Ժողովրդավարությունը բացում է դռները իր հերոսի առաջ

Ժողովրդավարությունը բացում է դռները իր հերոսի առաջ

…Բանտում օրերը միապաղաղ էին անցնում. առավոտները բանտապահը կալանավորներին ոտի էր հանում և լիցքային վարժություններից ու նախաճաշից հետո տանում էր աշխատանքի, և միայն Քաջ Նազարն էր մնում անկողնում պառկած՝ կտրականապես հրաժարվել էր աշխատելուց, պատճառ բռնելով, որ ինքն իգիթ է և իգիթին վայել չէ աշխատելը… մարդիկ իմանան, ի՞նչ կասեն:

«Իսկ ի՞նչ կասեն,- հետաքրքրվեց բանտապահը»:

«Դե, մի բան կասեն, էլի,- գլուխը քորելով պատասխանեց Քաջ Նազարը,- մարդկանց չգիտե՞ս, մի մունդառ բան կասեն…»:

Նույնիսկ այս անառարկելի թվացող փաստարկն անգամ բանտապահին համոզիչ չթվաց, և սա Քաջ Նազարի իգիթությունը վկայող փաստաթուղթ պահանջեց: Քաջ Նազարը ճարահատյալ լուրը հասցրեց ազատության մեջ ֆռֆռացող Իշխան Սաքոյին, որը դիմեց գյուղի ղեկավարությանը՝ Քաջ Նազարին բնութագիր տալու խնդրանքով, և սրանք անմիջապես թղթի մի կտոր տվեցին, որի վրա մեծ-մեծ տառերով գրված էր․

«Տրվում Է սույնը առ այն, որ Քաջ Նազարը հայտնի պորտաբույծ է և երբեք չի աշխատել: Հայտնում ենք, որ պորտաբույծ են եղել նաև նրա պապերը, ազգականները, բարեկամները…»:

Իշխան Սաքոն վերցնելով այս թուղթը, խնամքով ջնջելով՝ «պորտաբույծը» դարձրեց «իգիթ» և փոխանցեց Քաջ Նազարին, իսկ սա՝ բանտապահին…Եվ այս փաստաթղթի զորությամբ Քաջ Նազարը մնաց անկողնում պառկած…

Եվ մինչ երանելի ժամանակները վերհիշելով, Նազարը խռխռացնում էր բանտախցի չոր մահճակալի վրա, երկրում մեծ փոփոխություններ եղան, հին ղեկավարությունը տապալվեց, նորերը եկան, հողը ցնցվեց աշխարհավեր երկարաշարժից, ազգամիջյան կռիվներ սկսվեցին… Տագնապալի լուրերը թափանցում էին բանտի պատերից ներս՝ խռովելով Քաջ Նազարի երազները.

«Ո՞նց կլինի, թագավոր են գցում, նոր թագավոր են ընտրում, տո, ընտրելս ո՞րն է, ախր, պատրաստի թագավորն այստեղ վեր է ընկած, չլինի թե լրիվ մտահան են արել,- ինքն իր մեջ եփվում էր Նազարն ու փրփրած գնում-գալիս էր բանտախցի լայնք ու երկայնքով:- Կռիվներ են գցում, պատերազմ են անում հարևան երկրների հետ… Տո, մի հարցնող լինի, թե դուք առանց Քաջ Նազարի ի՞նչ կռվող եք… Ես հեչ, իմ դարդը չեմ, ժողովուրդն է մեղք, առանց ինձ ոտի տակ կգնա, կկոտորվի»,- վաշ-վուշ էր անում խորապես դառնացած Նազարը՝ ձեռքերը ծնկներին խփելով…

Ինչպես գիտեք, հրաշքները տեղի են ունենում սովորաբար այսպիսի պահերի. բանտախցի դուռը ճռնչոցով բացվեց, բանտապահը, կանգնելով դռան մեջ, հանդիսավորությամբ ասաց.

«Կալանավոր Քաջիկ Նազարյան, մեր անկախ հանրապետությունը քեզ նման շուն շան որդուն ազատություն է պարգևում…փալաս-փուլուսդ հավաքիր ու ռադ եղիր… մի տես, դրսում ինչքան գող ու ավազակ, սպեկուլյանտ ու անբան է հավաքվել…եկել են քեզ դիմավորելու, վայ թե ուտել-խմելու բաներ Էլ բերած լինեն… Բախտ եմ ասել, է՜, իսկական Քաջ Նազարի բախտ…»:

Բանտապահի մտքով անգամ չէր անցնում, որ անկախության առթիվ հռչակված ամնիստիայով ազատություն ստացած կալանավորը ոչ միայն Քաջ Նազարի բախտ ուներ, այլև, հենց ինքը՝ Քաջ Նազարն էր, որ կար…

Իսկ Քաջիկ Նազարյանը, նույն ինքը՝ Քաջ Նազարը, լսում էր բանտապահին և երանությամբ ու գոհունակությամբ ժպտալով մտածում.

«Այո, իմ ժողովուրդն առանց բենզին, առանց գազ ու վառելիք, առանց հաց կարող է ապրել, բայց առանց Քաջ Նազարի ապրել չի կարող»:

Հովհաննես ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում