Երեկ Ազգային Ժողովում բյուջեի կատարողականի քննարկումներից հետո Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը պատասխանել է «Ժամանակի» թղթակցի հարցերին:
-Պարոն Նալբանդյան, Վանաձորից ահազանգող հրապարակումներ են լինում, թե ամեն օր մի քանի ավտոբուսներ և «ԳԱԶԵԼ»-ներ են ուղևորվում արտերկիր՝ մասնավորապես Ռուսաստան: Եվ որ Լոռու մարզում ընդհանրապես, իսկ Վանաձորում մասնավորապես արտագաղթի տեմպը բարձր է: Դուք ուսումնասիրե՞լ եք խնդիրը կամ փորձե՞լ եք տեղեկանալ, թե մեկնողների որ մասն է մտադիր չվերադառնալ:
-Անկեղծ ասած՝ ես մոնիտորինգ, ուսումնասիրություն չունեմ արած, որ կարողանամ թվային տեսքով ձեզ պատասխան տալ:
-Ձեզ այդ երևույթը չի՞ անհանգստացրել, որ չեք էլ փորձել հասկանալ, թե ինչ չափերի է հասնում արտագաղթը: Բայց չէ՞ որ այն արդեն անհանգստացնող չափերի է հասնում:
-Իհարկե, անհանգստացնում է, բայց մենք մոնիտորինգ չենք արել, թե օրվա ընթացքում քանի հոգի է դուրս գալիս: Այս խնդիրը ոչ միայն ձեզ, այլ մեզ էլ է հուզում: Եվ Լոռու մարզում քանի որ ընդունված է եղել ոչ միայն արտագաղթը, այլև արտագնա աշխատանքը, այս պահի դրությամբ մարդիկ հավանաբար արտագնա աշխատանքի են գնում: Հոսքը մայիսի 1-ից արդեն դադարել է:
-Իսկ փորձե՞լ եք թեկուզ մոտավոր հասկանալ, թե գյուղերում կամ քաղաքի բազմաբնակարանային շենքերում որքա՞ն դռներ են կողպված, որոնց սեփականատերերն արտագաղթել են:
-Եթե խոսքը գնում է արտագաղթի մասին, ապա միջին հանրապետականով տոկոսը մեր մարզում մի փոքր բարձր է:
– Եվ դա Ձեզ այնքան չի ՞անհանգստացրել, որ փորձեք մոտավոր պարզել, թե արտագաղթի ինչ տեմպեր են Լոռու մարզում:
– Իհարկե անհանգստացրել է: Եթե կոնկրետ համայնքներով եք հարցնում, դուք մեզ դիմեք, ես ձեզ կտեղեկացնեմ: