ս շտկեմ իրավիճակը:
– Գնա և տանդ դռան վրա մի ցուցանակ կախիր հետևյալ մակագրությամբ. «Միշտ այդպես չի լինի», – պատասխանեց ծերունին:
– Միայն այդքանը՞, – զարմացավ մարդը:
– Այո:
Մարդն այդպես էլ վարվեց: Որոշ ժամանակ անց նրա որդին հրաժարվեց թմրանյութերից և դարձավ բարեպաշտ հավատացյալ, սկսեց կանոնավոր գնալ եկեղեցի: Դուստրը սիրահարվեց մի երիտասարդի և ամուսնանալով՝ լավ ընտանիք կազմեց: Կինը բուժվեց ալկոհոլամոլությունից և դարձավ լավ տնտեսուհի: Իսկ նա էլ վերջապես աշխատանքի տեղավորվեց, առաջադիմեց և շուտով թանկարժեք ավտոմեքենա գնեց: Մի օր ավտոմեքենայով անցնելիս նա նույն փողոցում տեսավ այն ծերունուն, ով տարիներ առաջ իրեն խորհուրդ էր տվել: Ծերունին նույն վիճակում էր, ինչ որ նախկինում: Մոտենալով և ավտոմեքենայի պատուհանի ապակին իջեցնելով՝ մարդը ձայն տվեց.
– Դե ինչ, ծերուկ, դեռ այդտեղ նստա՞ծ ես: Իսկ ես, ահա տես, թե ինչ ձեռքբերումներ ունեմ: Տղաս արդեն թմրամոլ չէ, նա դարձել է բարեպաշտ հավատացյալ: Դուստրս էլ ոչ թե թեթևաբարո աղջիկ է, այլ ամուսնուն սիրող կին: Կինս էլ բուժվեց թմրամոլությունից և դարձավ իր ընտանիքը սիրող կին և լավ տնտեսուհի: Ես աշխատանք ունեմ և այժմ բարձրաստիճան պաշտոնյա եմ: Իսկ դու, տեսնում եմ, որ ինչպես նստած էիր, այդպես էլ մնացել ես նույն տեղում: Դե, իսկ հիմա՞ ինչ խորհուրդ կտաս ինձ:
– Այն ցուցանակը չհանես:
Այս կյանքում թվացյալ շատ արժեքներ՝ հարստություն, դիրք, սոցիալական կարգավիճակ, թեև կարևոր, բայց անցողիկ են: Մնայուն են միայն հոգևոր-բարոյական արժեքները, որոնց շնորհիվ պահպանվում է մեր մարդկային նկարագիրը:
Սահակ Եպիսկոպոս Մաշալյան.
«Մարդն ամենաշատը փորձվում է մնայունի ու անցողիկի միջև: Ո՞րը պիտի ընտրենք՝ մնայո՞ւնը, թե՞ անցողիկը: Մենք միշտ սրա հետ դեմ հանդիման ենք այս կյանքում»:
Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը:
Աղբյուր՝ Qahana.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում