Վերսկսվելու են «Տատիկիս վարսերը» ֆիլմի նկարահանումների նախապատրաստման աշխատանքները
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, Panorama.am: «Գերմանական «Քլևեր Փրոդաքշն» և Բուլղարական «ԺելՖիլմ» կինոընկերությունները վերակնքել են «Տատիկիս վարսերը» ֆիլմի Համատեղ Արտադրության Համաձայնագրերն ու վերաստանձնել են 2018թ-ի փետրվարի 23-ին, Բեռլինում կնքած Համատեղ Արտադրության Եռակողմ Պայմանագրի պարտավորությունները, որի ժամկետն ավարտվում էր մի քանի օրից, ինչից կարող էին հրաժարվել՝ ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ֆիլմի արտադրության ընթացքը խափանելու պատճառով»,-հայտնում է կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանը։
Հիշեցնենք, որ Հովհաննես Գալստյանը փետրվարի փետրվարի 3- 23-ը հացադուլ էր հայտարարել, պահանջում էր վերսկսել «Տատիկիս Վարսերը»՝ պատմության մեջ առաջին հայ-բուլղար-գերմանական կինոնախագծի պետական ֆինանսավորումը՝ համաձայն ֆիլմի հանդեպ 13.11.2015թ․ Nօ․329 գրությամբ ազգային կինոկենտրոնի ստանձնած պարտավորությունների, վերադարձնել «Տատիկիս Վարսերը» կինոնախագծից մշակույթի նախարարի հրահանգով 2017թ-ին վերցրած գումարները, սկսել ֆիլմարտադրողների կողմից առաջարկվող՝ կինոյի պետական կառավարման արդյունավետ, թափանցիկ ու առաջընթաց ապահովող մոդելի քննարկումները։
«Ինձ գրած նամակում համաարտադրողները հայտնել են իրենց հաստատակամությունը՝ ցանկացած պայմաններում ֆիլմի արտադրությունը ավարտելու և ՀՀ (բարեբախտաբար վերակազմավորման փուլում գտնվող) պետական կաույցների որոշ պաշտոնյաների կողմից ֆիլմի հանդեպ իրականացված ապօրինությունների նյութական ու բարոյական վնասը վերականգնելու գործում։ Գործընկերները միացել են դրամահավաքին, որի մասնակիցների անունները կհրապարակեմ այս շաբաթվա վերջում։
Հայաստանում ու Բուլղարիայում «Տատիկիս վարսերի» նկարահանումների նախապատրաստման, դերասանների վերընտրության աշխատանքները սկսում ենք մարտի 15-ից։ Զուգահեռաբար, նախարար Արայիկ Հարությունյանի հետ համաձայնեցված օրակարգով ընթանում են բանակցություններ, որոնց մանրամասները կներկայացնեմ հաջորդիվ։
«Տատիկիս վարսերի» հաստատված ֆինանսավորումը արգելափակած «պետական հանձնաժողովի» ապօրինի որոշման դեմ դատական գործընթացը շարունակում ենք անկախ ապատեղեկատվական արշավներից, որոնց նպատակը մեր ընկերության գործարար հեղինակությունն ու բարի համբավը սևացնելն է, ֆիլմի խնդրին քիչ տեղյակ պաշտոնյաներին ու հանրությանը մոլորեցնելը։ Ավելորդ չի հիշեցնել, որ մեր հասցեին հնչեցրած մեղադրանքներից գոնե մեկը մինչ օրս ապացուցված չէ, իսկ դրանք տարածողների դեմ հարուցվելիք դատերը՝ առաջիկա ամենաանհետաձգելի գործերի ցանկում են։
Մենք հետևողականորեն պաշտպանելու ենք ֆիլմը, ապահովվելու ենք գործընթացի առավելագույն լուսաբանումն ու թափանցիկությունը, սաստելու ենք ատելության, ստի ու զրպարտանքի անգամ ամենաչնչին դրսևորումները։ Շնորհակալ եմ մեդիայի գործընկերներին մեր կողքին լինելու, անաչառ տեղեկատվության համար։
Վստահ եմ, ծանր ձմռանը հաջորդելու է գարնան ծաղկունքն ու արդարության անվերապահ հաղթանակը»,- ֆեյսբուքյան էջում գրել է ֆիլմի ռեժիսոր Հովհաննես Գալստյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում