Ռազմիկ Դավոյան․ Ազատության Տենչ
11/03/2019 18:18
Նմանատիպ
Օ՜, ազատության դարավոր տենչանք,
եւ միտք հալածող, եւ սիրտ արյունող,
նվիրյալներիդ դարձել ես տանջանք
եւ զինվորներիդ դարձրել ես հող:
Դու ինքդ ծնունդ անմեռանելի,
բայց զավակներդ հավերժ բանտերում.-
քեզ խաղացնում են, ո՜վ երանելի,
քո զավակների դահիճի դերում:
Բարերարներ են հայտնվում նրանց՝
ազատությանդ բաղձացողներին,
բայց հետո նրանց գտնում են մեռած
բարերարության սուր-սուր ձողերին:
Եվ այդպես նրանք դառնում են դրոշ՝
արյունի, ոգու, ըմբոստացումի.-
նրանց ետեւից գնում են գրոհ
առանց ցավի եւ առանց հարցումի:
Սակայն վա՜յ նրան եւ հազար նզովք,
ում սրտի մեջ քո հուրը չի եռում,
ով չի երազում ազատ հայրենիք
եւ աղոթում է իր ճորտ լինելուն: