Թադևոս Տոնոյան․ Երկրից հետո
11/03/2019 18:06
Նմանատիպ
Երանի նրան, ով երկրում ունի ճանապարհողն իր,
Առավել նրան, ով դիմավորող ունի երկնքում,
Մենք ուզում ենք մեր մարմինը փառքով տալ ի պահ հողին
Ու դրա համար նախ նայում ենք վեր ու խաչակնքում։
Բայց մի՞թե ձյունն այս փերթ-փերթ տեղացող Իր մարմինը չէ,
Որ պաղել է վեր նայող աչքերից գլխատ Մկրտչի.
Գուցե վերստին Նա ներել է մեզ ու երկիր իջել
Ու պիտի արդեն նաև դատի մեզ ըստ սուր ու գրչի։
Պաղել է հողը, պաղել են երկինք, մարմին ու անուն,
Երկինք են նայում ծերատ աչքերը դեռ ապրողների,
Որ Նա, ով ձյունող իր հոգեմարմնով մեզ է պատանում,
Թեև նեղացած, սակայն մի վերջին անգամ մեզ ների։
Չէ՞ որ թիրախ են հոգիները դեռ Տիրոջ երամի,
Ու տխրել է մեր բաժին երկիրն ու անհույս պառավել,-
Ով երկրում ունի ճանապահողն իր, նրան երանի,
Ով դիմավորող ունի երկնքում, նրան՝ առավել։