«Հո մարդիկ սովամահ չե՞ն լինի». Ռեկտորը հիմնավորել է ուսման վարձի թանկացումը

Երեւանի Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը Aravot.am-ի հետ զրույցում հայտնել է, որ իրենց բուհում ուսման վարձերը բարձրացնելն ուղղակի անհրաժեշտություն է: Այս մասին գրում է «Առավոտ» թերթը եւ հավելում. «Նա փաստում է, որ կոնսերվատորիայի բյուջեի առյուծի բաժինը՝ 85 տոկոսը, գնում է միայն աշխատավարձերի վրա, մինչդեռ կոնսերվատորիան պահպանման եւ զարգացման խնդիրներ ունի: Ռեկտորն ասում է, որ կոնսերվատորիայում պետպատվերով սովորող ուսանողի համար պետությունը 30-35 տոկոսով ավելի շատ գումար է վճարում, քան վճարովի համակարգում սովորողի վարձավճարն է: «Վճարովի համակարգում սովորող ուսանողների վճարածը իրենց ուսման համար ծախսված գումարի 50 տոկոսն էլ չի կազմում, իսկ այն աշխատավարձը, որ ստանում են մեր դասախոսները, ուսանողի վճարած գումարի հազիվ կեսն է կազմում, եթե հարկերն էլ հանենք, տակը բան չի մնում…
Մենք համարյա ինչքան ուսանող, այնդքան էլ աշխատող ունենք, եթե չվճարենք, այդ մարդիկ հո սովամահ չե՞ն լինելու: Այսօր Երեւանի պետկոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմը ստանում է աշխարհում ամենացածր աշխատավարձը»,-նշում է մեր զրուցակիցը։

Նա տեղեկացրեց, որ նոր ուսումնական տարվանից 800000 դրամ պետք է վճարեն դասական վոկալի համար, իսկ գործիքային կատարողները՝ 700000 դրամ: Բարձրացումները վերաբերելու են միայն առաջին կուրս ընդունվածներին: Ռեկտորը չմոռացավ նշել, որ քիչ չեն այն ուսանողները, որոնք, իր բառերով, միլիարդավոր թղթեր են բերում, ուսման վարձերը զեղչելու համար»,- գրում է «Առավոտը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Հետևեք մեզ նաև Telegram-ում