Տիգրան Մանսուրյան. Այս ֆիլմն իրապես ես եմ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, Panorama.am: «Այստեղ խնդիրն իրական դիմանկարի մասին է, որը համապատասխանում է։ Այս ֆիլմն իրապես ես եմ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը՝ խոսելով «Մաեստրո Մանսուրյան» ֆիլմի մասին, որի երևանյան պրեմիերան կայանալու է մարտի 5-ին։
Նա նշեց, որ իր ցանկությունն էր, որ ֆիլմում լինեին իր ընկերները Եվրոպայից, ԱՄՆ-ից, նաև Հայաստանից։
«Մի մարդ եմ տանը, ուրիշ մարդ եմ դրսում։ Իմ ընկերների այդ խոսքն, արձագանքն անչափ հետաքրքիր է»,- ասաց մաեստրո Մանսուրյանը։
Ֆիլմի ռեժիսոր Հայկ Մկրտչյանն ասաց, որ 52 րոպեի սահմաններում փորձել են ինչ-որ ձևով տեղավորել այն ամենը, ինչը ստեղծել է և ստեղծում է մաեստրոն։
«Այնքան մեծ բազա է, որ 10 անգամ 52 րոպե կարելի էր տեղավորել, բայց փորձել ենք այս ֆորմատի մեջ տեղավորվել»,- նշեց նա։
Հ. Մկրտչյանն ասաց, որ պետք է արվեր ոչ թե կենսագրական դիմանկար, այլ ստեղծվեր ֆիլմ, որը պատմում է մաեստրոյի մասին ոչ թե միայն այն, թե ինչ ստեղծել է 60-70-ականներին, այլ նաև այսօր։
«Ֆիլմում շեշտադրված է՝ մաեստրո Մանսուրյանը ոչ միայն Հայաստանում, այլ Հայաստանից դուրս՝ ամբողջ աշխարհում», -ընդգծեց ռեժիսորը։
Ֆիլմում Տիգրան Մասնուրյանի մասին խոսքում են աշխարհում հայտնի երաժիշտներ, որոնց հետ աշխատել և աշխատում է մաեստրոն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում