Պետք չէ տրվել աշխարհին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, Iratesa.am: Դուք ինչպե՞ս կարող եք հավատալ, քանի որ իրարի՛ց եք փառք առնում և չեք որոնում ա՛յն փառքը, որ միակ Աստծուց է գալիս (Հովհ. 5;44)։
Աշխարհակուլ մա՛րդ արարած, դու ցանկանում ես նվաճել աշխարհ-բեմահարթակը և կորզել քեզ նմանի համակրանքն ու ծափահարությունները, որոնց աղմուկով փորձում ես լռեցնել քո մահամերձ խղճի վերջին շշունջը:
Անշուշտ ճիշտ է հանճարեղ Շեքսպիրը, երբ նկատում է. «Ամբողջ աշխարհը բեմ է, մարդիկ` դերասաններ»: Հենց այդ պատճառով առաքյալը փաստում է. «Սուրբ և անարատ բարեպաշտությունը Աստծու և Հոր առաջ այս է. այցելել որբերին և այրիներին իրենց նեղության մեջ, անարատ պահել իր անձը աշխարհից» (Հակ. 1;27): Երբ Հիսուսի եղբայրները, կարծելով, թե նա սոսկ մի հրաշագործ է, խորհուրդ են տալիս Նրան. «Հայտնի՛ր քեզ աշխարհին»,- ստանում են պատասխան. «Իմ ժամանակը դեռ չի հասել, բայց ձեր ժամանակը միշտ պատրաստ է: Աշխարհը չի կարող ձեզ ատել, բայց ինձ ատում է, որովհետև ես վկայում եմ աշխարհի մասին, թե մարդկանց գործերը չար են»:
Ահա աշխարհակուլ մարդկանց և ճշմարիտ քրիստոնյայի տիպարները. նախ սա նշանակում է, որ վերջինները բոլոր ժամանակներում որակական մեծամասնություն են կազմել, և երկրորդ. քրիստոնյան ունի աշխարհին հայտնվելու իր ժամանակն ու հստակ նպատակը: Բարեկամությունն աշխարհի հետ թշնամություն է: Մարդիկ ներդնում են իրենց ջանքերն ու կարողությունները, որպեսզի այս աշխարհում հասնեն ինչ-որ բանի, Աստծո տված շնորհը տալիս են աշխարհին, կարծում են, թե փառք են ձեռք բերում, սակայն իրենց չնչին գոյության ողջ ընթացքում աշխարհն են փառաբանում ու սին աշխարհի հետ դեպի կորուստ են գլորվում: Պետք չէ տրվել աշխարհին: Սուրբ Գիրքը վկայում է, որ մարդը Աստծո փառքի արտահայտությունն է, իսկ Աստված ասում է. «Իմ փառքը ուրիշին չեմ տա» (Ես. 42; 8):
Արդյոք սա չի՞ նշանակում, որ մարդը, տրվելով աշխարհին, դադարում է Աստծո փառքը լինելուց, և թողնելով իրական փառքը այս ժամանակավոր կյանքում, զրկվում է նաև հավիտենական փառքից: Մարդկանց ծափահարություններ, մեդալներ, պատվոգրեր, գովասանագրեր, արձանիկի տեսքով մրցանակներ, գավաթներ: Քանի քանիսն են, դրանց ձգտելով, ոտնակոխ անում այլոց և սեփական պատիվը: Շատերն էլ, ինչու ոչ, արժանանում են արդարացիորեն` որպես սեփական տաղանդի և աշխատասիրության արդյունք: Սակայն ի՞նչ արժեք ունեն աշխարհը շահելու մարդու խղճուկ ջանքերը, եթե մարդը արդյունքում իրեն է կորցնում, որովհետև ընդհատվում է Աստծո մեջ ինքն իրեն գտնելու մարդու ընթացքը: Իհարկե, շատերը կհերքեն, կչքմեղանան, թե դա այդպես չէ, բայց մի բան հաստատ է. նրանց ականջներում հնչում է չարի խոսքը. «Աշխարհը քեզ կտամ, եթե ինձ երկրպագես»:
Սուրբ Գիրքը վկայում է, որ Աստված, իր ժողովրդին մյուսներից առանձնացնելով, ցանկանում էր ինքը թագավորել նրանց, սակայն նրանք ցանկանում են մարդկային իշխանություն և լուծ իրենց վրա: Աստծո Սրբությունը հանդիմանություն է մեղավոր մարդու համար: Այսօր չկան հսկաներ ու հերոսներ, փոխարենը երկիր են իջել… աստղերը:
«Վայ նրան, ով կգայթակղեցնի փոքրերին»,- ազդարարում է Տերը: Գայթակղեցնել նշանակում է սայթաքեցնել և ցած գլորել հոգևոր կյանքում` առ Աստված տանող ճանապարհից, և թողնել աշխարհում կամ կես ճանապարհին: Որքան շատ են այսօր գայթակղված փոքրիկները, ովքեր տարված են հայտնի ու հաջողակ դառնալու մոլուցքով: Աշխարհով մխիթարվողները մի բանով հաստատ հայտնի են. նրանք ակնհայտորեն չեն հավատում հանդերձյալ կյանքին: Աստծո տված շնորհով Նրա՛ն փառավորենք. ինչպես Դավիթը` իր սաղմոսներով և Նարեկացին` իր Մատյանով: Մեր կյանքում կլինեն պահեր, երբ շատ արդարացիորեն մարդիկ մեր հասցեին կբարբառեն. «Օվսաննա»: Մենք շատ անգամ ցած կդնենք մեր խաչը և կփորձենք վայելել մեր «փառքի ժամը»: Սակայն պետք չէ տրվել րոպեական թմբիրին, որպեսզի զգոն լինենք` լսելու համար նույն այդ մարդկանց շուրթերից նորից մեզ հասցեագրված. «Խաչ հանիր զդա»: Լսել որպես ազդարարություն` սթափվելու և նորից, մեր խաչը ուսած, մեր ուղին շարունակելու դեպի Գողգոթա` փառքի իրական գագաթը նվաճելու:
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ (Երեցկին, Գորիս)
Հետևեք մեզ նաև Telegram-ում