Մի՞թե հիվանդ ծնողին կարելի է թողնել անկողնու մեջ, փակել դռներն ու հեռանալ
Նմանատիպ
Այսօր բոլորս խոսում ենք մեր երեխաների պաշտպանության, նրանց լուսավոր ապագայի, գալիք օրվա մասին: Սակայն մի պահ մոռանում ենք, որ այդ երեխաները առանց Հայաստանի, առանց հայրենի հողի, դառնում են անողնաշար, ու ավելի խոցելի:
Հաճախ հնչում են մտքեր. «գնամ երեխայիս ապագան շտկեմ», «Հայաստանում ապագա չկա» և այլն:
Իսկ ո՞վ է թույլ տվել ծնողին, ընտրել երեխայի համար հացուփորի ապագան:Մի՞թե միայն կուշտ փորի և մի քանի «քռչ ու փալասի» մեջ է երեխայի մարդ լինելը: Իսկ ո՞վ պիտի լինի հայ, հայ զինվոր, հայ մայր կամ էլ ուղակի հայ մարդ: Օտարության մեջ հայ մարդուն չի սնում հայ հողը, հայ օդը շունչ չի տալիս, հայ ջուրը չի կոտրում նրա ծարավը: Էլ ի՞նչ ապրել:
Մոռանում ենք, որ երեխան ծնվում է արարելու հայրենիքի համար, հայրենիքն ոտքի կանգնացնելու և ապրելու հայրենիքի հոգսերով: Երեխաների ապագան հայրենիքում է, այլ ոչ թե նրա սահմաններից դուրս:
Չեմ ուզում վիրավորել ոչ ոքի, սակայն խաղաղության մեջ ապրող հայը, երբ արտագաղթում է, նման է այն բանին, որ եթե նրա մայրը հիվանդ է, նա փախչում է ծնողից, որպեսզի տերություն չանի, կամ ինչպես մեծերն են ասում’ մի բաժակ ջուր չտա: Մի՞թե հիվանդ ծնողին կարելի է թողնել անկողնու մեջ, փակել դռներն ու հեռանալ այլ’ անհայտ, բայց առողջ, օտար ծնողի մոտ: Փոխարենը, սեփական օրինակով պիտի երեխային սովորեցնես խնամել ծնողին, որպեսզի երեխան մարդ դառնա: Որպեսզի հետո դու նույն կարգավիճակում չհայտնվես:
Ինչքան օրինակներ կարելի է բերել, որ անտեր են մնացել ծնողները և հաճախ նրանց որդիները այլ երկրից, ինչ- ինչ պատճառներով անագամ չեն կարոացել հոգեհանգստի արարողությանը ներկա գտնվել: Էլ ու՞մ են պետք այդպիսի զավակները: Բայց միևնույնն է ծնողները դռները բաց միշտ սպասում են իրենց «ղարիբ» որդուն: Հայրենիքն էլ լինելով մեծահոգի ծնող’ կրկին իր դռներն է բացում անառակ որդուն ընդունելու համար:
Բայց եկեք մեր երեխայի պաագան չդարձնենք մատի փաթաթան և ամեն մի փոքր պատճառից դուրս փախչենք մեր հայրենիքից: Թողեք, որ ձեր երեխան հայրենիք շենացնողների շարքերում լինի, թեկուզ իր ներկայությամբ:
Արուսյակ Սիմոնյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում