Ի՞նչ ես անում Աստծո արվեստանոցում
Նմանատիպ
Աստուած տեսաւ, որ այն ամէնը, ինչ ստեղծել էր, շատ լաւ է։
(Ծննդոց 1:31)
Խեցեգործական ստուդիայում, որտեղ արդեն կես տարի է, ինչ սովորում եմ կավով աշխատել, նստած եմ դուրգի առաջ։ Ձեռքերիս մեջ փափուկ, դուրգի պտույտից տաքացած կավն է։ Մատներիս շարժումները կավին ձև ու բովանդակություն են հաղորդում։
Ես մտածում եմ Աստծո և գեղեցիկի մասին։
Միայն վերջերս եմ հասկացել, որ գեղեցիկի զգացումն ինձ համար կենսական նշանակություն ունի։ Արթնանալ ու տեսնել գեղեցիկը, զգալ, վերապրել գեղեցիկը, հիանալ դրանով, ներշնչվել դրանով։ Այս կերպ ապրելը ճանապարհ է, որն անխուսափելիորեն տանում է դեպի Արարիչը։ Նա է շռայլորեն գեղեցիկով ողողել աշխարհը, որտեղ ամեն օր արթնանում ենք մենք։ Այս աշխարհում ամեն բան խոսում է գեղեցիկից, և դա վկայությունն է այն բանի, որ Արարիչը գեղեցկության սիրահար է, և չկա մի անկյուն, բնության մի երևույթ, որն օժտված չլինի գեղեկությամբ, չկրի Աստծո ստեղծագործ էության հետքերը․․․
Մեր աշխարհն Աստծո արվեստանոցն է, բայց մենք պարզապես վկաներ չենք, ականատես չենք ստեղծագործական պրոցեսների․ Տերը մարդուն շռայլել է նաև ստեղծագործ լինելու շնորհը՝ արարելով նրան Իր նմանությամբ։ Մենք ինքներս կարող են ստեղծել, արարել ու մասը դառնալ այն գեղեցկության, որը մեզ շրջապատում է։ Բայց այդպե՞ս ենք վարվում արդյո՞ք, թե կարծում ենք, որ գեղեցիկով պիտի զբաղվեն միայն արվեստի մարդիկ, որ արարելու շնորհն ամեն մեկին տրված չէ, որ մենք այլ բանի համար ենք այստեղ։
Օրերս հարցազրույց էի վարում մեր ժամանակների լավագույն մտավորականներից մեկի հետ։ Զրույցի ընթացքում ասաց, որ գեղեցիկը չտեսնելու և չգնահատելու պատճառով է ամեն չար բան կյանքում․ բոլոր պատերազմներն ու արհավիրքները տգեղ են։ Եվ իսկապես, մարդը, ով փնտրում է գեղեցիկը, ում կյանքը հիմնված է գեղեցիկի զգացումի ու ստեղծագործականության վրա, չարի համար ժամանակ չունի, որովհետև չարը արարման բացակայությունն է լոկ։ Մարդն, ով Աստծո արվեստանոցում արարմամբ է զբաղված, բավարար ժամանակ ու էներգիա չունի կեղծելու, վատաբանելու, քարեր նետելու, դատելու-քննադատելու, արյուն հեղելու, մեռցնելու, ծաղրելու, փչացնելու, ոչնչացնելու․․․
Որովհետև ստեղծագործող մարդն ուզում է իր յուրաքանչյուր վայրկյանն Արարչի հետ անցկացնել, մոտենալ Նրան, կրթվել Նրանից, հիանալ Նրանով։
Մեր աշխարհն արարված է այնպես, որ իմաստություն կարելի է սովորել ամեն ծառից, ամեն մրջյունից, երկնքի ամեն թռչունից, դաշտերում աճող ծաղիկներից։ Նրանք արարվել են խոսքով, լսել են Աստծո շշուկը՝ լավ է։ Նրանք կրում են այդ ուղերձն իրենցում, թե ինչն է լավ և պատրաստ են փոխանցելու դա նրանց, ովքեր ունակ են ականջալուր լինել։
Ինչով որ լցնում ես քո լսելիքը, քո ներսը, դա է դառնում քո օրվա բաղադրությունը, քո կյանքի ձևը։ Ինչով որ շրջապատում ես քեզ, դա է դառնում քո տունը, քո օդը, քո հորիզոնը։
Գեղեցիկն զգալն ու տեսնելը քայլ է դեպի Արարիչը, իսկ գեղեցիկի՝ սեփական ձեռքերով արարումը մարդուն դարձնում է երկնքի բնակիչ։ Դու այլևս չես կարող աղբը նետել փողոցում, ոչ էլ կարող ես քո ներսի աղբով ողողել այլ մարդկանց։ Որովհետև խնամքով ես մոտենում դրսին, որովհետև դուրսը այլևս ներս է նաև։
Արարող մարդու համար կյանքը ճանապարհ է դեպի կատարելություն, երբեք չընդհատվող ստեղծագործ ընթացք։ Արարիչն ինքը չի դադարում ստեղծագործել, որովհետև աշխարհը փոխվում է, և ամեն անգամ գարունը նորովի է գալիս, ծառերն այլ կերպ են ծաղկում։ Բնության մեջ չկա որևէ մահացած ու կարծրացած բան, ամենը կենդանի է, շնչող, փոփոխվող։ Մարդն ապրում է դրա մեջ և դրանից էլ հենց դասեր պիտի քաղի և ինքն իրեն մշտապես հարց տա՝ ինչո՞ւ եմ այստեղ, ի՞նչ պիտի տամ աշխարհին, ի՞նչ պիտի անեմ ինձ տրված գեղեցիկի հետ, ո՞ր փոփոխության սկիզբը պիտի լինեմ, ինչը պիտի կատարելագործեմ, ի՞նչ պիտի անեմ Աստծո արվեստանոցում․․․
Հեղինակ՝ Ա․ Պողոսյան
Աղբյուր՝ Qahana.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում