Մեղավորը թաքցնում է, արդարը` խոստովանում
Նմանատիպ
Երեկոյան նրանք լսեցին Տեր Աստծու՝ դրախտում շրջագայելու ոտնաձայնը, և Ադամն ու իր կինը Տեր Աստծուց թաքնվեցին դրախտի ծառերի մեջ: Տեր Աստված կանչեց Ադամին ու ասաց նրան. «Ո՞Ւր ես» (Ծննդ. 3;8-9)։
Մեղքի համը ճաշակած և աստվածային շնորհներից մերկացած մարդը հայտնվեց մեղքի ստվերի` մահվան ճիրաններում: Այդ իսկ օրվանից սկսեց թաքնվել Աստծո ամենատես աչքից, որպեսզի Նա չտեսնի իր մերկությունը: Սակայն Աստված, շատ սիրելով Իր պատկերով ու նմանությամբ ստեղծած մարդուն, հանապազ կանչում է մեզ` բախելով մեր քարացած սրտի դուռը. «Ադամ, ու՞ր ես»:
Աստված կանչում է մեզ, Նա մեր մեղավոր սրտում Իր արտակարգ և լիազոր դեսպանի` խղճի միջոցով փորձում է մեզ հետ քաշել մեղքի հորձանուտից, մահվան տիրապետությունից դեպի տապանը փրկության:
Ինչպես ասում է աստվածախոս Պողոս առաքյալը. «Նրանց Աստվածը իրենց որովայնն է, փառքը` իրենց ամոթը» (Փիլիպ. 3 ; 19): Ահա մենք ապրում ենք փորապաշտության և փողապաշտության այսպիսի մի շրջան, երբ փորի և փողի թագավորությունը մարդու գլխից խլում է բանականության պսակը, երբ մարդը անտեսում է Աստծո կանչը և բթացած ընկղմվում ցանկասիրության ու ընչաքաղցության գիրկը: Մինչև կոկորդը մեղքի մեջ խրված մարդկությանը Հիսուս երկու կոչ է հղում` ապաշխարել և հավատալ Ավետարանին: Շատերը Ավետարանի պատգամները, եկեղեցու աստվածատես սուրբ հայրերի պահանջները պարզապես կարդում են գրքերում, լսում եկեղեցում, սակայն կյանքում անտեսելով այդ փրկարար կոչը, մեղքերի ու դժբախտությունների մեջ ընկած` երջանկություն են փնտրում առանց Աստծո: Հիսուս ասում է. «Եկե՛ք Ինձ մոտ, բոլո՛ր հոգնածներդ և բեռնավորվածներդ, և Ես ձեզ հանգիստ կտամ» (Մատթ. 11; 28): Կարծում եմ` ժամանակն է հետ դառնալու մեր անհավատությունից` ինչպես մահաբեր թույնից, և ինքնաքննությամբ, ապաշխարությամբ ու խոստովանությամբ մերձենալու մեր Փրկիչ Աստծուն` իր իսկ օրհնությունն ու խաղաղությունը ժառանգելու համար: Քրիստոս Իր գալստյամբ վերափոխեց աշխարhը, մոլորության մեջ տառապող մարդուն նոր կյանքի հույս պարգևեց Իր իսկ կողմից հիմնած Նոր Երուսաղեմի` Եկեղեցու միջոցով, որը այսօր մեր բոլորիս փրկության տապանն է: Գրեթե բոլորս զգացել ենք Նրա պահպանող աջի զորությունը, մանավանդ փորձանքների ժամանակ, երբ փրկել է մեզ մահից կամ փորձանքից և, այսպես կոչված, երկրորդ կյանք պարգևել: Սա ազդակ է մեզ համար` սթափվելու և հայացք դարձնելու դեպի քրիստոսահաստատ և առաքելահիմն Սուրբ Եկեղեցին, որի գլուխը Ինքը` Քրիստոս է:
Աստծո կողմից մեր նախածնողների` դրախտից դեպի փուշ ու տատասկ աճեցնող երկիր արտաքսման պատճառը պատվիրանազանցությունն էր:
Մարդը այլևս դատապարտված էր ճակատի քրտինքով վաստակելու իր հանապազօրյա հացը: Եվ դրախտային կյանքը մնաց մարդու հոգու մի գողտրիկ անկյունում` որպես բարու, գեղեցիկի և կատարյալի մասին հուշ: Ժամանակն է, որպեսզի ևս մեկ անգամ խորհենք մեր նախածնողների գործած հանցանքի շուրջ, որպեսզի կարողանանք հասկանալ կատարվածի և դրա հետևանքի լրջությունը, որպեսզի կարողանանք գնահատել Հիսուս Քրիստոսով մեզ տրված փրկությունը: Հավանաբար շատ մարդիկ մտածում են` եթե հավիտենական կյանքի հնարավորություն ունենան, հաստատ չեն հրաժարվի դրանից: Այդպես ուրեմն. Աստված մեզ տվել է այդ հնարավորությունը` ի դեմ Հիսուս Քրիստոսի: Աստված կանչում է մեզ, Աստված խոսում է մեզ հետ, իսկ Նրա խոսքը Հիսուս Քրիստոս է, դա նշանակում է, որ քանի դեռ Աստված խոսում է մեզ հետ Քրիստոսով, սթափվենք մեղքի թմբիրից, որպեսզի մեղքի ծառա չլինենք, ինչպես Հիսուս ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, թե ամեն ոք, որ մեղք է գործում, մեղքին ծառա է» (Հովհ. 8; 34): Այժմ մենք հնարավորություն ունենք մերկանալու հին Ադամից սուրբ մկրտության միջոցով և հագնելու նոր Ադամին` Հիսուս Քրիստոսին, որպեսզի կարողանանք ցանկանալ և ընտրել բարին, արարել գեղեցիկը և կատարյալ կյանք ունենալ:
Սիրելի՛ ընթերցող, պարտ է, որ մեր առաջիկա կյանքը ապրենք պահքով, աղոթքով ու ողորմությամբ և սրտի թրթիռով սպասումը ունենանք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ գալստյան և արդար դատաստանի:
Մաղթում ենք, որ Աստծո կողմից բոլորիս շնորհած այս ժամանակավոր կյանքը ամենքիս համար լինի ուխտի նորոգության, աղոթքներով ու ողորմությամբ լեցուն հոգեշահ շրջան: Տիրոջ օրհնությունը, խաղաղությունը թող ուղեկից լինի մեզ բոլորիս մեր կյանքի ընթացքում այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն։
Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում