Ընտրապայքարի են ելել գործազուրկները

Հունիսի 23-ին Արարատի մարզի Սուրենավան գյուղում գյուղապետ են ընտրելու: Այս գյուղում գյուղապետի աթոռը թափուր է այս տարվա մարտի 19-ից, երբ ավտովթարից զոհվեց գյուղապետ 51-ամյա Վարդգես Ղազարյանը: Թեկնածությունների առաջադրումը ավարտվում է հունիսի 2-ին: Այսօրվա դրությամբ, ըստ ԿԸՀ տարածած տվյալների, առաջադրվել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ոչ մի տեղ չաշխատող Վազգեն Ղազարյանն ու ոչ մի տեղ չաշխատող հանրապետական Կարո Կարապետյանը: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը:

Վազգեն Ղազարյանը զոհված գյուղապետ Վարդգես Ղազարյանի եղբայրն է: Իսկ Կարո Կարապետյանը արդեն եղել է Սուրենավանի գյուղապետ՝ զոհված Վարդգես Ղազարյանից առաջ: Ուշագրավ է, որ Կարո Կարապետյանը առաջին անգամ որպես ՀՅԴ-ական է ընտրվել գյուղապետ և մեղմ ասած անհաշտ հարաբերություններ ունեցել մարզպետի հետ, սակայն հիմա նա ՀՀԿ-ի թեկնածուն է համարվում և մարզից պատգամավոր ընտրված Արայիկ Գրիգորյանն էլ նրա օգտին է պրոպագանդում:

Վերջին ընտրությունները դաս եղան Կարապետյանի համար, քանի որ իշխանությունները պետական միջոցների յուրացման հոդվածով ընտրություններից առաջ գործ հարուցեցին նրա դեմ, տարան մի քանի ամիս փակեցին, որպեսզի նա չկարողանա թեկնածություն դնի, ապա ազատեցին ապացույցների անբավարարության հիմքով: Իսկ այս ամենն արվեց, քանի որՀՀԿ-ն նախորդ ընտրություններին պաշտպանում էր նախկին գյուղապետերից Վաչագան Աղազարյանին, որի հիմնական մրցակիցը հենց Կարո Կարապետյանն էր, բայց Աղազարյանւ պատվեց հանգուցյալ Վարդգես Ղազարյանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում