Կյանքի համար ջուրը, ցամաք հացն ու օդը բավարար են, քառակի հարկե՞նք մնացած ամեն ինչ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, Facebook: Տարօրինակ տենդենց եմ նկատում կառավարության անդամների մոտ. Առողջապահության նախարարն առաջարկում է հարկել ապրանքները, որոնք անհրաժեշտ չեն կյանքի համար…
Ֆինանսների նախարար, էկոնոմիկայի նախարար չկա՞ մեր երկրում, լավ, վարչապետ էլ չկա՞… Եթե այսուհետ ֆինանսատնտեսական, սոցիալական և այլ բոլոր ոլորտների համար առողջապահության նախարարն է պատասխանատու, ապա առաջարկում եմ, որ մտածի առողջության համար անհրաժեշտ ապրանքները բնակչության համար հասանելի դարձնելու մասին: Եթե այդքան մտահոգ է հասարակության առողջության մասին, ապա պետք է իմանա, որ Հայաստանում միջին աշխատավարձ ստացող ընտանիքը չի կարող առողջության համար անհրաժեշտ վիտամիններով հագեցած սնունդ՝ միրգ, բանջարեղեն, միս և այլն, գնել, քանի որ գների և ստացած եկամուտների միջև տարբերությունն ահռելի է:
Եթե հարցը բյուջեն լցնելն է, ապա առնվազն տարօրինակ է, որ այդ հարցով զբաղված է առողջապահության նախարարը, եթե այլ մոտիվացիաներ կան, ապա հասկանալի է:
Ինչ վերաբերում է կյանքի համար ոչ անհրաժեշտ ապրանքները հարկելուն, ապա ջուրը, ցամաք հացն ու օդը կյանքի համար լիովին բավարար են, եկեք կրկնակի, քառակի հարկենք մնացած ամեն ինչը, միևնույն է, կյանքի համար անհրաժեշտ չեն: Գուցե բոլոր նախարարությունները փակե՞նք, թողնենք միայն առողջապահության նախարարությունը, որն էլ կսովորեցնի մարդկանց գոյատևել՝ օգտագործելով բացառապես կյանքի համար անհրաժեշտ ապրանքներ:
Հ.Գ. Ադամ Սմիթն էլ 1776 թվականին է ասել այն, ինչ ասել է, տնտեսագիտությունը դրանից հետո բավականին լուրջ զարգացում է ապրել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում