«Գույներ, գյուղ, աշխատավոր մարդիկ». բացվել է ԽաչԱրի ցուցահանդեսը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, Tert.am: 2019 թ. մարտի 3-ին Դալան ցուցասրահում բացվել է Հայաստանի Նկարիչների միության անդամ Արթուր Խաչատրյանի (ԽաչԱր, 1966-2018) նկարների ցուցահանդեսը, որը կգործի մինչև մարտի 10-ը: Ներկայացվել են նկարչի 20 կտավներ:
Ցուցահանդեսի հայեցակարգը Հայաստանի ներկայացումն է նկարչի գույների միջոցով և ԽաչԱրի ներկայացումը Հայաստանի գույներով: Ցուցահանդեսին բացման խոսքով հանդես եկավ երիտասարդ արվեստաբան Նարե Բաթուզյանը, նկարիչ ընկերները ներկայացրին ԽաչԱրի-ի նկարների առանձնահատկություններ, ինչը անսահման գույներն են համարում: ԽաչԱրի նկարների գերակշիռ մասը նվիրված էր գյուղին, որտեղ երևում է աշխատավոր մարդը:
«Որքան չար, վատ բաներ կային իր շրջապատում, Արթուրն իր հոգու խորքում անցկացնում էր, իր ներսում մաքրում էր, և արդյունքում ծնվում էին այդ նկարները»,-պատմում էին ընկերները և նշում, թե որքան շատ էր իրենց օգնում նկարիչը:
ԽաչԱրը գլխավորապես աշխատել է յուղաներկով և ակրիլային ներկերով, ինչպես ինքն էր նշում, իրեն ոգեշնչողները ֆրանսիական իմպրեսիոնիստներն էին: Տրվելով իր արվեստին՝ հասել էր կատարյալ ազատության: ԽաչԱրը հաճախ էր նշում, որ հրաշալի է կանգնել մաքուր կտավի առջև և գիտենալ, որ դու կարող ես ինչ-որ եզակի բան արարել:
Արթուր Խաչատրյանն ունեցել է 7 անհատական և 3 խմբային ցուցահանդես: Նրա նկարները ցուցադրվել են Հայաստանի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Գերմանիայի ցուցասրահներում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում