Վարդգես ԱՀԱՐՈՆՅԱՆ. Ամենայն հայոց բանաստեղծը

Վարդգես ԱՀԱՐՈՆՅԱՆ. Ամենայն հայոց բանաստեղծը

(Նախորդ մասը)

Տարիներ շարունակ պատմաբան Լեոն տառապում էր ստամոքսի ծանր հիվանդությունից:

Թիֆլիսում այլևս չէր մնացել մի բժիշկ, որին դիմած չլիներ, բայց անօգուտ:

Մի օր, 1906-ի ամռանը, Լեոն և Հովհ. Թումանյանը մեր տանն էին:

Հայրս դիմեց երկուսին.

– Եկեք երեքս միասին արտասահման գնանք: Թե՛ Առաքելը (Լեոն) կբժշկվի և թե՛ երեքով Եվրոպայում կճամփորդենք, մի քիչ աշխարհ կտեսնենք:

– Խաչը վկա, լավ ասացիր, Ավետիս, ես կգամ,-վրա բերեց Թումանյանը:

Լեոն, իհարկե, ուրախ կլիներ գնալու, բայց դրամ չուներ: Գտնվեցին, սակայն, բարեկամներ, որոնք հորս դիմումի վրա ստանձնեցին թե՛ Լեոյի ճամփորդության և թե՛ նրա ընտանիքի ծախքերը: Եվ երեքը սկսեցին մեկնելու պատրաստություններ տեսնել:

Մեկնելու նախօրյակին դարձյալ երեքն իրար մոտ եկան:

Հայրս ու Լեոն մեզ մոտ էին, երբ ներս մտավ Հովհ. Թումանյանը՝ ոտքից գլուխ թրջված: Մի քանի րոպեից ի վեր դրսում ամառային տեղատարափ անձրև էր սկսել:

– Հովհաննես, կատարյալ թրջված հավ ես դարձել, – կատակեց հայրս: – Հը՞, պատրա՞ստ ես, վաղը պիտի մեկնենք:

– Թրջված հավ ասացիր ու թողեցի՜ր, Ավետիս, հալս հալ չի: Չէ՛, տղերք, ես չեմ գալիս, դուք գնացեք,-պատասխանեց Թումանյանը:

– Ինչու՞:

– Ի՞նչ իմանամ, ախպեր: Չորս-հինգ հարյուր մանեթ էի ճարել ճամփու համար: Խալխը իմացել ա, թե արտասահման եմ գնում: Առաջս եկողը թե՝ «լսել ենք արտասահման եք գնում, պրն Թումանյան, խնդրեմ գնալուց առաջ իմ պարտքը տաք»: Հիսուն մեկին, հարյուր մեկին, երկու հարյուր մեկին բաժնեցի ու հիմա մի կոպեկ իսկ չկա գրպանումս: Չէ, ախպե՛ր, դուք գնացեք, արտասահման գնալը իմ բանը չի,- ասաց Թումանյանը:

Բայց չգնալու պատճառը միայն այդ չէր: Դրամը վերջիվերջո կգտնվեր: Ավելի հիմնավոր պատճառն այն էր, որ Հովհ. Թումանյանը սրտով շատ էլ չէր ուզում գնալ Եվրոպա:

Ոգևորության մի վայրկյանում խոստացել էր գնալ, իսկ հիմա թերևս գոհ էր, որ իր գնալը չէր հաջողվում:

Հովհ. Թումանյանը Եվրոպան, և առհասարակ Արևմուտքը, չէր սիրում: Եվրոպացի իր արտաքինով, նիստ ու կացով, Հովհ. Թումանյանը, սակայն, արևելցի էր իր ամբողջ էությամբ, ոտքից գլուխ: Արևելցի՝ բառիս լավագույն իմաստով:

Գնահատում էր Արևմուտքի մշակույթը, բայց ատում էր եվրոպացիների անսրտությունը և ընչաքաղցությունը: Սիրում էր Արևելքը և Արևելքի մշակութային արժեքները շատ բարձր էր դասում: Բանաստեծության հայրենիքը, «հոգու հայրենիքը» Հովհ. Թումանյանի համար խորհուրդներով լի արևելքն էր:

Արյունալի աղետներով, աղմուկներով ահարկու,
Արևմուտքի ըստրուկները մեքենայի և
ոսկու`
Իրենց հոգու անապատից խուսափում են
խուռներամ
Դեպ Արևելքն աստվածային – հայրենիքը
իմ հոգու…

Այս քառյակը գրված է 1921-ին, այսինքն այն ժամանակ, երբ Ռուսաստանում բոլշևիկյան հեղափոխությունը իր ամբողջ թափի մեջ էր, երբ թվում էր, թե բոլշևիզմին պիտի հաջողվի ամբողջ Արևելքը ոտքի հանել ընդդեմ Արևմուտքի:

Ակներև է, որ վերի տողերի մեջ արտահայտվել է ժամանակի ոգին, ճիշտ այդ օրերին Կովկաս խուժած բոլշևիզմի չափազանցված արևելասիրությունը: Բայց, մյուս կողմից, անկասկածելի է նաև այն, որ այդ տողերի մեջ խտացած է Հովհ. Թումանյանի աշխարհայեցողության հիմնական գծերից մեկը:

Դեպի Արևմուտքը այդ ժխտական վերաբերմունքն էր պատճառը, որ երբ 1921-ի աշնանը Հովհ. Թումանյանը բոլշևիկների հանձնարարությամբ եկավ Պոլիս կապ հաստատելու խորհրդային իշխանության և հայ գաղութների միջև, Պոլսից ոչ մեկ քայլ չարեց դեպի Արևմուտք: Իր տեսած «Եվրոպան» եղավ Պոլիսը, որ և՛ արտաքինով, և՛ իր ներքին բովանդակությամբ շատ ավելի Արևելք էր, քան Թիֆլիսը, ուր անցել է Թումանյանի կյանքը:

Նյութական դժվարությունները երբեմն շատ ծանր էին ճնշում Հովհ. Թումանյանի վրա:

Այդ դժվարությունների ծանրության մասին շատ անգամ անտեղյակ էին իր ընտանիքի անդամները և միայն մտերիմ ընկերներն էին, որոնց առջև Թումանյանը բաց էր անում իր սիրտը:

Այդպես մի անգամ ընկճված տրամադրությամբ մեր տուն եկավ: Սովորական խինդ ու ծիծաղը չկար դեմքին, և հորս հետ փակվեց մեր ընդունարանում:

Երկար չմնաց և շուտով մեկնեց:

Իր մեկնելուց հետո, հայրս ասաց.

– Խե՜ղճ Հովհաննես, այնպես է խճճվել նեղությունների մեջ, որ գլուխը կորցրել է:

Երևակայիր, ներս մտավ թե չէ՝ ընկավ բազկաթոռի մեջ ու երեխայի պես հեկեկալ սկսեց.

«Ա՜խ, Ավետիս, դու չգիտես, թե ի՜նչ եմ քաշում ընտանիքիս հոգալու համար: Հոգիս դուրս եկավ, և ոչ ոք չգիտե վիճակս»:

Կյանքը միշտ խինդ ու ժպիտ չէր Հովհ. Թումանյանի համար:

ՄՇՏԱՀՈՍ ՋՐՎԵԺԸ ԵՎ ԾԻԱԾԱՆԸ

1913-ի աշնանը Պոլսում մեռավ Սիմոն Զավարյանը: Իր աճյունը Պոլսից Թիֆլիս փոխադրվեց:

Հ. Յ. Դաշնակցության Պոլսի մարմինների, մամուլի և հայ մտավորականության կողմից Սիամանթոն, իբրև պատվո հուղարկավոր, ուղեկցեց Ս. Զավարյանի աճյունը Պոլսից Թիֆլիս:

Առաջին (և վերջին) անգամ էր, որ Սիամանթոն Կովկաս էր գալիս: Ս. Զավարյանի թաղումից հետո Սիամանթոն մի քանի ամիս մնաց Կովկասում:

Թիֆլիսում հայ գրական շրջանակները գրկաբաց ընդունեցին Սիամանթոյին:

Բնական է, որ Թիֆլիսում Սիամանթոն ամենից առաջ Հովհ. Թումանյանի հետ ծանոթանար և ամենից հաճախ նրա հետ շփվեր:

Այդպես էլ եղավ:

Հովհ. Թումանյանի գրավիչ անձնավորությունը, անուշ վարվելակերպը, մշտահոս զրույցը և սրամտությունը ուղղակի շշմեցրել էին մի քիչ մռայլ, ինքնամփոփ և սակավախոս Սիամանթոյին:

Մի օր երաժիշտ Արմեն Տիգրանյանը, որ օպերայի էր վերածել Հովհ. Թումանյանի «Անուշ» պոեմը, իր տուն հրավիրեց Թումանյանին, Սիամանթոյին և մի խումբ արվեստագետների:

Հրավիրվածների մեջ էր նաև մեր նշանավոր դերասանուհին՝ տիկին Սիրանույշը:

Իբրև կին, և այն էլ տաղանդավոր ու հայտնի կին, Սիրանույշը, բնականաբար, դարձավ ներկաների ուշադրության կենտրոնը: Զրույցը տիկին Սիրանույշի շուրջ էր դառնում, խոսողը ամենից ավելի ինքը՝ Սիրանույշն էր, մինչ մյուսները, նույնիսկ զրույցի վարպետ Հովհ. Թումանյանը, ուշադրությամբ և հարգանքով լսում էին տաղանդավոր դերասանուհուն:

Սակայն դա երկար չտևեց:

Տիկին Սիրանույշը մեկն էր այն անձնավորություններից, որոնք իրենց գործից և իրենց անձից դուրս զրույցի ուրիշ նյութ չունեն: Որքան տաղանդավոր, փայլուն և հմայիչ բեմի վրա, նույնքան դժգույն բեմից դուրս, առօրյա կյանքում: Անմրցելի խաղի մեջ, խեղճ իր խաղից դուրս կյանքի հարցերի և արվեստի մյուս ճյուղերի մեջ: Բեմականությունը այնքան միս ու արյուն էր դարձել իր մեջ, որ առօրյա, սովորական զրույցի մեջ էլ այնպես էր շարժվում և խոսում, ինչպես Է. դը Ռոստանի «Արծվիկը» կամ Շեքսպիրի «Համլետը» խաղալիս, ֆրանսիական բեմի կեղծ դասական դպրոցի ձևերով: Սիրանույշը բեմը փոխադրել էր կյանքի մեջ, փոխանակ կյանքը բեմ հանելու:

Իր խոսքը իր խաղացած դերերի և մանավանդ վարագույրի ետևը իր շուրջը դարձող այն ինտրիգների մասին էր, որոնցով հարուստ է բոլոր թատրոնների ներքին կյանքը:

Շուտով զգացվեց, որ տիկին Սիրանույշի նյութը սպառվել սկսեց: Ամենից շուտ դա զգաց Հովհ. Թումանյանը, որ կամաց-կամաց իր ձեռքն առավ զրույցի թելը: Խոսքի տերն այլևս ինքն էր, մինչ մյուսները ուշադրությամբ լսել սկսեցին:

Եվ դարձյալ, ի հարգանս տիկին Սիրանույշի, Հովհ. Թումանյանն էլ իր խոսքը թատրոնի շուրջ դարձրեց:

Կա՞ր որևէ նյութ, որի մասին Հովհ. Թումանյանը մի հետաքրքրական խոսք չունենար ասելու:

– Տիկին Սիրանույշ, գիտե՞ք, որ քիչ էր մնացել ես էլ դերասան դառնայի, – խոսքը Սիրանույշին ուղղեց Հովհ. Թումանյանը:

– Ի՞նչ կըսէ՜… Ատ շատ հետաքրքրական ըլլալու է: Պատմեցե՛ք, կաղաչեմ, – ասաց Սիրանույշը:

«Սրանից քսան-քսանհինգ տարի առաջ էր, – սկսեց Թումանյանը: – Չեմ հիշում, թե դուք էլ էն ժամանակ Թիֆլիսու՞մն էիք, թե չէ, տիկին Սիրանույշ: Պետրոս Ադամյանը իր հիանալի խաղով գժվացրել էր բոլորիս: Ամեն մարդ ուզում էր դերասան դառնալ: Տեղից վեր կացողը բեղ ու մորուս ածիլում էր և վազում Ադամյանի մոտ, թե՝ «մեզ էլ դերասան արա»:

Խելքներս կորցրել էինք, մանավանդ մենք՝ Ներսիսյան դպրոցի աշակերտներս: Գնում էինք թատրոն, մտիկ տալիս Ադամյանի խաղին և ախ քաշում՝ «ինչ կըլներ, որ Ադամյանը մեզ էլ դերասան շիներ»:

Մի օր երկու-երեք ընկերներով սիրտ արինք և գնացինք Ադամյանի մոտ: Խնդրեցինք, աղաչեցինք, որ մեզ դերասան անի: Էլ չեմ իմանում թե ոնց եղավ, բայց Ադամյանը մեր խնդիրը կատարեց:

– Վաղը փորձի եկեք,- ասաց:

Էլ մեր քեֆին քեֆ կհասնե՞ր: Ոտքներս կտրվեցին գետնից: Տուն գնալիս չէինք քայլում, այլ թռչում:

Մյուս օրը մեր մի-մի բեղը ածիլեցինք ու գնացինք թատրոն:

Ադամյանը պատրաստում էր Կարինյանի «Վարդանանց պատերազմը»: Ինձ և երկու ընկերներիս մեկ-մեկ դեր տվեց: Ավարայրի կռվին մասնակցող անխոս զինվորներ պիտի լինեինք, կռվի մեջ պիտի սպանվեինք, վեր ընկնեինք և անշարժ պառկեինք, մինչև որ գործողությունը վերջանար:

Գնացինք եկանք, փորձերին մասնակցեցինք, դուրսն էլ հպարտ-հպարտ ման եկանք:

Հանա՞ք էր, Ադամյանի հետ խաղացող դերասաններ էինք:

Հասավ ներկայացման օրը:

Բեղ ու մորուս կպցրին մեր երեսներին, սաղավարտներ դրին գլխներիս, մեկ-մեկ հատ փայտե նիզակ տվին ձեռքներս և բեմ հանեցին:

Մենք պարսիկներին զարկեցինք, պարսիկները մեզ զարկեցին, վերջապես սպանվեցինք և ընկանք գետնին:

Ես ընկել էի մի ժայռի վրա: Ժայռ որ ասում եմ, դե, գիտեք էլի, բեմի ժայռ՝ փայտից, տախտակից շինված մի բան:

Աչքերս խփել, պառկել էի: Մեռած եմ, չէ՞:

Մեկ էլ լսեցի Ադամյանի ձայնը: Ադամյանը բեմ մտավ ու Եղիշեի դերի մեջ սկսեց իր մենախոսությունը:

Ականջս սրեցի, աչքերս էլ կամաց-կամաց բացեցի: Ա՜խ, էն ո՛նց էր խոսում Ադամյանը: Բեմն ու սրահը շունչը պահած լսում էին նրան:

Ես մոռացա, թե մեռած եմ: Պառկածս տեղից կամաց-կամաց սողացի դեպի ժայռիս եզրը, որ ավելի լավ տեսնեմ և լսեմ Ադամյանին:

Ադամյանը քանի գնաց ավելի տաքացավ: Ես մի քիչ էլ առաջ սողացի:

Մին էլ չիմացա թե ի՞նչ պատահեց՝ երկի՞նքը փուլ եկավ, թե՞ ժաժք եղավ:

Դու մի ասիլ էնքան եմ մոտեցել ժայռիս եզրին, որ մին էլ էն իմացա, ինչ՝ ես՛ էլ, ժայռս էլ գլորվեցինք Ադամյանի ոտքերի տակ:

Ա՜յ քեզ խայտառակություն: Էլ ի՞նչ անեի: Նիզակս ու սաղավարտս թողի գետնին, ելա ու փախա բեմի ետևը:

Զրահս հանելը, բեղ ու մորուսս պոկելը և դուրս փախչելս մեկ եղավ:
Ետևիցս հասավ Ադամյանի ձայնը՝ «ատ ո՞ր թշվառականն էր, որ խաղս ավրեց, ու՞ր կորավ ատ անպիտանը»:

Վարագույրը իջել էր, և Ադամյանը բեմի ետև էր անցել ու ինձ էր փնտրում: Բայց ու՜ր, ես շունչս մեր տան առջին առա:

Էն էր ու էն՝ էլ ոտք չդրի հայոց բեմը: Հայոց ազգը էսպես զրկվեց ինձ նման երևելի դերասանից՛՛, – վերջացրեց Թումանյանը, ինքն էլ ծիծաղելով:

Տիկին Սիրանույշը ձեռքից գնաց ծիծաղից:

Ծիծաղում էին և մյուսները, մինչ Սիամանթոն, որ զարմացած երեխայի նման լսում էր բերանբաց և անթարթ հայացքը Թումանյանին հառած, շշմել-մնացել էր:

Քիչ հետո հյուրերն սկսեցին ցրվել:

Սիամանթոյի հետ գնացինք Թումանյանին տուն ուղեկցելու:

Ճանապարհին Հովհ. Թումանյանը շարունակեց իր անուշ զրույցը: Վերջապես հասանք իր տան առջև. մեզ բարի գիշեր ասաց ու ներս գնաց:

Թումանյանն արդեն ծածկվել էր իր տան դռան ետևում, մինչ Սիամանթոն անշարժ կանգնել էր մայթի վրա:

Երկու ձեռքերը անգլիական ամառային լայն վերարկուի գրպանները խոթած, դեմքը դեպի դուռը, որի ետև ծածկվեց Թումանյանը, լուռ նայում էր:

– Է՛, չգնա՞նք, – ասացի:

Սիամանթոն, առանց դիրքը փոխելու, հայացքը միշտ փակ դռանն ուղղած, ասես ինքն իրեն ասաց.

– Աս ի՜նչ զարմանալի մարդ է սա՝ մեր Թումանյանը… Ջրվեժի նման կհոսի, կհոսի, կհոսի անդադար, և ծիածան, որ կամար կկապե իր մեջ:

Ապա դարձավ դեպի ինձ, և լուռ քայլեցինք կողք կողքի:

Գիտեի, որ Սիամանթոն եղել էր Ամերիկայում և, անշուշտ, տեսել էր Նիագարայի ջրվեժը, բայց ես չգիտեի, որ ծիածանը առանց անձրևի կամար է կապում Նիագարայի վրա:

1914-ի հունիսն էր: Մի քանի օր հետո Սիամանթոն մեկնեց Եվրոպա, ապա՝ Պոլիս և դեպի մահ:

Երեք-չորս շաբաթ չանցած սկսվեց համաշխարհային պատերազմը:

(շարունակելի)

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Աղբյուր՝ Irates.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում