Ճշմարիտ պահեցողության մասին

Ճշմարիտ պահեցողության մասին

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, Ter-hambardzum.net: «Պահքը միայն կերակուր ուտել-չուտել չէ, այլեւ մեղքերի խափանումը»: Սուրբ Հովհան Մանդակունի:

Ճշմարիտ կերպով պահք պահելը մեծ օգտակարություն է յուրաքանչյուր քրիստոնյայի հոգու փրկության համար, եւ Եսայի մարգարեի բերանով Տերը պատգամում է մեզ, թե ինչպես պետք է պահել պահքը, որ ընդունի եւ օրհնի պահողին Արարարիչը: Այս հատվածում նախ Աստծո ժողովուրդն է, որը կարծես բողոքի ձեւով հարց է ուղղում Աստծուն.

«Այդ ինչպե՞ս է, որ մենք ծոմ պահեցինք, եւ Դու չտեսար, զրկանքների ենթարկեցինք մեզ, եւ Դու չիմացար»:

«Որովհետեւ ձեր պահքի օրերին ձեր ցանկություններն եք կատարում եւ կսկիծ պատճառում բոլոր նրանց, ովքեր ենթակա են ձեզ:

Հակառակության եւ կռիվների մեջ եք պահում եւ արհամարհում տկարին: Իսկ Իմ ինչի՞ն է պետք այդպիսի պահքի օրը. դուք պիտի գաք ասեք Ինձ, եւ Ես չպիտի լսեմ ձեզ: Այդպիսի՛ պահքը չէ, որ Ես ընտրեցի, եւ ոչ էլ այնպիսի օրը, երբ մարդն իր անձն է տանջում: Եթե պարանոցդ կորացնես օղակի նման ու տակդ քուրձ ու մոխիր տարածես, այդ էլ, սակայն, չեմ համարի պահք եւ ընդունելի օր. այդպիսի՛ պահքը չէ, որ Ես ընտրեցի,- ասում է Տերը: – Քանդի՛ր անիրավության հանգույցը, խորտակի՛ր քո վաճառականական խարդախությունները, ների՛ր ու արձակի՛ր նեղյալներին եւ պատռի՛ր անիրավ մուրհակները:

Քաղցածների՛ն բաժանիր քո հացը եւ անօթեւան աղքատների՛ն տար քո տունը. եթե մերկ մարդ տեսնես` հագցրո՛ւ նրան, բայց քո ընտանիքի զավակին մի՛ անտեսիր:

Այն ժամանակ այգաբացի պես պիտի ծավալվի քո լույսը, եւ արագորեն պիտի հասնի քո ապաքինումը, քո առջեւից պիտի ընթանա քո արդարությունը, եւ Աստծու փառքը պիտի պահպանի քեզ:

Այն ժամանակ պիտի կանչես, եւ Աստված պիտի լսի քեզ. մինչեւ դու խոսես, Նա պիտի ասի, թե` «Ահա հասել եմ»:

Եթե դու քո միջից հեռացնես խարդախությունը, ձեռնձգությունն ու տրտունջի խոսքերը, քո հացը հոժար սրտով քաղցածներին տաս եւ չքավոր մարդկանց կշտացնես, այն ժամանակ խավարի մեջ կծագի քո լույսը, քո խավարը կվերածվի միջօրեի:

Քո Աստվածը ամեն ժամ քեզ հետ կլինի, քո անձն ըստ ցանկության հագեցում կստանա, եւ քո ոսկորները կլիանան ու կլինեն ինչպես ջրարբի պարտեզ, որից ջուրը չի պակասիե (Հմմտ. Եսայի 58. 3-11):

Սուրբ գրքից մեջբերած հատվածներից ու եկեղեցու հայրերի խրատներից կարող ենք եզրակացնել. պահքը ո՛չ միայն ուտել-չուտելու մրցասպարեզ է, այլեւ սրտի եւ հոգու ախտավոր խորհուրդներից ապաշխարությամբ սրբագործվելու կենարար միջոց:

Աղոթում ենք, որ Տեր Աստված օգնական լինի ամենքիս Մեծ Պահքի պահեցողության առաջիկա օրերին:

Ամեն

Հետևեք մեզ նաև Telegram-ում