Մարդը չճանաչեց իր սեփական գործած մեղքը
Նմանատիպ
Դա այն անեծքն է, որ տարածվում է ամբողջ երկրի երեսին (Զաքարիա 5;3):
Սուտը սուտ է ծնում, նենգությունը` նենգություն, մեղքը` մեղք:
Այս դժոխային բաների մասին, ցավոք, այսօրվա կուրացած մարդը երբևէ չի մտածում, քանզի խավարի մեջ է և լույսը չի տեսնում: Ապականված է ամեն ինչ և ամեն բան, մարդկանց որդիների հոգիներից դուրս է մղված Քրիստոս, և անօրենությունը` ներմուծված, ցնծության մեջ է գազանը իր ավարի համար, տրտմած Քրիստոս` Իր Արյամբ գնված զավակների կորստյամբ: Լրատվության մեծ մասը վաճառված է սատանային` հոգիները նետած անտակ անդունդը. ապատեղեկություն ու հերյուրանքներ են տարածում, վատաբանում, չարախոսում են մարդկանց` ինչ-որ մեկին հաճոյանալու համար, այո՛, ինչ-որ մեկին, միայն ո՛չ Քրիստոսին, ուրացել են Տիրոջ խոսքը. «Քանզի անհնար է, որ գիրը ջնջվի», և նրանց ստագիրը իրենց դեմ վկայություն պիտի լինի դատաստանի ժամանակ, կա հասարակության մի խավ էլ, որ մեղքերի մեջ կործանված, նյութապաշտության խավարի մեջ ընկած, անգամ չի էլ նկատում իր կորուստը:
Փորապաշտությունը հավատ է այսօր, փողապաշտությունը` դավանանք, իսկ մարդահաճությունը` սովորական երևույթ: Դժոխքի հիմքերը փորվեցին արդեն իսկ դրախտում. «Այն կինը, որ տվեցիր ինձ, նա տվեց, և ես կերա». մարդը չճանաչեց իր սեփական գործած մեղքը, այն փնտրեց ուրիշի մեջ և վտարվեց բերկրության Դրախտից:
Հիսուսի գալստյան նպատակն էր մարդուն ցույց տալ նրա մեղավոր լինելը, որ մարդը իր մեղքը տեսնի և ապաշխարի, բայց մարդիկ «խավարն ավելի սիրեցին, քան լույսը, որովհետև նրանց գործերը չար էին»:
Ցավալի է, որ նայում ես նման մարդկանց, տեսնում ես նրանց կորուստը, եթե չապաշխարեն:
Մեղքը շատ հեշտ է սողոսկում մարդու հոգին և ապականում նրան, սակայն շատ դժվարությամբ է դուրս գալիս, նախ մեղքի գիտակցումից, ապա տևական աշխատանքի, պահքի, աղոթքի, խոկումների արդյունքում: Այսպես է ասում սաղմոսերգու Դավիթ մարգարեն. «Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար», իսկ Հովհաննես ավետարանիչը բարձրաձայնում է. «Եվ խոսքը մարմին առավ և բնակվեց մեր մեջ», «Նա՛ է ճշմարիտ Լույսը, որ լուսավորում է ողջ աշխարհը»:
Աշխարհից ելքը ունի երկու ճանապարհ. կամ հավիտենական դատաստան, կամ հավիտենական կյանք, ընտրությունը` աստվածապատկեր մարդունը: Հարցրեք մեղքից ազատված մարդուն, և նա ցույց կտա իր խոցոտված տեղերը, հարցրեք անապաշխար մարդուն, և նա կթաքցնի իր վերքերը, որպեսզի ձեզ նույնպես ներքաշի մեղքի հորձանուտը: Մեծ Պահքին զուգընթաց ներթափանցենք մեր հոգու խորքը, պահքով, աղոթքով ու ապաշխարությամբ Աստծուց ներում խնդրենք մեր մեղքերի համար, Տիրոջ Հրաշափառ Հարության տոնին խոստովանենք մեր մեղքերը քահանային, քավություն ստանալով` այլևս հետ` մեղքին և նրա կորստաբեր ընթացքին չնայենք, ինչպես Ղովտի կինը, այլ ընթանանք դեպի նպատակակետը` հավիտենական կյանքը, դեպի Քրիստոս Հիսուս, որին վայել է փա՜ռք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն
Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում